Հանգույց, որի չքանդելը կամ «թրով կտրելը» հավասարապես վտանգավոր է


Մեր երկրի կայունության, բնականոն զարգացման խաթարման հաջորդ վտանգը ԱՄՆ-Իրան հարաբերությունների հետագա սրումն է: Պատերազմի բռնկումը հարևան երկրում փակուղային և անկանխատեսելի սպառնալիքներով հղի իրավիճակ կարող է ստեղծել հատկապես Հայաստանի համար: ԱՄՆ վարչախմբի կտրուկ քայլերը կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը կանխելու, հայկական հանքային ջրերի` «Ջերմուկի», «Արզնիի» ներմուծումը արգելելու, Պետդեպարտա մենտի զեկույցում Հայաստանին «օկուպանտ» ներկայացնելու իրողությունները խոշոր հաշվով հետևանք են ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան հարաբերությունների է°լ ավելի սրման: Ըստ ամենայնի ԱՄՆ-ն խիստ դժգոհ է հայ-իրանական հարաբերությունների սերտացումից: Եթե դեռ մեկ-երկու տարի առաջ ԱՄՆ-ը առանձնապես չէր ընդվզել հայ-իրանական գազամուղի կառուցումից, ապա ներկա դրությամբ, կարծես թե, վերանայել է նախկին դիրքորոշումը և հայ-իրանական տնտեսական համագործակցության սերտացումը համարում է վնասակար ու վտանգավոր` սեփական շահերի տեսանկյունից: Երևի թե միաբևեռ աշխարհի «հրամանատարին» դուր չի եկել այն փաստը, որ գազամուղը կառավարման է հանձնվելու ռուսական կողմին: Այսպես կոչված «Հյուսիս- հարավ» առանցքի ձևավորման տեսանկյունից, վերոնշյալ իրողությունը արդեն իսկ որոշ հեռանկարներ է ուրվագծում: Ամեն դեպքում պատահական չի կարելի համարել այն, որ ԱՄՆ կողմից Հայաստանի նկատմամբ կոշտ քաղաքականության դրսևորումները համընկան` մի կողմից Քոչարյան-Պուտին հանդիպման արդյունքում ձեռք բերված ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսական պայմանավորվածությունների, մյուս կողմից` Իրան-Հայաստան գազամուղի բացման հանդիսավոր արարողությունների հետ: Քանի որ ամերիկյան աշխարհաքաղաքականության «ճարտարապետները» լուրջ մտահոգված են «Հյուսիս-հարավ» առանցքի ձևավորմամբ, որի արդյունքում Ռուսաստանի հովանավորությամբ տարածաշրջանում կտրուկ մեծանալու է Իրանի դերակատարությունը: Իսկ այդ առանցքում կապող օղակի պարտավորությունը հատկացվելու է Հայաստանին: Ուրեմն հասկանալի է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է դրան հակակշիռ` «Արևելք-Արևմուտք» ալյանսը ձևավորելու ու ամրապնդելու ուղղությամբ` ներգրավելով Ադրբեջանին, Վրաստանին ու Թուրքիային: Միաժամանակ թե° տնտեսական, թե° քաղաքական լծակների օգտագործումով, թերևս ուժեղացվելու է ճնշումները ՀՀ իշխանությունների վրա` հատկապես առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ և դրանից հետո ամերիկյան շահերին համահունչ փոփոխություններ իրագործելու նպատակով: Ի դեպ, ճշմարտությանը մոտ են այն վերլուծաբանների կարծիքները, որ ԱՄՆ-ի նպատակն է ոչ թե առաջիկա հայաստանյան ընտրություններում իշխանափո խության իրագործումը, այլ գործող իշխանություններից ի վնաս հայ-իրանական և հայ-ռուսական հարաբերությունների, պրոարևմտյան «նախագծերին» համաձայնելու երաշխիքների «կորզումը»: Իհարկե, դա չի նշանակում, որ իշխանափոխության իրականացման խնդիրն Արևմուտքը հարյուր տոկոսով բացառում է: Կարծում ենք, որ դա մնում է, այսպես կոչված, պահուստային տարբերակ, և կախված հանգամանքներից ու իրավիճակներից, ԱՄՆ-ն այդ ուղղությամբ քայլեր հնարավոր է ձեռնարկի Նախագահի ընտրությունների ժամանակ և դրանից անմիջապես հետո: Ահա այսպիսի բարդ աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով առաջացած արտաքին մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը: Ինչպե՞ս կարելի է պահպանել հայ-ռուսական և հայ-իրանական ռազմավարական համագործակցության առկա մակարդակը` առանց Արևմուտքի բարյացկամ վերաբերմունքը կորցնելու: Սա իսկապես գորդյան հանգույց է հիշեցնում, այն տարբերությամբ, որ «թրի հարվածով» այն «լուծելը» նույնքան վտանգավոր ու ճակատագրական կարող է լինել, որքան ընդհանրապես չլուծելը: «Պոկվել» Ռուսաստանից և միանշանակ կողմնորոշվել դեպի Արևմուտք, ինչին այդքան ձգտում են հայաստանյան արևմտամետ ուժերը` ոխերիմ հարևաններ Ադրբեջանի և Թուրքիայի պարագայում, մեղմ ասած, արկածախնդրություն կլինի: Կորցնել Արևմուտքի աջակցությունը, որը, խոստովանենք, քիչ բան չի արել հատկապես ամենածանր պահերին Հայաստանի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու ուղղությամբ, նույնպես մեծ կորուստ կլինի մեր երկրի համար` հղի մեծ վտանգներով: Եվս մեկ անգամ հիշենք, որ «կամ-կամի» տարբերակը անցյալ դարասկզբին ողբերգական հետևանքներ է ունեցել: Հայկական դիվանագիտությունից պահանջվում է առավելագույն ճկունություն` իրագործելու համար նույնիսկ անհնարինը: Այն է` հասկացնել Արևմուտքին, ամեն ջանք գործադրել «ըմբռնել տալու» համար, թե կոմպլեմենտարիզմը Արևելքից ու Արևմուտքից շրջափակված Հայաստանի համար այլընտրանք չունի: Եթե հաջողվի ԱՄՆ-ին համոզել «բավարարվելու» Արևմուտքին ինտեգրման Հայաստանի այսօրվա տեմպերով և խիստ խանդոտ չվերաբերվել հայ-ռուսական ու հայ-իրանական հարաբերություններին, դա, իհարկե, կարելի է համարել մեծ ձեռքբերում: Թեպետ շատ բան կախված է աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումներից: Հուսանք, որ Հայաստանին կհաջողվի խույս տալ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան դիմակայության զոհը դառնալուց:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ