Գրավ` մուտքի համար 


 

Մեծ Բրիտանիա մեկնող զբոսաշրջիկները կհուզվեն, իհարկե: Փոխարենը երկիրը չի մտահոգվի նրանց ծախսերով. դիցուք, արտաքսվելու դեպքում իր ճանապարհի վճարը զբոսաշրջիկն ինքը կհոգա:

Այնտեղ պատրաստվում են ժամանակավորապես երկիր ժամանող օտարերկրացիների մուտքի նոր կանոններ ներդնել: Եվրոպական այս պետությունը չի մտահոգվում, որ այդ քայլը կարող է մարդու իրավունքների ոտնահարում կամ մարդկանց հանդեպ խտրականության դրսևորում դիտվել: Խտրականություն, որովհետև Մեծ Բրիտանիա մուտք գործելու համար 1000 ֆունտ ստեռլինգ (1300 դոլար) ամսական գրավ պահանջվելու է միայն «վտանգավոր արտագաղթի» երկրների քաղաքացիներից: Այսինքն` այն երկրներից, որոնցից արտագաղթելը դրանց քաղաքացիների ամենամեծ երազանքն է:

Չի բացառվում, որ գրավի համար ավելի մեծ գումար պահանջվի: Այդ փողերը մուտք կարվեն պետական հատուկ հաշվեհամարին, և օրենքը չխախտած զբոսաշրջիկները մեկնելիս ետ կստանան դրանք: Իսկ երկրում մնալու թույլատրելի ժամկետը գերազանցելու դեպքում` գումարը կառգրավվի: Այս նոր կանոնակարգն օրենքի ուժ կստանա մինչև այս տարեվերջ (AP գործակալությանը տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգը):

Ինչ վերաբերում է «վտանգավոր արտագաղթի» երկրներին, ապա ոչ պաշտոնական տվյալներով դրանց ցանկում են Բանգլադեշը, Պակիստանը, Շրի-Լանկան և Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի որոշ պետություններ: