Մտահոգության առիթ չկա


 

Երեկ խորհրդարանը շարունակեց քննարկել արտակարգ դրության ռեժիմի մասին օրինագիծը: Նշենք, որ այն կառավարությունը վերջերս վերադարձրել էր խորհրդարան` լրամշակման: Օրինագիծը 24 ժամում քննակելու հանգամանքը հարուցել էր խորհրդարանական ընդդիմության դժգոհությունը: Փաստաթղթերի հարուցած մտահոգությունների շուրջ է զրույցը ՀՀ Արդարադատության նարարար Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ:

- Ի՞նչն է ստիպել խնդրո առարկա օրինագիծն հրատապ ռեժիմով քննարկել:

- Առաջին հերթին Սահմանադրությունը, և մեր ստանձնած պարտավորությունները: Մենք արդեն բավական ուշացրել ենք այս օրենքի ընդունումը և թեկուզ մեկ օր հապաղումը կարող է խնդիրներ առաջացնել. մարդիկ կարող են մտածել, թե օրենքին առնչվող ոլորտի չկարգավորվածությունը կարող է իրենց դեմ աշխատել:

Սակայն քիչ չեն նաև մտահոգությունները, որ օրենքը խորհրդարանի քննարկման օրակարգում է հայտնվել անմիջապես ընտրությունների նախօրեին: Կարծիք կա, որ օրինագծի ընդունումը միտում ունի ընտրություններից առաջացած հնարավոր հուզումները ճնշելն օրենքով արդարացնել:

- Այդ առումով ես խնդիրներ չեմ տեսնում: Կարծում եմ` մտահոգություններն ազնիվ են և պայմանավորված չեն ընդդիմադիր լինելով ու ինչ-որ բան ասած լինելու հանգամանքով: Օրինագծի քննարկումը պայմանավորված չէ առաջիկա ընտրություններով: Եթե մարդիկ արտակարգ դրություն ասելիս աչքի տակ ունեն հանրահավաք և այլն, ես նման իրավիճակ ները գրեթե բացառում եմ: Բայց երկիրը, պետությունը, որը շրջապատված է արտաքին թշնամիներով, միշտ պետք է պատրաստ լինի արտաքին և ներքին անվտանգությանը սպառնացող ցանկացած երևույթից պաշտպանվելու համար:

- Բայց Սահմանադրությունն ասում է, և Դուք էլ եք պնդում, որ ժողովրդի դեմ ոչ մի պարագայում ուժ կիրառել չի կարելի:

- Այո, իհարկե: Բայց ժողովուրդ ասելով նայած` ի՞նչ նկատի ունեք: Եթե այն մարդիկ են, որ զենքը ձեռքին նպատակ ունեն երկրի քաղաքական իշխանություններին վերացնել, ապա ես նրանց դեմ ուժի կիրառմանը կողմ եմ: Եթե խոսքը խաղաղ հանրահավաք անցկացնող ժողովրդի մասին է` դեմ եմ:

Նկատի ունեմ վերջինը:

- Այդ դեպքում օրինագծում ամրագրված է համաչափության սկզբունքը: Նա, ով պետք է արտակարգ դրության կիրառման որոշում կայացնի` կաշկանդված է այդ համաչափությամբ:

- Այսինքն, ընդդիմության հայտնած մտահոգության առիթը չկա՞:

- Ո´չ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ