ԱՐՎԵՍՏԱԳԵՏ - ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԱՍԻՔԸ


Ռաֆայել Ջրբաշյանը հայ նորագույն թատրոնի ամենանշանավոր դեմքերից մեկն է` խոշորագույն մանկավարժ, բեմադրիչ, տեսաբան: Իր էությամբ ու նկարագրով` անհանգիստ անհատ, ով արդեն մոտ վեց տասնամյակ իր անունը կապակցել է ազգային թատրոնի բարդագույն իրողություններին, ղեկավարել դրամատիկական թատրոններ: Ուշագրավ ու հիմնարար ներդրումներ է ունեցել ազգային օպերային ռեժիսուրայում, հեռուստաթատրոնում ստեղծել բացառիկ արտահայտչականության և կինո-հեռուստատեսային ինքնօրինակ բեմադրություններ: Նաև մեծաթիվ սաներ է դաստիարակել, որոնցից շատերը թատրոնի ու կինոյի նշանավոր դեմքեր են, անհատականութ յուններ, ովքեր այսօր նոր ուղղություն և բովանդակային վերափոխումներ են կատարում մեր ռեժիսուրայում: Տասնամյակներ շարունակ Ռաֆայել Ջրբաշյանը պարբերական և գիտական մամուլում բարձրացրել է թատրոնին, թատերական կրթությանը, մանկավարժական, բեմադրական և օպերային ռեժիսուրային մտահոգող խնդիրները: Նա այն բացառիկ մանկավարժներից է, ով երբեք ու երբեք չի բավարարվել լսարանային իր դասախոսություններով: Այս բոլոր ելույթների և հոդվածների, գիտական-ստեղծա գործական հարուստ «հունձքի» յուրօրինակ համահավաքն է «Խոհերի և ընդվզումների ուղեբեռով » գիրքը, որն իր տեսակի մեջ բացառիկ մի իրողություն է: Նախադեպը չունեցող այս ժողովածուն ազգային թատերական գրականության մեջ մի նոր հանգրվան է ձևավորում: Ռ. Ջրբաշյանի մի քանի գրական ստեղծագործությունների ամբողջությունն է, ուր ընդգրված շատ հոդվածներ և նամակներ ունեն արդիական հնչողություն ու նշանակություն: Իսկ Վավիկ Վարդանյանին, Վարդան Աճեմյանին, Արմեն Գուլակյանին նվիրված հուշապատումները ճանաչողական-ուսուցողական մեծարժեք իրողություն ներ են, որոնք հարուստ նյութ են պարունակում թե´ հետազոտողների, թե´ թատերական երիտասարդության համար, որն այսօր կտրվել է և մեր թատրոնի անցյալի արժեքներից, և քամահրական-անտարբեր պահվածք ունի իրականության մեջ գոյավորված անհատականությունների և նրանց ստեղծագործությունների նկատմամբ: Ռաֆայել Ջրբաշյանը պարտադրում և համոզում է հայացք հառել անցյալի ժառանգությանը, տեսնել այն ինքնահատուկ դրսևորումները, որոնման կիրքը, որն էլ ուղենիշ է եղել մեր մեծերից շատերի համար թատրոնաշինության և ազգային թատերական կրթության հիմքերը ձևավորելու ճանապարհին: - Թատրոնները շատ են, հետևաբար շատ են նաև դերասանները: Սակայն... Հենց այստեղ է մեր մտահոգությունը, քանի որ քիչ են այնպիսիք, որոնք հայ բեմարվեստի խորությունն ու ազգային առանձնահատկությունն են անձնավորում, որոնց կարելի է «Հայաստան» ըմբռնման յուրօրինակ խորհրդանիշը համարել, ինչպես, ասենք, Հրաչյա Ներսիսյանը` Դավիթ Բեկ` հրեղեն նժույգը հեծած, հրացայտ աչքերով, բոցաշունչ ճառով ռազմիկներին դիմելիս... Հին սերնդի արտիստներից որին էր հիշելու լինենք` Փափազին թե Հրաչյային, Ավետին թե Վաղարշին, Արուսին թե Օլգային, բոլորն էլ հպարտ էին ու հպարտություն էին ոչ միայն իրենց բարձրարվեստ վարպետությամբ, այլև ազգային պատկանելության որոշակիությամբ,- գրում է Ռ. Ջրբաշյանը «Բեմարվեստը և իմ ժամանակը» հոդվածում: Ազգայինի խնդիրը Ջրբաշյանի համար նեղ-սնապարծ երևույթ չէ, այլ` արվեստի կարևորագույն հարցերից մեկը, որը տևական ժամանակ եղել է բանավեճի թեմա: Ջրբաշյանը այդ բանավեճին շատ կարճ եզրահանգում է տալիս` մեկընդմիշտ հաստատելով այն տեսադրույթը, որ ազգային պատկանելության որոշակիությունը նաև ձևավորում է հզոր անհատականությունների: - Հոգևոր ու մտավոր, ազգապահպան ուժերի ջլատումն այսօր հատկանշական է դարձել մեր կյանքի բոլոր ասպարեզների համար: Պետք է հիշել, որ հայ ժողովուրդը պատմության բախտորոշ անցուդարձերին անգամ իր մշակույթն է հակադրել, հոգացել հոգևոր արժեքների պահպանման ու զարգացման մասին, դրանով հարատևել,- զգուշացման նման հնչեցնում է Ռ. Ջրբաշյանը` արդիականացնելով հին ճշմարտությունը, նրա մեջ տեսնելով թատրոնի և արվեստի ընդհանրական գոյության ուժը: ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանի գիրքը իրապես մեծ ձեռքբերում է մեր թատերական գրականության ճանապարհին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ