ԱՐՑԱԽՅԱՆ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ


Գուցե պե՞տք է հիշեցնել «Տաշիր» և «Արմենիա» շքեղաշուք հանդեսների կազմակերպիչներին, որ կարելի է սնափառության տոների փոխարեն նաև հյուրախաղեր կազմակերպել, մոսկվացիներին ներկայացնել Արցախի պետական նվագախումբը, որն ավելի քիչ է ծախսատար, իսկ արտիստներն էլ Երևանում բնակարաններ չեն պահանջի: Լեռնային Ղարաբաղի մշակութային կյանքի պատկերը տխուր է ու մտահոգող: Այսպես են ասում բոլոր նրանք, ովքեր այսօր գործում են մշակութային դաշտում և իրենց կյանքն են նվիրել հայրենի մշակույթին: Նրանք իրենց հոգսերի ու խնդիրների մասին պատմում են բոլորին` երբևէ չակնկալելով, թե մեկը կարող է իրենց օգնության ձեռք պարզել: Ճիշտ այսպես է մտածում նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նաիրա ԱՂԱԲԱԼՅԱՆԸ, ով երկար ժամանակ չէ, ինչ ստանձնել է նախարարի պարտականությունները: Նրա մտահոգության կենտրոնում կադրերն են, ֆինանսական միջոցները, տարիներ շարունակ ձևավորված աղարտումները… Նախարարությունը լիովին կարող էր բաժին կամ վարչություն կոչվել, քանզի շատ չեն նրա ենթակայության տակ գործող կառույցները. երկու պետական թատրոն, պետական կամերային նվագախումբ, գրեթե լուծարված պարային անսամբլ, թանգարաններ ու գրադարաններ: Բայց ԼՂՀ իշխանությունները, պետական կառուցվածքներն առավել նպատակային դարձնելու համար, հենց նախարարություն են կոչել պետության կողմից լիազորված մարմինը` միաժամանակ «մոռանալով», որ ենթակառուցվածքների, բազմաթիվ մշակութային օջախների պահպանման և զարգացման համար` ֆինանսական միջոցներ են հարկավոր: Իսկ Արցախում ևս մշտական դժգոհության նյութը ֆինանսների բացակայությունն է: 2012 թվականին իր հիմնադրման 80-ամյակն է պատրաստվում նշել ԼՂՀ հնագույն մշակութային օջախը` Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը ժամանակին Ադրբեջանի լավագույն թատրոններից մեկն էր համարվում: Թատրոնի հոբելյանի մասին, գուցե, Ստեփանակերտում մտածում են, անգամ տեղացի լրագրող Կարինե Ալավերդյանին հանձնարարվել է գրել թատրոնի պատմությունը` ըստ էության շարունակելու այն գործը, որը ժամանակին արել էր նրա հայրը` գրող Իսահակ Ալավերդյանը: Հոբելյանական միջոցառումների մասին ուրիշ ոչինչ չասաց Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը, բայց երկար զրուցեց թատրոնի խաղացանկային քաղաքականության և հատկապես ռեժիսորական կադրերի բացակայության մասին: Նախարարը նաև տեղեկացրեց, որ գալիք տարի կսկսվեն թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնց համար նախատեսվում են գումարներ` ինչպես պետական բյուջեից, այնպես էլ հովանավոր կառույցներից: Դե, եթե սկսվելու են հիմնանորոգման աշխատանքները, նշանակում է` հոբելյանական միջոցառումների մասին խոսելն ավելորդ է: - Լավ, թող սկսեն հիմնանորոգումները, որոնց կարիքը թատրոնը զգում է օդ ու ջրի պես, բայց որտե՞ղ ենք աշխատելու մենք, ինչպե՞ս են ծրագրվելու մեր գործունեության սկզբունքները: Համոզված ենք, որ հիմնանորոգման աշխատանքները կտևեն 2 տարուց ոչ պակաս, իսկ սա նշանակում է, որ այդ ընթացքում դերասանախումբը կարող է և կազմաքանդվել,- իր մտահոգությունը հայտնեց ԼՂՀ վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյանը: Հոռետեսական էր նաև ԼՂՀ վաստակավոր արտիստ Սվետլանա Թովմասյանի ենթադրությունը. - Երկու տարի մենք զրկված ենք լինելու ստացիոնար ներկայացումներից, իսկ Արցախում թատերական դահլիճներ չկան, գյուղական մշակույթի տներն էլ գրեթե ավերված են… Ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք պահպանելու թատրոնը: Իհարկե, փափազյանցիները դեմ չեն հիմնանորոգմանը, մանավանդ, որ թատրոնի շենքը գրեթե փլուզվում է, անհնար է աշխատել տարրական պայմաններից զուրկ շենքում` ծվարած վառարանի կողքին: Սակայն թե´ թատրոնում, թե´ նախարարությունում դեռևս չգիտեն, թե ինչ է անելու երկու տարվա ընթացքում թատրոնը, ինչպես են ընթանալու աշխատանքները: Ուրեմն, մնում է առայժմ ուրախանալ միայն մխիթարական տեղեկությամբ, որ վերջապես շենքը կվերանորոգվի, այն էլ` ավելի քան 40 տարի հետո: Եթե Վ. Փափազյանի անվան թատրոնում դեռ շատ բան մշուշոտ է, քանի որ հստակեցված չեն նաև կադրային մի շարք հարցեր, ապա պետական կամերային նվագախումբն ունի հրաշալի գեղարվեստական ղեկավար, հարուստ ծրագիր: Բայց այստեղ էլ հիմնահարցը համերգների կազմակերպումն է: Տարվա մեջ միայն մի քանի անգամ համերգներ ունեցող նվագախումբը կարծես դատապարտված լինի, չափազանց քիչ են համերգասրահները, որտեղ հնարավոր լինի հանդես գալ: Հյուրախաղերն էլ այս նվագախմբի համար դարձել են երանելի, որովհետև բացակայում է հստակ արտահայտված մենեջերական գործունեությունը, չկան համագործակցության համաձայնագրեր, հրավերներ: Եվ նվագախումբը ստիպված է պարփակվել ինքն իր մեջ, բավարարվել եզակի համերգներով: Մշակութային օջախներից շատերի անմխիթար վիճակը, ձևավորված դատարկությունը առաջացրել են օտարացում բնակչության և մշակույթի միջև: Օրեր շարունակ երեկոյան ժամերին մարդիկ չեն կարողանում կազմակերպել իրենց ժամանցը, չեն կարողանում համերգասրահ կամ թատրոն գնալ, որովհետև գրեթե ողջ ձմռանը մշակութային կյանքը մարում է, իսկ գարնանն ու ամռանն էլ ավելացող ազդագրերը մի ուրիշ մտահոգություն են ծնում. ի՞նչ պայմաններում են դիտելու ներկայացում կամ ունկնդրելու երաժշտություն… Շատերն են խոսում այն մասին, որ երկու տասնամյակ Լեռնային Ղարաբաղում ֆինանսական ահռելի հոսքեր են եղել, մեծ նվիրատվություններ են արվել, մինչդեռ հանրապետության ղեկավարներն անուշադրության են մատնել մշակութային հաստատությունները` իրենց այս վերաբերմունքը բացատրելով առավել կարևոր ու կենսական նշանակություն ունեցող ծրագրերի ներկայությամբ: Ոչ ոք չի ժխտում այդ ծրագրերի կարևորությունը, սակայն կարելի էր նաև թեկուզ չնչին միջոցներով մի շարք կառույց ներում վերանորոգումներ իրականացնել: Դիցուք, մարզի գրական կազմակերպության ղեկավար Վարդան Հակոբյանի ժողովածուների բազմահատորյակի տպագրության փոխարեն, որոնք տասնյակ միլիոններ են արժեցել, այդ գումարների մի մասը նպատակաուղղել Շուշիի պետական տիկնիկային թատրոն կամ երաժշտական քոլեջ, որի դահլճն էլ անմխիթար վիճակում է… Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նաիրա Աղաբալյանի հետ զրույցն ինչ-որ հուսադրող երանգ ուներ: Նախարարի անհանգստությունները հուշում էին, որ նա վճռական է տրամադրված, որ կամենում է իրականացնել նոր ու հագեցած մշակութաշինական ծրագրեր: Միայն թե անհրաժեշտ է, որ նրա կողքին կանգնեն նաև նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր են հավասարաչափ վերաբերմունք ունենալ սոցիալական և մշակութային ոլորտների հանդեպ: Նաև նրանք, ովքեր ազգի մեծահարուստները լինելու իրավունքն են նվաճել… Պետք է հաճախ նրանց ականջին շշնջալ, որ անցյալի շատ մեծահարուստներ իրենց անունները փառքով են պսակել` միայն մշակույթում և արվեստում գումարներ ներդնելով…