Երկընտրանքային իրավիճակ` լավատեսական ակնկալիքով


Ֆուտբոլային դիվանագիտություն կոչվածով սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կաթիլ-կաթիլ հավաքվելով, Ապրիլի 24-ի նախօրեին, շատերի համար անսպասելի, դարձավ «Ճանապարհային քարտեզ»: Հայաստանաբնակ ներկա սերնդին Ապրիլի 24 չի պատուհասել, բայց մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ընդամենը 21 տարի առաջ անցել են Սումգայիթի ու Բաքվի, Գանձակ-Կիրովաբադի, Շահումյանի շրջանի դժոխքի միջով: Նույնիսկ հիմա, երբ հինգ-վեց օր է անցել նահատակած հիշատակի խնկարկումից, և թվում է` կարելի է սառը գլխով վերլուծել այդ օրվան նախորդած իրադարձությունները, այնուամենայնիվ, դարձյալ դժվար է ասել` այսքան հուզաշատ Ապրիլի 24 ունեցե՞լ ենք երբևէ… Հայաստանի արտգործնախարարության մեկնաբանությամբ` «Ճանապարհային քարտեզը» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջոցառումների մասին փաստաթուղթ է: Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է այդ փաստաթղթի ստորագրումը, ընդգծելով, որ դրանում խոսվում է առանց նախապայմանների` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Բայց իրո՞ք առանց նախապայմանների… Ֆուտբոլային դիվանագիտության առաջին քայլերն անելիս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ հարաբերությունների կարգավորումը շատ դժվար է լինելու, ասաց` և° Թուրքիայում, և° Հայաստանում հասարակության մեջ կան շերտեր, որոնք հեշտութ յամբ չեն հաշտվի անցյալի հետ: Ապրիլի 23-ի երեկոյան ջահերով երթի դուրս եկած ուսանողները Երևան այցելած թուրք լրագրողներին մերժեցին հարցազրույց տալ: Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույցի ելած սփյուռքահայերը պնդում էին, թե թուրքերի հետ չի կարելի հաշտվել, մինչև նրանք չընդունեն Ցեղասպանության փաստը… Նույնիսկ այսօր, երբ «Ճանապարհային քարտեզի» տակ Թուրքիայի ստորագրությունն առկա է, Անկարայի անկեղծությանը հավատալը դժվար է: Գյուլը դժգոհեց ԱՄՆ-ի նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձից, ասելով, թե այնտեղ չի նշվել, որ 1915-ին զոհվել են նաև թուրքեր: Թուրքիայի նախագահի այս ցինիզմը վկայում է, որ պաշտոնական Անկարան ոչ միայն հաստատուն է Ցեղասպանությունը մերժելու իր դիրքորոշման մեջ, այլև Հայաստանից ակնկալում է հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջատիրությունից: Նախատեսվում է վարչապետ Էրդողանի այցը Մոսկվա, որն ըստ որոշ աղբյուրների` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում է: Տրամաբանա կան է, որ Ռուսաստանը որպես մեր տարածաշրջանում շահեր և մեծ ազդեցություն ունեցող երկիր, չի կարող անմասն մնալ այստեղ զարգացող գործընթացներից: Սակայն, արդյո՞ք Էրդողանը նպատակ չի հետապնդում հավաստիացում ստանալու Ռուսաստանից` որ հետագայում ևս կպահպանվի 1921 թ. Կարսի` ռուս-թուրքական պայմանագիրը: Թեկուզ միջնորդավորված, բայց այնուամենայնիվ, սա հայ-թուրքական սահմանը բացելու նախապայման չէ՞ արդյոք: Առավելապաշտ չլինենք, բայց Արևմտյան և Արևելյան Հայաստանների վերամիավորման տեսլականով սերունդներ են դաստիարակվել մեզանում: Եվ 1921-ի Կարսի պայմանագրի վերահաստատումը մեզ համար հայրենիքը երկրորդ անգամ կորցնելու նշանակություն կունենա: Որոշ քաղուժեր տուրևառում են, որ ՀՀ Նախագահի հավաստիացումները, թե «Ճանապարհային քարտեզը» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված մեր ջանքերի դրական արդյունքն է` վստահություն չի ներշնչում, քանի որ չի հրապարակվում փաստաթղթի մանրամասները: Սակայն հայ-թուրքական բարդ հարաբերությունների պարագայում միջպետական փաստաթղթի մանրամասների հրապարակումը դիվանագիտական առումով ընդունելի լինել չի կարող: Այս երկընտրանքային իրավիճակում քաջալերողն այն է, որ Ս. Սարգսյանն ասաց, թե աշնանն ինքը Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան հանդիպման առիթով Թուրքիա կայցելի, եթե հայ-թուրքական սահմանն արդեն բացված կամ դրա նախաշեմին կլինի: Ըստ էության, սահմանի բացման հստակ ժամկետ է սահմանված: Միաժամանակ, Ս. Սարգսյանը հույս է հայտնել, թե հեռու չէ այն օրը, երբ հնարավոր կլինի հրապարակել «Ճանապարհային քարտեզն» ամբողջությամբ: Ավելին, նա վստահ է, որ մեր հասարակությունը հավանություն կտա փաստաթղթին և իրականացված գործին:

Ա. ԴՈԽՈԼՅԱՆ