Վիրտուալ ծուղակ դյուրահավատների համար

Անհրաժեշտ դասընթաց` տերյանական շեղումով


 

Ժամանակակից աշխարհի ձեռքբերումներից մեկը` ինտերնետը, հետզհետե դառնում է մեր կյանքի բաղկացուցիչ մասը: Համացանցի ընձեռած հնարավորություններն, անկասկած, անսահմանափակ և անփոխարինելի են, սակայն վիրտուալ կյանքն ունի նաև իրական վտանգներ, որոնք ծուղակ և լուրջ սպառնալիք են հատկապես դյուրահավատների համար, քանի որ զինվելով համակարգչով` ինտերնետային խարդախներին հաջողվում է տարբեր մեքենայությունների միջոցով փող աշխատել, անգամ սրտեր նվաճել և մեծ գումարներ կորզել: Իրական կյանքի համեմատությամբ` ինտերնետային խարդախներն ամեն տեսակ վտանգներից իրենց առավել ապահով են զգում, քանի որ ծանոթանալով որևէ մեկի հետ, ներկայանում են ինչպիսին կցանկանային լինել, և ոչ այնպիսին, ինչպիսին իրականում կան, ուստի զոհի հետ անմիջապես շփման բացակայությունը լիակատար ազատություն է տալիս խարդախին: Այսպիսի մի դեպք էլ օրեր առաջ բացահայտեցին հայ ոստիկանները:

Փետրվարի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մովսես Խորենացու փողոցից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի 26-ամյա բնակիչ Արսեն Կ.-ին:

Պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերին ինտերնետի սոցիալական ցանցերից մեկի միջոցով ծանոթացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացուհի, 37-ամյա Տ. Օլլիսի հետ: Երիտասարդը կնոջը ներկայացել է որպես պրոֆեսիոնալ մարզիկ և չարաշահելով նրա վստահությունը` խնդրել է սպորտում աջակցել իրեն ու ֆինանսավորման համար պարտքով ուղարկել 8.000 եվրո: Եվ այ քեզ հաջողություն. ինտերնետային ծանոթուհին` Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող օտարուհին, հասկացել է տղայի հոգեվիճակը, «մտել դրության մեջ», գորովանքով լցվել նրա նկատմամբ և` 2011 թ. դեկտեմբերին Արսեն Կ.-ն հայաստանյան բանկերից մեկի միջոցով ստացել է պահանջած գումարն ու խաբեությամբ տիրացել:

Մինչդեռ, հիշո՞ւմ եք, մեր շատ սիրելի Վահան Տերյանը դառնությամբ ու ափսոսանքով ասում էր. «Մեզ չի հասկանա օտարերկրացին, մեզ չի հասկանա սառն օտարուհին... »:

Համացանցային վտանգներից զերծ տերյանական ժամանակներից վերստին վերադառնալով մեր օրերը` ուզում ենք մեր ընթերցողներին` բոլոր այն դյուրահավատներին, ովքեր կարող են դառնալ վիրտուալ զգացմունքների գերին, կրկին նախազգուշացնել ինտերնետային ծանոթությունների հնարավոր տհաճ անակնկալների մասին, հիշեցնել, որ թեև սոցիալական ցանցերում ամեն ինչ վիրտուալ է, սակայն իրական են ժամանակը, դրամական միջոցներն ու մարդկանց զգացմունքները: