Իր բաժին աշխարհը ուսած…


…Դաշտային Ղարաբաղ, Շահումյանի շրջան, Վերին Շեն, Կարաչայ գետ, որը գյուղը բաժանում էր երկու մասի, Մռով սար, անձեռակերտ մի բնաշխարհ, ուր անցել է Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցի հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Գրետա Հակոբյանի մանկությունը: …Ու՞ր մնացին այդ չքնաղ երկրի անկրկնելի երկինքը, սարերը, ձորերը, անուշահամ ջրերը, զմրուխտ հավքերի դայլայլին միախառնված Մարուսյա մայրիկի քաղցր ձայնը. «Տո°ն ե¯կ, ա° խոխա…»: Ինքը, չանսալով մոր ձայնին պիտի ձգեր իր խաղը` չհագենալով մայր մտնող արևի չքնաղ տեսարանից, ծաղիկների անուշ բուրմունքից. մանուկ հոգին երևի կանխազգում էր, որ հարազատ ծննդավայրը միֆ, երազ, մի նոր «ցնորք-Նաիրի» է դառնալու, ու ինքն ամեն օր կարոտի մորմոքով է հիշելու այդ ամենը, որի կորստյան վշտից էլ Երևանում հոգին ավանդեց տիկին Մարուսյան: Գրետա Հակոբյանն այսօր այդ կարոտը փարատում է իր ձեռքերով` ասես շունչ ու ոգի առած ծաղկային կոմպոզիցիաների մեջ, հայոց լեզվի ու գրականության իր վարած յուրօրինակ դասերի ընթացքում իր սիրասուն թոռնիկների ժպիտներում, իր զավակների հաջողություններում: 1971- ին ավարտելով Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը` Գրետա Հակոբյանն իրեն անմնացորդ նվիրեց սերունդներին հայ խոսքով, հայ գիր ու գրականությամբ, հայեցի կրթելու ու դաստիարակելու ազգանվեր գործին: Մեթոդմիավորման նախագահ, տարրական օղակի ուսմասվար, առաջին ուսմասվար, հոսքային վարժարանի տնօրեն, հետազոտող ուսուցիչ Գրետա Հակոբյանը մասնակցել է նաև բուհական ընդունելության քննությունների հանձնաժողովի աշխատանքներին, իր վրա դրված պարտականությունները կատարել է սիրով, պատասխանատվության մեծ զգացումով, ինքնայրումով, որի արդյունքը եղել են ու կան շնորհակալական այն բազում խոսքերը, որոնք սիրված ուսուցչուհին ստանում է իր նախկին սաներից, տարբեր բուհերից: Լավ ընտանիք (երկու որդի և մեկ դուստր), հրաշալի ամուսին, սիրած աշխատանք, ծաղկային կոմպոզիցիաներ, պոեզիա, երաժշտություն, թատրոն. թվում է` ամբողջական և գրեթե կատարյալ է Գրետա Հակոբյանին շրջապատող աշխարհը, և ամեն նախադրյալ կա երջանիկ զգալու համար… Սակայն… «Ոչինչ կատարյալ չի կարող լինել այս մոլորակում, քանի դեռ կան արհավիրքներ, պատերազմներ, կորցրած եզերքներ, օտար ափերում դեգերող հայրենակիցներ ու հարազատներ, անկում ապրող ուսումնական համակարգ, գիր ու գրականությունից հեռացող սերունդ, որին ես շա¯տ եմ սիրում ու ափսոսում»,- ասում է տիկին Հակոբյանը և հիշում բոլորի կողմից սիրված հոր` մանկավարժ Բագրատ Հակոբյանի իմաստուն խոսքերը, Թումանյանի պատգամի հնչողություն ունեցող տողերը` «Գո°րծն է անմահ, լավ° իմացեք…», Սևակի բարձր հումանիզմով շաղախված փիլիսոփայությունը` «Աշխարհին… մանկան մաքրություն է պետք»: Գրետա Հակոբյանի կյանքն ու կենսագրությունը, ապրած ու ապրվող բոլոր օրերը, պահերը ստեղծագործ մտքի թռիչք են, և այդ վերսլացքի մեջ է նրա փոքրիկ ու անչափ մեծ ներաշխարհը, ուր ամենից շատ կարոտն է իշխում… Կարոտը` օտարության մեջ գտնվող որդիների ու թոռների, կարոտը` կորցրած ծննդավայրի, կարոտը` Ավետյաց երկրի, որից էլ ծնվում են օրագրի էջերում մորմոքող տողերը. «Դիմացի°ր, սիր°տ իմ, Կլինի վերադարձ, Հուշերը` թախծոտ ու կարոտաբաղձ Կկորչեն անդարդ»: …Ապրիլի 24-ին լրացավ ուսուցչուհու 60-ամյակը, ապրիլի 24-ին մի մտավորական իր ծնունդով ամեն տարի վերահաստատում է սևակյան հավատամքը` «Կա°նք, պիտի լինե°նք ու դեռ շատանանք»: Լավագույն մաղթանքներով` Կարինե ԱՎԱԳՅԱՆ Իր տարիքի բոլոր աղջիկների նման Նարինեն ևս ունի գեղեցիկ անուրջներ, սիրո թրթիռներ ու հույզեր, սակայն դրանք չի մատնում մոռացության փոշուն, այլ վերածում է գողտրիկ բանաստեղծությունների: Դրանք, իհարկե, պոեզիայի հզոր աշխարհում նրա առաջին երկյուղած «թոթովանքներն» են, որոնք, գուցեև, հետագայում դառնան հաստատուն և յուրօրինակ քայլեր: Մաղթենք Նարինեին և իր հոգու, սրտի կանչերին կանաչ ճանապարհ:

Կարինե ԱՎԱԳՅԱՆ