ՆՈՒՇԻԿՅԱՆԸ ՏԵՂ Է ՓՆՏՐՈՒՄ ԱՐԵՎԻ ՏԱԿ


 

Որքան էլ արդարացի է, որ խորհրդարանից հեռանան գործարարները` օրինաստեղծ գործունեությունը թողնելով քաղաքական գործիչներին և արհեստավարժներին, այնուհան դերձ հայկական «մենթալիտետը» մեր մի շարք գործարարների ստիպում է մղվել դեպի խորհրդարան` հոգ տանելու միայն անձնական բիզնեսի մասին:

Մշտապես Երևանի Կենտրոնի ընտրատարածքներից մեկում գրանցվող և պատգամավոր դարձող Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում բացառապես զբաղվել է անձնական բիզնեսի շահերը պաշտպանող օրենքների ստեղծմամբ: Ու հիմա էլ նրանից չի կամենում հետ մնալ մեկ այլ գործարար` Գարեգին Նուշիկյանը: Գարեգին Նուշիկյանն իր թեկնածությունն է առաջադրելու Խաչատուր Սուքիասյանի կողմից վաղուց սեփականաշնորհված ընտրատարածքում` այսպես նրա հետ մտնելով ինքնատիպ մրցակցության մեջ:

Նուշիկյանը «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահն է, տնտեսագիտության թեկնածու: Նա Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ է: Միաժամանակ նա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խնամին է: Այս վերջին հանգամանքը հատկապես նրան դարձնում է անխոցելի և երաշխիքներ ստեղծում հաղթանակի համար: Իսկ թե ինչ է անելու այս նոր գործարարը խորհրդարանում` կարելի է միայն ենթադրել: Նա կգա ԱԺ միայն այն ժամանակ, երբ իրեն հետաքրքրող հարց կլինի կամ էլ «կստիպեն» քվեարկել որևէ օրինագծի օգտին: Մնացած ողջ ժամանակը կտրամադրի անձնական բիզնեսին և դրա ծավալներն ընդարձակելու համար տարբեր երկրներ կմեկնի: Իհարկե` խորհրդարանի հաշվին նույնիսկ:

Ինչ խոսք, խնդիրը միայն Նուշիկյանը չէ: Այսօր նույնկերպ են վարվում մեր գրեթե բոլոր գործարար պատգամավորները: Եթե հետազոտենք նրանց «խորհրդարանական» գործուղումները, ապա կտեսնենք, որ նրանք այն երկրներ են մեկնում «կարևոր գործուղումների», որտեղ անձնական բիզնեսին առնչվող հարցեր ունեն: Ստացվում է, որ մեր բյուջեն պատգամավորներ է կերակրում` միայն ու միայն նրանց բիզնեսի բարգավաճման համար: