ՆԱ ՈՒՇԱԴԻՐ ԷՐ ԲՈԼՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՐԱՆ ՍԻՐՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԷԻՆ ԲՈԼՈՐԸ


Չխեղաթյուրված վսեմ նկարագրով Մարդը Ազգապահպանության առաքելությամբ էր տոգորված Անդրանիկ Մարգարյանի երկրային կարճատև կեցությունը: Հավատարիմ մշեցի պապերից ժառանգած ճշմարիտ հայրենասիրության բարձրարժեք, սերնդեսերունդ նոր բովանդակությամբ հարստացած ավանդներին, պատանեկան հասակից մինչև հանկարծահաս վախճանը: Յուրօրինակ նահատակություն, քանզի, վտանգելով կյանքը, անդուլ տքնանքով առաջ էր մղում նորանկախ հայրենիքի լիարժեք կայացման գործընթացը` խանդավառված անցյալ դարի 60-ականներից փայփայած ազգային երազի իրականացման ներկայիս հուսադրող ու իրատեսական, օր-օրի ավելի հիմնավոր երևացող նախադրյալներից: Հայ մարդու լավագույն հատկանիշների կրողն էր սեփական ազգանվեր բազմաբարդ գործունեությամբ պատկառելի փորձ ու հմտություններ ձեռք բերած այս քաղաքական գործիչը` բարի, համեստ, պարզ ու շիտակ: Օրինակելի հայր և որդի, մարդ և քաղաքացի: Չտառապելով փքուն ճարտասանությամբ` իր գործնական վարքագծով է բազմիցս հաստատել նվիրվածությունը հայրենիքին` Արցախյան ազատամարտի թեժ կետերում, ստանձնած պատասխանատու պաշտոններում, Ավանի Սայաթ-Նովա թաղամասում... Ամենուր: Պատահաբար չէ, որ Հայաստանի վարչապետի նրա 7-ամյա գործունեությունը ըստ արժանվույն է գնահատվում պետության և հասարակ ժողովրդի, տնտեսության ու մշակույթի մարդկանց, մինչև անգամ ընդդիմադիր բազմաթիվ կուսակցական առաջնորդների ու արտերկրի պետական այրերի կողմից: Իր տնօրինությանը վստահված ոչ մի ոլորտ չի անտեսվել Անդրանիկ Մարգարյանի կենսագործած ծրագրերում, ոչ մի հրատապ խնդիր դուրս չի մնացել տեսադաշտից: Կարողացել է զարմանալի համբերատարությամբ ու հանդուրժողականությամբ, մարդկային չխեղաթյուրված վսեմ նկարագրով իր շուրջը համախմբել երկրի բարգավաճմանը պիտանի, անցյալի բեռից թոթափվելու ու նոր խիզախումով արարչական հանրօգուտ գործունեություն ծավելելու ունակություն ու ցանկություն ունեցող հայրենակիցներին: Ընտրված արդյունավետ աշխատաոճով ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելք գտնել` մտահոգված նորաստեղծ պետության հեղինակության կայուն բարձրացմամբ ներքին և արտաքին` միջազգային ասպարեզներում: Մեր հասարակական -քաղաքական ներկա կացութաձևում նկատվող դրական տեղաշարժերում անժխտելի են նրա իմաստուն ակտիվության դերն ու նշանակությունը, գնահատելի բոլորիս կողմից` որպես հայ ժողովրդի նորագույն պատմության գլխավոր դերակատարներից մեկի, ով կարևորագույն բազմաթիվ նախաձեռնությունների ներշնչողն ու առաջատար կենսագործողն էր: Հավաստիքը` «Հազարամյակի մարտահրավերներն» ու «Պոլիտեխնիկ» հիմնադրամը, հայրենի Իրինդ գյուղի ու երևանյան հարազատ թաղամասի հիմնահարցերի հանգուցալուծմանն ունեցած կոնկրետ մասնակցությունը, Հանրապետական կուսակցության գաղափարական-քաղաքական դիմագծի բյուրեղացումը և հոգևոր-մշակութային, ռազմական-քաղաքական, սոցիալ-հասարակական իրադարձային միջոցառումների հանդեպ ցուցաբերած պատկառազդու ուշադրությունն ու գործուն աջակցությունը: Դժվար է հաղթահարել անբասիր Հայորդու հանկարծահաս կորստյան կսկիծը և տալ նրա ազգանվեր գործի ու կյանքի սպառիչ, ամբողջական բնութագիրը սգո այս դառնաթախիծ օրերին: Նրան անհնար կլինի մոռանալ, շատ էին առողջ ու խորը ազգային արմատները: «Խարիսխ դարձնելով հայրենիքի հանդեպ սերը` լավատեսության նախանձելի մղումով, որպես անցյալի ժառանգորդ և ապագայի ավանդող, պահպանենք Մայր հայրենիքի թանկ գնով նվաճված Անկախությունը»` նրա պատգամով... Հայ ժողովուրդը եւ Հայոց պետությունը ծանր կորուստ կրեցին. մարտի 25-ին, կյանքի 56-րդ տարում հանկարծամահ եղավ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ առանցքային դերակատարություն ունեցած ազգային, պետական-քաղաքական գործիչ Անդրանիկ Նահապետի Մարգարյանը: Անդրանիկ Մարգարյանի ողջ կյանքը եղել է անմնացորդ նվիրում Հայոց պետականության վերականգնմանն ու կայացմանը: Ծնվել է 1951թ. հունիսի 12-ին ուսուցչի ընտանիքում: 1972թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը` հաշվիչ մեքենաների ինժեների որակավորմամբ: 1972-90թթ.-ին Անդրանիկ Մարգարյանը տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել հաշվիչ մեքենաների բնագավառի մի շարք գիտահետազոտական ինստիտուտներում: Այդուհանդերձ, Անդրանիկ Մարգարյանի կոչումը իր երազած ազատ եւ հզոր Հայրենիքի համար քաղաքական գործունեությունն էր, որով նա սկսել էր զբաղվել դեռեւս պատանեկության տարիներից: 1968 թվականից անդամակցել է խորհրդային տարիներին ընդհատակում գործող Ազգային Միացյալ կուսակցությանը (ԱՄԿ), որի քաղաքական հենքը Հայաստանի ազատության եւ անկախության գաղափարն էր ու Հայ Դատի պաշտպանությունը: 1973թ. ընտրվել է ԱՄԿ խորհրդի անդամ: Ծավալած քաղաքական գործունեության համար 1974 թվականին ձերբակալվել է եւ դատապարտվել երկու տարվա ազատազրկման: Ազատազրկումից վերադառնալուց հետո Անդրանիկ Մարգարյանը շարունակել է իր ընդհատակյա քաղաքական գործունեությունը` որպես Հայաստանի անկախության համար պայքարի առաջամարտիկներից մեկը: Ղարաբաղյան շարժման սկզբից ամբողջությամբ նվիրված էր Արցախի ազատագրմանը. գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների ստեղծմանը, Արցախ զենքի, զինամթերքի, պարենի առաքմանը, մասնակցել է մարտական գործողությունների, միաժամանակ ղեկավարել է Հատուկ ծրագրերի պետական վարչության ինֆորմացիայի բաժինը: Դեռեւս 1992թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Անդրանիկ Մարգարյանը վճռորոշ դերակատարություն է ունեցել ՀՀԿ կայացման գործում: 1993թ.-ից ՀՀԿ խորհրդի նախագահն էր, իսկ 1997թ.-ից` կուսակցության նախագահը: 2000թ. պետության համար չափազանց բարդ իրավիճակում ստանձնելով ՀՀ կառավարության ղեկավարի` վարչապետի պաշտոնը, Անդրանիկ Մարգարյանը դարձավ անկախությունը վերագտած Հայաստանի Հանրապետության առանցքային պետական ու ազգային գործիչներից մեկը: Իր քաղաքական փորձառության ու բացառիկ մարդկային որակների շնորհիվ նրան հաջողվեց ստեղծել թիմ, որը կարողացավ կարճ ժամանակամիջոցում հաջողություններ արձանագրել երկրի տնտեսական կյանքում: 7 տարի պատվով կրելով կայացման շրջանում գտնվող երկրի տնտեսության ղեկավարման ծանր բեռը` Անդրանիկ Մարգարյանը մնաց որպես ընդգծված ազգային դիմագիծ ունեցող պետական ու քաղաքական գործիչ` բացառիկ դերակատարություն ունենալով երկրի քաղաքական կյանքում, կայունության, հավասարակշռության եւ քաղաքական հանդուրժողականության ապահովման գործում: Այդ ժամանակահատվածում երկիրը զերծ մնաց քաղաքական ցնցումներից, եւ այն դարձավ մեր 15-ամյա պետականության լավագույն շրջանը: Անուրանալի է նաեւ Անդրանիկ Մարգարյանի հոգածությունը ազգային գաղափարախոսության եւ մշակույթի նկատմամբ: Ազգային արժեքները համարելով պետության զորացման հիմքը, Անդրանիկ Մարգարյանը առանձնահատուկ ակնածանք ուներ հայ ընտանիքի ավանդույթների նկատմամբ եւ միշտ հիշվելու է որպես խոնարհ զավակ, հոգատար հայր, նվիրված ամուսին եւ բարի ու սիրասուն պապիկ: Անմնացորդ նվիրված հայրենասերի, ականավոր պետական ու քաղաքական գործչի, սկզբունքային քաղաքացու, մտավորականի, մարդկային եզակի առաքինություններով օժտված մարդու, անսահման բարի ու հոգատար ընկերոջ պայծառ հիշատակը հավետ կմնա նրան ճանաչող բոլոր մարդկանց սրտերում: