ԻՆՉ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ


Թուրքական աղբյուրները տեղեկացնում են, որ հնգօրյա գաղտնի այցով Անկարա է ժամանել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Լեոն Պանետան: Նա հանդիպումներ է ունեցել իր թուրք պաշտոնակցի հետ: Նույն աղբյուրների վկայությամբ, պաշտոնակիցները քննարկել են Լիբիային և Սիրիային վերաբերող հարցեր, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի` հնարավոր պաշտոնանկության դեպքում, անվտանգության հարցերը: Այցի գլխավոր ինտրիգն, անշուշտ, կապակցվում է Քրդական Բանվորական կուսակցությանը: Հավանաբար, ԱՄՆ-ում վախենում են, որ Արևելքում տեղի ունեցող հեղափոխությունների ալիքով խանդավառված, քրդերը կարող են Թուրքիայում հեղափոխական իրավիճակ ստեղծել, ինչը չի մտնում Օբամայի վարչակարգի ծրագրերի մեջ: Վերջին շրջանում քրդաբնակ գյուղերում ինչ-որ շարժումներ են նկատվում, որոնք էլ ահաբեկել են ինչպես թուրքերին, այնպես էլ ամերիկացիներին, ովքեր տակավին կամենում են Թուրքիան հեռու պահել հուզումներից` այնտեղ հետագայում սեփական ծրագրերն իրականացնելու համար: