Թիկնապահական ծեծկռտուք 


 

Հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում ընթացող գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահի անվտանգության ծառայության «արծիվները» մի լավ տուրուդմփոց են սարքել տեղի պահազորայինների հետ:

Պատճա՞ռը: Իրենց ղեկավարին` Վլ. Պուտինին, տեղի ծառայությունը շատ հանգիստ թույլ է տվել մուտք գործել «Չիֆ Ալբերտ Լութուլի» մամլո կենտրոնի շենք, իսկ նրան ուղեկցող պատվիրակությանը` թիկնապահների հետ միասին, դուրս են հրավիրել: Բանավեճը վերածվել է ամենաիսկական ծեծկռտոցի (տեղեկացրել է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը):

Հարավաֆրիկյան պահակախումբը որոշել է լուսադիտակով ստուգել Պուտինի թիկնապահների իրերը: Այն նույն գաղտնի ճամպրուկիկները, որոնք նրանք միշտ տեղափոխում են նախագահին ուղեկցելիս և ոչ մի վայրկյան վայր չեն դնում: Բնականաբար` ռուս թիկնապահներն առարկել են և անգլերենին ոնց որ թե լավ չտիրապետելով` անցել են շարժուձևերի լեզվին:

- Մեր թիկնապահը կրծքով հրեց աֆրիկացուն. նա էլ, ի պատասխան հրեց մերին: Ծանրակշիռ առավելությունը` ուսից կախված ինքնաձիգը, հավանաբար վճռականություն ներշնչեց աֆրիկացուն, և նա հրեց նաև մեր մյուս թիկնապահներին,- գրել է MK-ն:

Ի վերջո, իհարկե, «մերժվածներին» ներս են թողել:

ԲՌՀՉՀ-ն արագ զարգացող 5 երկրների միություն է` Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն: Այդ երկրները զբաղեցնում են աշխարհի ողջ տարածքի 30 %-ը. դրանցում ապրում է մոլորակի մարդկության 45 տոկոսը: