ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԱՆՈՒՇ»-Ի ՀԵՏ 


 

ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը համատեղ ջանքերով ձեռնամուխ են եղել Ա. Տիգրանյանի օպերայի բեմադրությանը` այս աշխատանքը համարելով աննախընթաց երևույթ: Գնահատականներից ու մակդիրներից չենք շփոթվում ու զարմանում, պարզապես ուրախանում ենք, որ ազգային անդրանիկ օպերայի հանդեպ հետաքրքրություն է ձևավորվել յուրովի: Իհարկե, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում երբեք թափուր չի եղել «Անուշի» տեղը: Ա. Գուլակյանի բեմադրությանը հաջորդել է Վ. Աճեմյանի բեմադրությունը, ապա ծնվեց Տիգրան Լևոնյանի համարձակ ու խիզախ բեմադրությունը` հաստատելով օպերային ռեժիսու րայում բոլորովին նոր միտումներ: Այդ բեմադրությունից հետո էլ իր մեկնաբանությունն առաջադրեց Գեղամ Գրիգորյանը: Հետևաբար, նոր մտահղացման փաստը մեզ շատ հետաքրքրեց, քանի որ բոլորս էլ սպասում ենք իսկապես արտառոց իրադարձության:

- Բոլոր ժամանակների համար արդիական` սիրո այս պատմությունը նորովի է ներկայացվելու` նոր բեմականացմամբ ու հայ-ֆրանսիական համատեղ նախագծով:

Ահա այսպես է ներկայացրել Հովհաննես Թումանյանի հանճարեղ պոեմի հիման վրա ստեղծված Արմեն Տիգրանյանի համանուն օպերան բեմադրիչ Սերժ Ավետիքյանը:

Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում արդեն սկսվել են օպերայի փորձերը, ամեն ինչ նպատակաուղղվել է բեմադրական աշխատանքներին` անգամ սունդուկյանցիներին պարտադրելով մեկ ամիս ներկայացումներ չհայտարարել:

- Այս ողբերգական պատմության մեջ Անուշը «մեղավոր» է, որ բացահայտել է իր սիրո պատմությունը` չունենալով ո´չ ծնողների, ո´չ էլ եղբոր թույլտվությունը: Նա իրավունք չունի սիրահարված լինել ու պետք է «պարտադիր ու հարգալից լռություն պահպանի»: Ազգայինն ու ավանդականը կարևոր են, ու մենք չենք փորձել դա փոփոխել: Փոփոխություն է այն, որ մոնումենտալություն ենք հաղորդել` 200 մարդ բեմում, երգչախումբ և այլն: Ես միայն փորձել եմ զտել, մաքրել, փոշին եմ հանել,-ասում է բեմադրիչը:

Իհարկե, փոքր-ինչ չափազանցված են թվում բեմադրիչի` իր աշխատանքին տրվող գնահատականները: 200 մարդու հայտնությունը բեմում արտառոց երևույթ չէ, սակայն մտահոգողն այն է, թե այդքան մարդ ինչպե՞ս է տեղավորվելու Սունդուկյանի անվան թատրոնի բեմում, բեմադրական ինչպիսի՞ հնարքներ է կիրառելու Ս. Ավետիքյանը:

- Նման բեմականացման միտքը հնարավորություն տվեց շեշտադրել տարածական ընդգրկումը: Բեմի վրա իրար են կապվել մեներգիչներն ու երգչախումբը, երաժիշտներն ու պարողները: Իմ կողմից շատ ավելի զգայական, քան ինտելեկտուալ աշխատանք է կատարվել: Ամեն ինչ անցնում է մեղմ, ինչպես անուշ բառը,- ասաց խորեոգրաֆ, բեմի և հագուստների ձևավորող Նիկոլյա Մյուզենը:

Ուրախանալով մեկնաբանություններով, այնուհանդերձ չէինք կամենա, որ փորձեին ապացուցել, թե «Անուշը» վաղուց հնացած ու մոռացված ստեղծագործություն էր, թե հենց իրենք են ձգտել այն արդիականացնել: Արդիականացման լավագույն օրինակը ցույց է տվել Տիգրան Լևոնյանը` ստեղծելով մի բեմադրություն, որն օպերային ռեժիսու րայում նախանշում էր նոր միտումների հաստատում:

Բայց նաև կանխավ կարծիք չձևավորենք, պարզապես անհամբերությամբ սպասենք Սերժ Ավետիքյանի «Անուշին»… 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ