ԺԱՄԱՆԱԿԻ ՉԱՓԱՆԻՇԸ ՄԱՐԴՆ Է


- Չի կարելի ներկայանալ արդեն մաշված ու չարչրկված մտքերով, մաշված ու հնացած գաղափարներով, իրենց դարն ապրած «տեսություններով»: Ընթերցողը միշտ էլ սպասում է նոր մտքերի, որովհետև ժամանակն անվերջորեն առաջ է գնում, փոխվում են իրականության մասին պատկերացումները, աշխարհում նոր իրողություններ են արձանագրվում. դեռ երեկ արդիական համարվող ճշմարտությունները հնանում են... Մարդը ժամանակի չափանիշն է, մարդն է ստեղծում ժամանակը, ուստի նա սպասում է այնպիսի մտքերի, որոնք իրեն ստիպեն նորովի ճանաչել աշխարհը, բնությունը, մարդու բնէությունը: Ավելի ստույգ` ԺԱՄԱՆԱԿԸ: Ես չեմ կարող իմաստունի կեցվածք ընդունել և խոսել այնպիսի բաների մասին, որոնք այլևս որևէ մեկին չեն հետաքրքրում: Սա նշանակում է, որ հարցազրույց տալուց առաջ` պետք է ասելիք ունենալ: Իսկ ես ասելիք ունե՞մ: Իմ ասելիքն իմ գրականությունն է: Երբ նոր ստեղծագործություն գրելու կարիքն եմ զգում` նշանակում է` հասունացել է ասելիքս, նշանակում է` այլևս չեմ կարող զսպել ինձ: Պիտի անպայման գրեմ, իմ մտքերով կիսվեմ հանրության հետ: Այսպես է մտածում մեր ժամանակների խոշորագույն գրող Պերճ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ, ով իր ստեղծագործությամբ արդեն համարվում է 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի ազգային գրականության ամենաերևելի անհատականությունը: Գրողը, թատերագիրը, հրապարակախոսը բազմաթիվ հարցազրույցներ է տվել, հանդես եկել գրականության, արվեստի ու հասարակության մասին հոդվածներով, ուստի հեշտությամբ չհամաձայնեց հյուընկալվել մեր հյուրասրահում` պատճառաբանելով, որ ընթերցողին ներկայանալու համար նոր մտքեր ու գաղափարներ են պետք: - Չի կարելի ներկայանալ արդեն մաշված ու չարչրկված մտքերով, մաշված ու հնացած գաղափարներով, իրենց դարն ապրած «տեսություններով»: Ընթերցողը միշտ էլ սպասում է նոր մտքերի, որովհետև ժամանակն անվերջորեն առաջ է գնում, փոխվում են իրականության մասին պատկերացումները, աշխարհում նոր իրողություններ են արձանագրվում. դեռ երեկ արդիական համարվող ճշմարտությունները հնանում են... Մարդը ժամանակի չափանիշն է, մարդն է ստեղծում ժամանակը, ուստի նա սպասում է այնպիսի մտքերի, որոնք իրեն ստիպեն նորովի ճանաչել աշխարհը, բնությունը, մարդու բնէությունը: Ավելի ստույգ` ԺԱՄԱՆԱԿԸ: Ես չեմ կարող իմաստունի կեցվածք ընդունել և խոսել այնպիսի բաների մասին, որոնք այլևս որևէ մեկին չեն հետաքրքրում: Սա նշանակում է, որ հարցազրույց տալուց առաջ` պետք է ասելիք ունենալ: Իսկ ես ասելիք ունե՞մ: Իմ ասելիքն իմ գրականությունն է: Երբ նոր ստեղծագործություն գրելու կարիքն եմ զգում` նշանակում է` հասունացել է ասելիքս, նշանակում է` այլևս չեմ կարող զսպել ինձ: Պիտի անպայման գրեմ, իմ մտքերով կիսվեմ հանրության հետ: Գրողն իրավացի է: Ցանկացած ստեղծագործություն կամ հարցազրույց առաջին հերթին ասելիքի խտացում է, ասելիքի հայտնություն է: - Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ ժամանակակից գրականությունն ու արվեստը նաև ձևի հայտնությունն են հաստատում: Նրանք հետաքրքիր են ձևով, արտահայտչամիջոցների բազմազանությամբ, սակայն ձևն ու արտահայտչականությունը չեն կարող չունենալ բովանդակություն: Բովանդակությունը, որին մենք ասելիք ենք կոչում, հարստացնում է ձևը, դրան ուղղվածություն է տալիս: Այսինքն, իմ փիլիսոփայական հայացքներով ես փոքր-ինչ ավանդապաշտ եմ, ընդունում եմ բովանդակության գերիշխանությունը ձևի հանդեպ: Սակայն սա չի նշանակում, թե ժխտում եմ ձևը: Իմ բոլոր վեպերն ու դրամատիկական երկերը ստեղծելիս ես սևեռուն ուշադրություն եմ դարձրել նաև ձևին, որովհետև ձևը բովանդակության «տարազն» է, այն միջոցը, որով առավել հետաքրքիր է դառնում ստեղծագործությունը: Ուրեմն, ձևի և բովանդակության սինթեզն է ծնում գրականության և արվեստի նորացումն ու առաջխաղացումը: Ժամանակակից գրականության մեջ, ցավոք, երբեմն շատ են տուրք տալիս ձևին` մոռանալով, որ այն առաջին հերթին գրողի մենախոսությունն է, նրա մեջ կուտակված մտքերի և գաղափարների պոռթկումը: Ես գրում եմ այն ժամանակ, երբ իմ մեջ ձևն ու բովանդակությունն արդեն ստեղծել են իրենց միասնությունը, երբ նրանք են ինձ թելադրում: Պերճ Զեյթունցյանի գլխավոր մտահոգություններից մեկն այն է, որ ժամանակակից գրողներից շատերը գնում են դեպի մանրաթեմայնությունը, կյանքի պատկերման մակերեսային սկզբունքները: - Ուրեմն` կյանքը չեն ճանաչում, ուրեմն` ունակ չեն ստեղծելու կյանքի ու աշխարհի գրողական մոդելը: Հետաքրքիր է այն գրականությունը, որն ինքն է առաջադրում այն մոդելը, որն ասես կա մեր շրջապատում, մեր մեջ, սակայն մենք չենք կարողանում դրան գեղարվեստական կերպար ու նկարագիր տալ: Լավն է այն ստեղծագործութ յունը, որը կյանքն է պատկերում, սակայն ոչ թե լուսանկարում է այն, այլ ձևավորում է մի բացառիկ գեղարվեստական կերպար, որում իրականությունն ու երազանքն են: Այո, գրականությունը նաև երազանքն է, յուրատեսակ ֆանտազիա, քանզի գրողը նաև ստեղծում է այն իրականությունը, որն իր մեջ է, իր պատկերացումներում: Պերճ Զեյթունցյանը մտահոգված է նաև մեր ժամանակով ու նրա հերոսներով: - Գրականության մեջ փոքր-ինչ անկարևորվել է հերոսի խնդիրը: Կերպարներ կան, կան գործող անձեր, սակայն բացակայում են հերոսները: Ես նկատի չունեմ իդեալականացվող անձերին, դարակազմիկ հեղափոխություններ անող անհատներին: Հերոսը նա է, ով իր մեջ խտացնում է որոշակի տեսակների, որոշակի փիլիսոփայութ յուն, ով դառնում է տեսակների ամբողջություն: Ով նաև ուսուցանում է: Ես երբեք չեմ ստեղծել իդեալական հերոսներ, անգամ իմ հերոսներից մի քանիսը տարուբերվել են «դրականի» ու «բացասականի» սահմաններում, ինձ հենց այդ պարադոքսն էլ հետաքրքրել է: Մարդը չի կարող միայն «դրական» լինել, չի կարող նաև ամբողջապես «բացասական» լինել: Հատկապես` հզոր անհատականությունները: Արշակ թագավորը, Տրդատ թագավորը, իմ մյուս հերոսներն ահա այս պարադոքսի կրողներն են: Ես իմ հերոսների միջոցով նաև ձգտել եմ պարզել «մեր միջի որդի» ժառանգականությունը, հայտնության անհրաժեշտությունը: Հենց այսպիսի հերոսներ եմ փնտրում գրականութ յան մեջ, նրանց հետ եմ ուզում ծանոթանալ ու կիսվել մտքերով: Նաև` նրանց միջոցով ուզում եմ ճանաչել աշխարհը: Ոմանք ասում են, թե Հրանտ Մաթևոսյանի գրականությունը հնացել է, որովհետև հնացել են նրա հերոսները: Ես համաձայն չեմ, որովհետև Մաթևոսյանի հերոսները մի ողջ աշխարհի կերպարն են կրում իրենց մեջ, մի ողջ ժամանակաշրջանի մտածողությունն են հաստատում: Ինչքան էլ կարդանք Մաթևոսյանի ստեղծագործությունները` չենք հոգնի, որովհետև զարմանալի հերոսներ կան, զարմանալի ծալքեր: Ահա այդպիսի գրականություն եմ ուզում այսօր: Բայց այն հապաղում է, կարծես չի ուզում ստեղծվել: Սա պահպանողական հայացք չէ, այլ գրականության պահանջն է: Թող փոխվեն ձևերը, փոխվեն միջոցները, բայց ստեղծվեն այնպիսի ստեղծագործություններ, որոնց մեջ տեսնենք ժամանակը: Իսկ ժամանակը միայն մեր ապրած իրականությունը չէ: Պատմությունն էլ է ժամանակ, ու եթե կարողանաս այդ պատմության մեջ տեսնել այսօրը, ուրեմն լուծված է ժամանակի խնդիրը: Կարծես թե բարդ չէ, սակայն դրա համար պետք է ժամանակի զգացողություն ունենալ: Հերոսները ծնվում են մի ժամանակի մեջ, սակայն նրանք հավերժական շղթայի մի մասն են, ուրեմն, նրանք բոլոր ժամանակներինն են: Ես սիրում եմ այն գրական հերոսներին, որոնք ապրում են բոլոր ժամանակիների մեջ, որոնք կրում են մարդկության իդեալները: Գրողի հետ մեր զրույցը չստացվեց, որովհետև նա գերադասեց «մենախոսել»: Սա հասկանալի էր: Նա չէր կարող պատասխանել ավանդական հարցերի, քանզի մտքերը վազում էին առաջ: Հրաժեշտից առաջ ասաց, որ ժամանակ առ ժամանակ կարդում է մեր թերթը, որովհետև ինքը մեծացել է «Ավանգարդի» հոդվածներով, իր սերնդի թերթն է եղել «Ավանգարդը»: Հիմա միշտ չէ, որ կարողանում է տանից դուրս գալ ու կրպակից թերթ գնել, այդ պատճառով էլ ծանոթանում է էլեկտրոնային տարբերակին: «Ավանգարդը» ջահելների թերթն է եղել, իսկ այսօր ջահելները կարծես թերթ չեն կարդում: Այնպես արեք, որ նրանք նորից կապվեն թերթի հետ: Թերթի մի համար չեմ փոխի հեռուստատեսային 5 հաղորդման հետ: Թերթն ուրիշ է, այն ստիպում է կենտրոնանալ, լարվել, նորից կարդալ այն հոդվածը, որը քեզ դուր է եկել: Թերթը նաև կարելի է պահել արխիվում, իսկ հեռուստատեսային հաղորդումները վաղանցիկ են, լոկ պահի մեջ ազդեցություն թողնող: