Վրաստան. հանրահավաքային ետնաբեմ Վճարի°ր կամ` կկորցնես


Անցյալ հինգշաբթի Վրաստանի հարկային տեսչությունը մոտ 1 միլիոն դոլարի տուգանքի պահանջ է ներկայացրել խորհրդարանի էքս-խոսնակ, ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեին: «Ռուսթավի-2» հեռուստաընկերության պնդմամբ` հարկայինները նրան վնասապահանջ են ներկայացրել 2008-ի մայիսին ընդամենը 1 լարիով ձեռքբերած ամառանոցի համար: Մինչդեռ Ծղնեթիի հողի և մի քանի շինությունների շուկայական արժեքն ավելի քան 12 միլիոն լարի է: Այս ամառանոցի պատմությունը լավ ծանոթ է վրացիներին: Սահակաշվիլիի կառավարությունն, իսկապես, 1 լարիի դիմաց նրան է տրամադրել պատմական արժեք ունեցող ամառանոցը, որը նախկինում խորհրդային կուսակցապետերի նստավայրն է եղել: Դե, բնականաբար, ձրի պանրով միշտ էլ թակարդ է լարվում, մանավանդ` երբ այն համտեսողը հակառակորդ բանակում է հայտնվում: Փոքր-ինչ զարմանալին այն է միայն, որ խորամիտ քաղաքագետ համարվող Բուրջանաձեն ժամանակին չի հրաժարվել կամ չի ձերբազատվել այդ նվերից: Օրենսդրության պահանջով` եթե Բուրջանաձեն չվճարի պահանջվող գումարը, ամառանոցը ենթակա է առգրավման և աճուրդային վաճառքի: