ԱՌԱՋԱՐԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Ինչո՞ւ անպայման ամսավճար

Այլ ոչ` դիցուք, ժամավճար 


 

Քա´վ լիցի, ոչ մի բանական արարած իրեն թույլ չի տա վիճարկել աշխատավարձերի նվազագույն շեմի, կենսաթոշակների բարձրացման ծրագրերը: Բայց չանտեսենք նաև անվճարունակ տնտեսվարողներին` նրանց հնարավորություն տալով գոնե չլուծարվել: Դիցուք, ի՞նչ պարտադիր է նվազագույն վճարաչափը հաշվարկել ամսվա կտրվածքով: Զարգացած շատ երկրներում այդ նվազագույնը ժամավճարով է հաշվարկվում:

Առաջարկում ենք պատկան ատյաններին քննարկել այս տարբերակը: Չէ՞ որ ամեն օր ու օրվա բոլոր ժամերին աշխատողը նույն ծանրաբեռնվածությամբ չի աշխատում: Գործատուն այդժամ կարող է առավել արդյունավետ ու ճկուն աշխատանքային ռեժիմ մշակել:

Եվ ընդհանրապես, արդյո՞ք ժամանակը չէ փոքր և միջին բիզնեսին տրամադրել այնպիսի արտոնություններ, որոնք իսկապես կխթանեին նրանց եթե ոչ զարգացումը, ապա գոնե գոյատևումը:

Վաղուց ի վեր մեր հրատապ առաջնահերթություններից է «Կեցությունն է որոշում գիտակցությունը» աքսիոմատիկ բանաձևումին հետևելը: Հապաղումներն արդեն տեսանելիորեն խաթարել են զանգվածների քաղաքացիական գիտակցությունը: Մասնավորապես, սոցիալական ծանր տարուբերումների մեջ մարդիկ այլևս անկարող են ապրել: «Բարի կամեցողություն», «միմյանց ձեռք մեկնել» ասվածները դարձել են ընդամենը հերթական արտահայտություններ, հիշողության պահարանում նիրհող անօգտագործելի իրեր: Պատճառը պարզից էլ պարզ է. մեծամասնությունը սեփական կարիքները չի կարողանում հոգալ, իր ընտանիքի հաց հանապազօրյան չի կարողանում հայթայթել, էլ ո˜ւր մնաց` իր նման կարիքավոր դրկիցի, ծանոթի հոգսը հոգա:

Գուցե փոքր-ինչ կոպիտ հնչի, բայց խաթարվել է մեր ազգային նկարագիրը, առողջ ըմբռնողականությունը տեղի է տվել: Բայց ուրիշ ի՞նչ մտածես, երբ մի կողմից հավաստիացումներ են հնչում, թե մեր երկրում քիչ չեն ազատ աշխատատեղերը, մյուս կողմից ահագնանում է արտագաղթը, և մարդիկ պատրաստակամորեն մեկնում են օտար ափերում ծանրագույն աշխատանքներ կատարելու: Մեկնում են` կամ ընտանիքը թողնելով բախտի քմահաճույքին, կամ հեռանում են ընտանիքներով: Հաճախ` դեպի անորոշութ յուն: Նորից կրկնենք` պատճառը պարզից էլ պարզ է. աշխատա´նք չկա, սոցիալական անարդարությո´ւնն է վանում մարդկանց, դատական համակարգում Ֆեմիդայի աչքերն այդպես էլ չեն բացվում` ճշմարտության հանդեպ կույր թողնելով որոշ դատավորների...

Մեր պետական պաշտոնյաները չե´ն չափազանցնում. տեղաշարժ կա, սակայն այնքան համրընթաց, որ արդյունքն աննկատ է մնում: Շուկայական հարաբերություններ, ազատ մրցակցություն կոչվածները մեզանում ի սկզբանե խոտոր ճանապարհ մտան: Եվ բռունցքներով իրենց տեղն ամրապնդել կարողացողներն արհեստականորեն. ինչո՞ւ չէ` զոռբայությամբ, խոշորացան-ուռճացան` փոշիացնելով մանր ու միջին ձեռնարկությունը: Փոշիացնել, իհարկե` ոչ բառացիորեն. կա´ն այդպիսիք, բայց ինչպե՞ս են գոյատևում: Մի կերպ, հևիհև և ծայրը ծայրին չհասցնելով: Սովորաբար դա պատճառաբանվում է հարկային բեռի ծանրությամբ: Մինչդեռ ավելի ճիշտ կլինի ասել` հարկային բեռի անհամաչափ բաշխմամբ: Հարկեր պարտավոր են վճարել բոլոր տնտեսվարողները, բայց արդյո՞ք այն չափով, որ տնտեսվարողին հասցնի սնանկացման:

Փոքր և միջին բիզնեսը զարգացնելը հրամայական պահանջ է. հատկապես պետական ձեռնարկություններից գրեթե զուրկ մեր պետության համար: Ի՞նչ է իրենից ներկայացնում փոքր կոչվող բիզնեսը: Դա բիզնես կամ թեկուզ գործարարություն անվանելը պարզապես չափազանցություն է: Ճիշտ է, լավ թե վատ` 3, 4, 5, գուցե մի աննշան ավելի աշխատատեղեր ապահովում են: Թույլ տվեք ասել` պետության փոխարեն գործազրկությունից թեկուզ խորհրդանշորեն փրկում են այդքան մարդկանց: Եվ որպես կանոն` նրանք չեն խուսափում հարկային պարտականություններից: Սակայն ինչ ցնցում են ապրում այդ ձեռնարկատերերը, երբ խոսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին: Իրականում շնորհակալ այդ համապետական ձեռնարկումն, այո, վախեցնում է իր ամենավերջին դրամը կարևորող գործատուին: Արդյունքում նա ստիպված է կրճատել գոնե 1 հաստիք, եթե դեռ նրա հաստիքացուցակում հաստիք մնացել է: Եթե ձեռնարկության տնօրենի աշխատավարձն ընդամենը 70-80 հազար դրամ է, ուրիշ ի՞նչ կարող է անել տնտեսվարողը: