Անբարոյականություն


Աշխարհում չկա իշխանություն, որ ընդդիմություն չունենա: Դրանք երկվորյակ եղբայրներ են, ամեն իշխանության ձևավորման պահից իսկ ծնունդ է առնում նրա ընդդիմությունը: Եթե երկիրը ժողովրդավարական է, ապա իշխանությունը հանդուրժում է ընդդիմության գոյությունը, հաշտվում է, որ ինքը միշտ գտնվելու է ընդդիմության արդար կամ անարդար քննադատության, դատափետումների, մեղադրանքների տարափի տակ: Ընդդիմության խնդիրն ա'յդ է` հասարակական լսարանին համոզել, թե իբր իշխանություն լինելու դեպքում` ինքն այսինչ հարցն ա´յս կերպ կլուծեր... Գործնականում հենց ա´յդ ենք տեսնում ահա արդեն 20 տարի: 1998-ի իշխանափոխությունից հետո «ավազակապետությունը» կործանելու խոստում է տալիս մի քաղաքական ուժ, որն իր տիրակալության տարիներին ամենամեծ ավազակապետն է եղել հայկական իրականության մեջ: Հույսը մարդկանց ներողամտության կամ վատ հիշողության վրա դնելով, սեփական կառավարման շրջանի ապօրինությունների համար ժողովրդից երբեք ներողություն չխնդրած` մարգարեի կերպարանքով իմաստնութ յան դասե˜ր է տալիս: Դա էլ է բնական: Որքան հասարակությունը քաղաքակիրթ է, այնքան այս հակադրությունը հավասարակշռված է ու լրջախոհ: Ոչ մի իշխանություն երկրի ներքին կամ արտաքին քաղաքականության հարցերն այնպես չի լուծում, ինչպես պահանջում է ընդդիմությունը: Իշխանությունն ի´ր ծրագրերը կյանքի կոչելու համար է ժողովրդի մեծամասնության քվեն ստացել, ո´չ թե ընդդիմադիրների: Սակայն ընդդիմության հաճախ մաղձոտ ու թունավոր դիտողությունների մեջ, անվերապահորեն, ճշմարտության որոշակի բաժին է լինում: Եվ խելացի իշխանությունները դրանք հաշվի են առնում իրենց ամենօրյա գործունեության մեջ: Նույնն առկա է մեր իսկ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում: Երբ վերջին ընտրություններից հետո հրավիրված հանրահավաքներում Լևոն Տեր-Պետրոսյանը հավաստում էր, թե իշխանությունների հետ երկխոսության թեման կարող է լինել միմիայն երկրի Նախագահի հրաժարականի հարցը, ապա ակնհայտորեն բացառում էր երկխոսության ամեն մի հնարավորություն: Երեք տարի պետք եղավ, որպեսզի մեր ընդդիմադիրների գիտակցությանը հասներ, որ այսպիսի պահանջներով անհնար է հանգել փոխադարձ համաձայնության: Եվ ընդդիմությունն իր մարտավարությունը փոխեց: Այժմ արդեն ոչ թե վերջնագրային բնույթի 15 կետ առաջարկեց իշխանությանը, այլ միանգամայն կոնկրետ 3 հարց` Ազատության հրապարակը բացել հանարահավաքի մասնակիցների առաջ, 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների մեղավորներին բացահայտելու խոստում տալ և ազատ արձակել այդ իրադարձությունների ժամանակ ձերբակալվածներին, որոնց համառորեն քաղբանտարկյալ են անվանում: Երբ Նախագահն իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հանձնարարեց ուշի ուշով հետաքննել 2008-ի մարտի 1-2-ի դեպքերը և բացահայտել 10 սպանութ յունների մեղավորներին, իսկ քաղաքապետարանն էլ գործնականում արտոնեց ապրիլի 28-ի հանրահավաքին` Ազատության հրապարակում, ընդդիմությունն արդեն շրջանառում է այն վարկածը, թե իր երեք պահանջներից երկուսն արդեն կատարված է, մնացել է կալանվածների ազատ արձակումը: Ազատության հրապարակը իսկապես կարելի էր հանրահավաքավորներին տրամադրել ավելի վաղ, մարտիմեկյան դեպքերից մեկ-մեկուկես, ոչ թե երեք տարի անց: Մարտի 1-ի իրադարձությունների պատճառով բանտարկվածներին նույնպես կարել էր ավելի վաղ ազատ արձակել` չսպասելով, որ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում այդ առթիվ հստակ պահանջ առաջադրվի: Այժմ կարելի է ակնկալել, որ ընդդիմության առաջիկա հանրահավաքում էյֆորիկ մթնոլորտ կտիրի, ընդդիմությունը կհայտարարի, թե քանի որ իր 3 առաջնահերթ պահանջները բավարարված են, ապա իրենք պատրաստ են իշխանությունների հետ երկխոսության: Իրականում դրա հնարավորությունը միշտ էլ կար: Բայց ընդդիմությունը կփորձի կատարվածը հասարակական լսարարանին հրամցնել որպես իր մեծ «ձեռքբերում»: Ճիշտ Քաջ Նազարի նման, ով ասում էր, թե «թույլ է տալիս, որ արևը վաղը նույնպես դուրս գա արևելքից և մայր մտնի արևմուտքում»: Կարծում ենք` Ազատության հրապարակը հանրահավաքավորներին «վերադարձնելըե այլևս վտանգավոր չէ: Հազիվ թե որևէ մեկը նորից սադրի մարտիմեկյան իրադարձություններ: Սադրելու դեպքում էլ հազիվ թե դրան շատ ենթարկվողներ լինեն: Բանտարկյալների կամ քաղբանտարկյալների ազատ արձակումը նույնպես այլևս խնդիր չէ: Ինչքան էլ բանտից ուղարկված զանազան խրոխտ հայտարարություններ հնչեն, դժվար է պատկերացնել, որ մարդիկ իրենք իրենց հարց չեն տվել` ինչու՞ երեք տարի անտեղի «նստեցինք» : Ինչ վերաբերում է մարտի 1-2-ին սպանվածների գործերի բացահայտմանը, ապա ի՞նչ երաշխիք, որ երեք տարի հետո մարդասպաններն ի հայտ կբերվեն: Մանավանդ, չպետք է բացառել, որ բացահայտման մասին ամենից ավելի բարձր գոռացողներն (բացառությամբ զոհերի անմիջական հարազատների) իսկապես շահագրգռված են, որ գործը «բացվի»: Եթե իսկապես բացվի, ապա միանգամայն հնարավոր է, որ մարդկանց խելահեղ վիճակի հասցրածներից ոմանք, ովքեր այսօր հավակնում են արդարություն պահանջողի դերին, վաղը հայտնվեն մեղադրյալի աթոռին: Որովհետև դեռ ոչ մեկը ազնվություն չի ունեցել հրապարակավ ներողություն խնդրել, որ անձամբ ինքը սադրանքի է տարել ժողովրդին, առաջնորդել է խելահեղության... Ափսոս, որ իշխանաբաղձ տարրերի այդ քստմնելի ձգտումների համար սեփական արյամբ վճարողներին այևս երբեք ետ չես բերի, եթե նույնիսկ սպանություն կատարողները բացահայտվեն ու արդար պատիժ կրեն: Գոնե այսքանից հետո մարդիկ հասկանան, որ իշխանության նվաճման կամ պահպանման համար սեփական հայրենակիցների արյունը թափելն անբարոյականութ յուն է:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ