Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ


ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 26-ին տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը: Ամփոփվել են 2010թ. աշնանային զորակոչի անցկացման աշխատանքները, տրվել են ցուցումներ 2011թ. գարնանային զորակոչի կազմակերպման վերաբերյալ: Զեկուցումով հանդես է եկել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Յուրի Խաչատուրովը և ներկայացրել 2010թ. աշնանային զորակոչի ցուցանիշները, արձանագրված թերացումները և ձեռքբերումները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չափազանց կարևորել է գարնանային զորակոչը արդարության մթնոլորտում կազմակերպելը և նշել, որ նախկինում թույլ տրված թերացումների կրկնությունը լինելու է աններելի: Պաշտպանության նախարարը նշել է, որ հասարակության դժգոհությունը և նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչության բացահայտած անճշտությունների ու չարաշահումների զգալի մասը հատկապես պայմանավորված են զորակոչի կազմակերպմանը ներգրավված բժշկական որոշ հանձնաժողովների աշխատանքի որակի հետ: Գարնանային զորակոչի ընթացքում բողոքների դեպքում քաղաքացիները կարող են դիմել նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո գործող բողոք-դիմումների ընդունման հանձնաժողովին կամ անմիջապես տեղեկացնել 1-88 վստահության հեռախոսահամարով: