Հայրենասիրությամբ ու միասնականությամբ մենք հաղթեցինք


Հայրենի հողի կանչը շատ հայորդիների սրտերում արձագանքեց ու տարավ Արցախ: Պատերազմի թեժ կրակներում` թափվող արկերի որոտի տակ, զենքը ձեռքին` տղամարդու մոտ կանգնեց նաև խիզախ հայուհին: Ամուր բռունցք դարձանք, կռվեցինք ազգովի, քանի որ գիտեինք հողի արժեքը: Քաջերի արյունը խառնվեց հողին, ու հաղթեցինք` ապացուցելով, որ աննկուն է մեր ոգին, որ անպարտելի ենք: Վտանգված հայրենիքի նկատմամբ անսահման սերը Փերի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ էլ տարավ Արցախ: Հայրը մասնակցել էր Հայրենական մեծ պատերազմին և զրկվել տեսողությունից: Նրա համար մեծ հպարտություն էր, որ դուստրը նվիրվել էր հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Դեռ փոքրիկ աղջնակ էր Փերին, երբ կլանված դիտում էր Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող ֆիլմերը և հիանում հերոսների անձնազոհությամբ ու խիզախութ յամբ: Դա էր նրա ամենամեծ հետաքրքրությունը: Երբ սկսվեց Հայոց Համազգային Շարժումը, առաջին անգամ զուտ հետաքրքրությունը նրան տարավ Թատերական հրապարակ, որը հետո պիտի վերանվանվեր Ազատության: Հայրենիքին օգտակար լինելու մղումը, սակայն, փոխեց ամեն ինչ, կյանքն իմաստավորվեց: Միացավ շարժմանը: 15 օր հացադուլի դիմեցին: Սկզբնական շրջանում ընտանիքը ու հատկապես մայրը, դեմ էր, սակայն ժամանակի ընթացքում հաշտվեցին` հասկանալով, որ հետդարձի ճանապարհ չկա: 1988¬ի վերջին մեր երկնակամարում կրկին սև ամպեր կուտակվեցին: Եվս մի արհավիրք պիտի տեսներ մեր ժողովուրդը` սարսափելի երկրաշարժը: Համատարած ցավ էր: Անօգնական մարդկանց կսկիծին անհաղորդ ու անկարեկից չմնաց Փերի Ղազարյանը: Շուրջ 2 ամիս աղետի բուն էպիկենտրոնում` Նալբանդ գյուղում, փրկարարական ջոկատի կազմում իր ջերմությամբ ու հոգատարությամբ պարուրեց տուժածներին: Առանց հոգնելու օր ու գիշեր բժշկական օգնություն էր ցույց տալիս: Սակայն նա ավելի կարևոր առաքելություն ուներ. պապենական տարածքների ազատագրմանը պետք է մասնակցեր: Զինվորագրվեց «Կոռնիձոր» ջոկատին, հետագայում ընդգրկվեց կանոնավոր բանակի կազմում: Մինչև 2003 թ. մնաց Քելբաջարում` որպես պայմանագրային զինծառայող: Մասնակցել է Շուշիի ազատագրմանը, Լաչինի, Մարտակերտի, Մաղաուզի մարտերին: Ծանր ու դժվարին էր կացությունը հատկապես Մարտակերտում: - Մատաղիսի, Թալիշի մարտերում շատ կորուստներ ունեցանք, կորցրեցինք: Սակայն, պատերազմի ամբողջ սարսափը տեսնելով անգամ` կինը մարտի դաշտում անվախ է: Երբ տղամարդը տեսնում է իր կողքին, իր հետ հավասար կռվող կնոջը, նա ավելի խիզախ է դառնում: Բոլորս միասնական գնում էինք դեպի հաղթանակ: Փորձում էինք մեր տղաներին օգնել, թև ու թիկունք դառնալ,¬ պատմում է Փերի Ղազարյանը: Ճակատում բժշկական օգնություն էր ցույց տալիս, նաև զենքը ձեռքին` կռվում: Դրա կիրառության եղանակներին ծանոթացել էր դեռ Մեղրիում` Նիվադիի գրավման ժամանակ, երբ ինքնաշեն ձեռքի նռնակներ էին պատրաստում: Վախը նահանջել էր, ու նրա մեջ արթնացել էր հայրենիքի զինվորը: Մեծ էր հողը կորցնելու վտանգը, ու բոլորը հերոսաբար մարտնչեցին` հանուն այսօրվա խաղաղ ու արժանապատիվ կյանքի: - Ունենք ուժեղ բանակ, բայց կան տղաներ, որ խուսափում են ծառայությունից: Ուզում եմ` կամքի ուժ ունենան, հաղթահարեն այդ թուլությունը: Չէ՞ որ հայրենիքն են պաշտպանում, իրենց իսկ մայրերին, քույրերին: Երբեք թող չնահանջեն` եթե նույնիսկ դժվար է, եթե անգամ հիվանդ կլինեն: Պետք է հպարտությամբ ծառայեն, հիշեն, որ մենք էլ ենք ժամանակին պաշտպանել հայրենիքը: Մեզ հետ երեխաներ էլ կային, որ գիշեր¬ցերեկ կանգնած էին մեր կողքին, ու երբեք չվախեցան, չնահանջեցին: Այն ժամանակ նույնիսկ խրամատներ չկային, մենք էինք փորում: Բայց, միևնույն է, առաջ էինք գնում: Իսկ հիմա պայմանները բարելավվել են, զինվորն ապահովված է հագուստով, սննդով: Նա ոչ մի խնդիր չունի: Ցանկանում եմ, որ միշտ խաղաղություն լինի, մեր տարածքներն ազատ լինեն. ամեն թիզ հողի համար արյուն ենք թափել,¬ պարտավորեցնում է Փ. Ղազարյանը: Ազատամարտիկը գորովով ու ջերմությամբ է հիշում այն պատանիներին, ովքեր իրենց հետ մարտի դաշտում էին: Նրանք հերոսին վայել` սառնասրտությամբ ու անտրտունջ դիմանում էին բոլոր դժվարություններին. պատգարակներ էին տեղափոխում, ռումբերի տարափի տակ զենք էին հասցնում, նաև վիրավորների կյանքը փրկելու համար իրենց արյունն էին տալիս: Ահա այսպես` մեր անկոտրում ոգով, հող հայրենին ազատագրված տեսնելու տենչով կռեցինք մեր հաղթանակը: - Ուժերի խիստ անհավասար պայմաններում մեր հայրենասիրությամբ ու միասնականությամբ մենք հաղթեցինք: Շատ արյուն թափեցինք, բայց կարողացանք ազատագրել մեր տարածքները: Խոնարհվում եմ իմ բոլոր զինակից քույրերի ու եղբայրների հիշատակի առջև: Նրանց էլ էին մայրեր սպասում: Երբեք, ոչ մի վայրկյան չեմ զղջացել, որ մասնակցել եմ Արցախյան ազատամարտին: Աստված մի´ արասցե, եթե հարկ լինի, կրկին զենքը կվերցնեմ ու կգնամ,¬ ասում է ազատամարտիկը: Ցուցաբերած խիզախության համար նա արժանացել է «Վազգեն Սարգսյան», «Ծովակալ Իսակով», «Մայրական երախտագիտություն» մեդալներով, բազմաթիվ պատվոգրերով: