Թուլացնում են պետության թիկունքը


 

Քրեական օրենսգիրքը գործած հանցանքին արժանի պատիժներ է սահմանում ոչ միայն պաշտոնական անփութության, այլ նաև պետական ծառայողների և պաշտոնատար անձանց կողմից յուրացումներ և խարդախություններ կատարելու դեպքերով: Այդ հանցատեսակներից մի քանի օրինակ ներկայացնենք ընթերցողի ուշադրությանը:

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քննչական բաժնում հարուցված քրեական գործը պաշտոնեական անփութության հատկանիշներ է պարունակում:  Միանգամից ասենք, որ նախաքննական մարմինը ձեռք բերված ապացույցներով արդեն հիմնավորել է պաշտոնեական անփութություն որակվող հանցանքը: Այսպես, բժշկական կենտրոններից մեկի բժիշկ-մասնագետ Աստղիկ Ս.-ն ՀՀ  պաշտպանության նախարարության հայտով զինակոչիկների սոնոգրաֆիկ հետազոտություն էր իրականացնում և զինկոմիսարիատի ուղեգրով ուլտրաձայնային հետազոտության էր ենթարկում զինակոչիկներից մեկին: Նրա ախտորոշմամբ, փաստորեն, պիտի վճռվեր` պատանին զինծառայության պիտանի է, թե` ոչ: Զորակոչային բժշկական հանձնաժողովն իր որոշումը կայացնելիս հիմնվելու էր նրա եզրակացության վրա: Գիտակցելով հանդերձ իր եզրակացության կարևորությունը` բժշկուհին, սակայն, պարտականությունները կատարում է ոչ պատշաճ և անուշադրության հետևանքով եզրակացություն է տալիս, որ զինակոչիկի մոտ ամեն ինչ կարգին է: Բժշկուհու այս եզրակացության հիման վրա զինակոչիկին զինկոմիսարիատը մասնագիտական կլինիկա լրացուցիչ հետազոտության չի ուղարկում` արձանագրելով` «Պիտանի է շարային ծառայության»:

Զինակոչիկի ծառայությունը տևում է մեկ ամիս. թոքաբորբ ախտորոշմամբ նա տեղափոխվում է զինվորական հոսպիտալ: Հետազոտությամբ պարզվում են երիտասարդի երիկամների հետ կապված լուրջ խնդիրները, և նա, որպես ծառայության համար ոչ պիտանի, վաղաժամկետ զորացրվում է:

Աստղիկ Ս.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում` պատճառաբանելով, որ այդ օրը շատ հոգնած է եղել, և անուշադրությունը հոգնածության հետևանք էր: Մինչդեռ նրա սխալը, կամ` թող որ` անուշադրությունը, մարդու առողջությանը, կյանքին էր վերաբերվում, նաև` ինչպես օրենքում է ամրագրված, պետության օրինական շահերին, և բժիշկն անփույթ լինելու իրավունք չուներ: Նախաքննական մարմնի ներկայացրած մեղադրական եզրակացության հիման վրա դատարանն արդեն պատիժ է սահմանել բժշկուհու նկատմամբ:

Հաջորդ դեպքը պաշտոնատար անձի կողմից չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ է: Այս դեպքը վերջին տարիներին աղմուկ հանած հանցագործությունների մեծ շղթայի մի օղակն է միայն և պատկերացում է տալիս, թե ինչով են զբաղված եղել որոշ պետական պաշտոնյաներ իրենց վստահված ծառայություններում: ՀՀ ոստիկանության վարույթում գտնվող քրեական գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության վճարող-տեսուչ, 1980 թ. ծնված Արթուր Վարդանյանը 2005-2010 թ.թ. ժամանակահատվածում իրեն վստահված կենսաթոշակների գումարներից յուրացման եղանակով հափշտակել է 5 կենսաթոշակառուների անվամբ ելքագրված շուրջ 2 միլիոն դրամի հասնող կենսաթոշակի գումարները:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործով Ա. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի հասնող յուրացում կատարելու հատկանիշներով: Ի դեպ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունում բացահայտված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրյալների քանակն անցել է երկու տասնյակը և վերջերս ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ այս գործով խոշոր չափի գումար հափշտակելու մեղադրանքով ձերբակալված Սոցապի Նոր Նորքի տարածքային կառույցի պետի տեղակալ Արթուր Սուքիասյանը շուրջ 17 միլիոն դրամի յուրացում է կատարել: 2001-2008 թ.թ. նա աշխատելով Սոցապի Քանաքեռ-Զեյթուն ստորաբաժանման պետի տեղակալ` 2008 թ. հունվար-օգոստոս ամիսներն ընկած ժամանակահատվածում կեղծ դիմումների հիման վրա խարդախության եղանակով հափշտակել է 22 հանգուցյալ կենսաթոշակառուների անվամբ ելքագրված-կասեցված կենսաթոշակի գումարները:

Հաջորդ դեպքը խարդախության ոլորտից է: Այն վերջերս բացահայտվել է ոստիկանության Ախուրյանի բաժնում: Ոստիկանները պարզել են, որ Ախուրյան համայնքի ղեկավար, 54-ամյա Արծրունի Իգիթյանը 2008 թ. հուլիսին կատարելով պաշտոնեական կեղծիք` համագյուղացիներից մեկին տրամադրել է հողի չափի վերաբերյալ կեղծ տեղեկանք, որն էլ վերջինս ներկայացրել է «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ին և ստացել 5.668.888 դրամ արժողության 38.828 տոննա պարարտանյութ:

Պետությունը դժվարին պահերին կանգնում է իր քաղաքացիների թիկունքին, մինչդեռ որոշ վայ-քաղաքացիներ իրենց ոչ ողջամիտ և անհեռանկար արարքներով թուլացնում են պետության թիկունքը: