«ՀԱՎԿԻԹԱՅԻՆ ԿՐՔԵՐ»
Այս նույն գործարարները Սուրբ Ծննդյան օրը եկեղեցիներ կգնան, գուցե նաև մի քանի հարևանի ձվեր նվիրեն: Բայց նրանց հոգին դատարկ է, իսկ «մտածարանը» այնքան լիքն է փողերի հաշվարկներով, որ ոչ հասկանալ կարող են, ոչ էլ գոնե բնազդով գիտակցել` Աստվածորդու տոնի առնչությամբ չունևորին կեղեքելն ամենամեծ մեղքն է: Ա´յ, թող մի պահ ուշադիր նայեն իրենց վառած մոմերի կրակին. կտեսնեն, թե իրենց մոխրացած հոգին ո˜նց է ծխում: Լավ, հոգի չունեն, բայց աշխարհով մեկ պտույտ են գալիս ու լա˜վ էլ տեղյակ են, որ իրենց երազած արևմուտքներում տոների նախօրյակին հատուկ զեղչեր են արվում: Տեղյա´կ են, բայց դա ձեռնտու չէ: Իրենք աչք են փակում դրա վրա, բայց Տիրոջ աչքերը միշտ բաց են:
Երևանյան շուկաներում հավկիթի գինն արագորեն աճում է: Խանութներում դեռևս ռիսկի չեն դիմում և կտրուկ բարձրացումների չեն գնում, սակայն 55-60 դրամանոց հավկիթն արդեն վաճառում են 70-80 դրամով:
Գնորդները վարժվել են, որ Զատկի տոնի նախօրեին միշտ բարձրանում են հավկիթի գները, քանի որ մեր գործարարներն ու գյուղացիները կամենում են, օգտվելով առիթից, գերշահույթ ապահովել: Ընդ որում, ոչ միայն նախատոնական օրերին: Մեր դառը փորձը քանիցս փաստել է, որ բարձրացված գները երբևէ նախկինի չափ չեն դառնում:
Նախկին կոչվածներն էլ ինչ-որ առիթով բարձրացել են.. և այդպես շարունակ: Այսինքն, Հայաստանում արդեն վարժվել են գերշահույթ ստանալու խնդրով տարված` անընդհատ թանկացումների` ամեն մի թանկացում արդարացնելով ինչ-որ «օբյեկտիվ» պատճառներով:
Հավկիթ արտադրող ընկերություններն արդեն որերորդ անգամ` խոսում են թռչնակերի թանկացումների, գազի, էլեկտրաէներգիայի ծախսերի ավելացման, հարկային բեռի մասին` այսպես փորձելով ձևավորել ծխածածկույթ, իսկի իրենք էլ չեն հավատում: Ցանկացած գործարար արտադրությունը կազմակերպելիս պետք է հաշվարկի իր օգուտներն ու վնասները, մշակի հեռանկարային ծրագիր ու հեռանկարային բյուջե: Մինչդեռ նման արդարացումներով հանդես եկողներն այն տպավորությունն են ստեղծում, թե բիզնեսում իրենք միամիտ գառնուկներ են, որոնք միշտ հայտնվում են ֆորս-մաժորային վիճակներում: Գուցե այդպես մտածեինք, եթե մեզ հայտնի չլինեին հայաստանյան շուկայի առանձնահատկությունները, եթե ուսումնասիրած չլինեինք հատկապես հավկիթ արտադրողների գործունեությունը: Հենց ուսումնասիրություններն էլ ցույց են տալիս, որ բոլոր թանկացումները կրում են արհեստական բնույթ և չունեն տնտեսական հիմնավորվածություն: Երբ մտնենք արտադրողների պահեստները, կտեսնենք հսկայական կուտակումներ, ինչը նշանակում է, որ հավկիթի արտադրությունն ընթանում է հարթ, առանց որևէ խոչընդոտի: Հավերն իրենց տերերի նման հաշվենկատ չեն և ածում են ու ածում` անտեղյակ, թե ո˜նց են հարստացնում ոմանց և գրպանահատում մեծամասնությանը: Իսկ հարստացողները շարունակում են միտումնաբար ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի մերթ արհեստական դեֆիցիտը հառնի, մերթ էլ կուտակված արտադրանքի համար վճարի գնորդը` դառնալով արտադրողի պատանդը: