ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ 


 

Տարօրինակ է, իհարկե, որ մայրաքաղաքի շատ մարմնավաճառներ, ովքեր իրենց գործունեությունը գլխավորապես ծավալում են 3-րդ մասի կամրջի ու Երևանյան լճի տարածքում, սկսել են բողոքել, որ իրենց առողջական խնդիրներով ոչ ոք չի զբաղվում…

Զավեշտի է նման այս ընդվզումը, բայց, հավանաբար, նրանք շարունակելու են իրենց բողոքները հղել Առողջապահության նախարարությանը, քանի որ, ըստ մարմնավաճառների, հենց այս գերատեսչությունն է պարտավոր ստեղծել հատուկ ծառայություններ` մարմնավաճառների առողջական վիճակով զբաղվելու, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Մենք զրուցեցինք մի քանի մարմնավաճառների հետ, ովքեր պատմեցին, որ աշխարհի շատ երկրներում գոյություն ունեն համապատասխան բժշկական ծառայություններ, որոնք ամենօրյա հսկողություն են իրականացնում, հետևում մարմնավաճառների առողջությանը:

Հայաստանում հատուկ ծառայություններ չկան: Բայց նաև` մարմնավաճառությունն էլ լեգալացված չէ, չեն ընդունված մարմնավաճառների իրավունքները պաշտպանող օրենքներ: Հենց օրենքների բացակայությունն էլ խիստ զայրացրել է մեր «գիշերային թիթեռնիկներին», որոնց թիվը, պարզվում է, այնքան էլ փոքր չէ:

Նրանք նաև բողոքեցին, որ իրենք պաշտպանված չեն հարձակումներից, ծեծից, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ նրանց վրա հարձակումներ են գործում, շահագործում են ու չեն վճարում մատուցված ծառայության դիմաց: Մեր մարմնավաճառներին զայրացնում է այն իրողությունը, որ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները աջակցություն են ցուցաբերում միասեռականներին, իսկ ահա իրենց գոյությունը մոռացել են կամ հաշվի չեն առնում:

Զրուցեցինք նաև մի շարք բժշկական հաստատություններիկ ղեկավարների հետ, ովքեր պնդեցին, որ իրենք ցանկացած օգնություն ցուցաբերում են բոլորի հարցում, հատկապես մեծ ուշադրություն են դարձնում այն թիրախային խմբին, որը կարող սեռավարակների օջախ դառնալ: Իսկ ինչ վերաբերում է մարմնավաճառների համար նախատեսված հատուկ բժշկական ծառայություններին, ապա մեր օրենսդրությունը պահանջ չի ամրագրել: Նախատեսված չէ նաև մարմնավաճառությունը, սակայն այդ երևույթը կա, և օրավուր ստվարանում են «սիրո քրմուհիների» շարքերը: Ուրեմն, ժամանակն է, որպեսզի այս խնդիրն իսկապես համակողմանի ուսումնասիրության ենթարկվի..