Այսպես էլ են օրինաց երկիր կառուցում


Դեռևս 2010 թվականի ամռանը Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտորի հրամանով աշխատանքից ազատվեց 29 դասախոս: Ժամանակին դասախոսները հանդես եկան ասուլիսներով, իրենց պահանջները ներկայացրեցին համալսարանի հոգաբարձուների խորհրդին ու նրա նախագահ Արթուր Բաղդասարյանին: Սակայն բոլոր պահանջներն էլ մնացին անպատասխան, որովհետև ոչ ոք չուզեց զբաղվել դասախոսների խնդիրներով, վերականգնել նրանց ոտնահարված իրավունքները: Որքան էլ ջանացին աշխատանքից հեռացված դասախոսները, այնուամենայնիվ նրանց չուզեց ընդունել և լսել հոգաբարձուների խորհրդի նախագահը, որը, դասախոսների պնդմամբ, սերտորեն համագործակցելով համալսարանի ռեկտորի հետ` երբեք չի ընդդիմացել նրա կամքին ու երբեմն օրապակաս թվացող որոշումներին: Այս ընթացքում դասախոսներից 9-ը, այլևս հոգնած իրենց «հողմաղացակռվից», գտել են նոր աշխատավայրեր և աշխատում են: Մինչդեռ 12 հոգի շարունակում է պայքարը` համոզված, որ աշխատանքից ազատելիս տնօրինությունը թույլ է տվել Աշխատանքային օրենսգրքի մի շարք հոդվածների կոպիտ խախտումներ: Այսպես համոզված են նաև նրանց փաստաբանները, ովքեր պնդում են, որ համալսարանի տնօրինությունը հանդես է բերել ինքնիրավչություն, անհիմն կերպով ազատել մարդկանց և զրկել նրանց վաստակից: Օրերս ավարտված դատալսումները մեկ անգամ ևս հավաստեցին, որ դասախոսներն իրենց պահանջների մեջ իրավացի են, որ նրանց բոլոր բողոքները հիմնավորված են: Սակայն, չնայած իրենք ներկայացրել են լուրջ հիմնավորումներ, այնուհանդերձ համոզված չեն, թե մայիսի 11-ին դատարանն արդար դատավճիռ կհրապարակի: Մեր զրուցակիցներից մեկը, ով խնդրեց մինչև վճռի հրապարակումն իր անունը հայտնի չդարձնել, պնդեց, որ, օգտվելով իր պաշտոնական դիրքից, Արթուր Բաղդասարյանն, իբր, ցուցում է տալիս դատարանին` պաշտպանելու ռեկտորի հրամաններն ու դիրքորոշումները: Մեզ չհաջողվեց տեղեկություն ստանալ Արթուր Բաղդասարյանից, որովհետև թե´ ՕԵ կուսակցության, թե´ Անվտանգության խորհրդի նրա քարտուղարուհիները հրաժարվում էին «միացնել շեֆի հետ»` պատճառաբանելով նրա զբաղվածությունը: Գուցե Արթուր Բաղդասարյանը հիմնովին ժխտեր իր դերն ու մասնակցությունը, գուցե նաև հայտարարեր, որ հոգաբարձուների խորհուրդը որևէ գործառույթ և լիազորութ յուններ չունի ռեկտորի հրամանները վիճարկելու, սակայն չափազանց հետաքրքիր կլիներ լսել մի պաշտոնյայի կարծիք, ով միշտ հպարտացել է, որ ինքն է ստեղծել այս համալսարանը, իսկ իր կուսակցությունը պայքարում է օրինաց երկիր կառուցելու համար… Անկախ այն բանից, թե ինչ վճիռ կկայացնի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանը, պետք է արձանագրել, որ հատկապես օտարերկրյա ծագում ունեցող կազմակերպությունները Հայաստանում շատ հաճախ իրենց պահում են սանձարձակ, խախտում են մեր Սահմանադրությունն ու ՀՀ քաղաքացիների իրավունքները; Այս ամենի մասին հարկավոր է լրջորեն մտածել, քննարկման նյութ դարձնել, քանի որ չափազանց շատ են դեպքերն ու փաստերը: Դեռ վերջերս զինվորականներն էին բողոքում ռուսական ռազմաբազաներում ակնհայտվող անհավասար պայմանների ու վերաբերմունքի մասին, իսկ հիմա արդեն ուշադրութ յան կենտրոնում է հայտնվել Ֆրանսիական համալսարանը, ուր ոչ միայն դասախոսներն են գործում պատանդի կարգավիճակում, այլև` ուսանողները, որոնց վերաբերվում են այնպես, ինչպես աֆրիկյան երկրներում գաղութարարներն էին վարվում բնիկների հետ