ՄԻԱԿՆ ԷՐ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՑ


 

Երևի մի նախախնամ ուժ անվերջորեն հառնում էր նրա ճանապարհին, խառնշտում բոլոր հաշիվները: Նախապաշարումներին չհավատալով` ինչ-որ չար կանխանշաններ էին կանգնում նրա դիմաց, խոչընդոտում, խլում նրանից երջանիկ լինելու իրավունքը: Բայց իր ստեղծագործությամբ, իր արարումներով իսկապես երջանիկ էր Պողոս ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ, որովհետև բեմն ու թատրոնը նրան հանդիպեցրել էին մեծերի հետ, բեմն ու թատրոնը նրան դարձրել էին ճանաչված ու սիրված...…

Հայոց հնամենի Ջավախքի Ախալցիխա գավառի Ծղալթբիլա գյուղում էր ծնվել, 1946 թվականին: Եթե ապրեր, այսօր ուղիղ 66 տարեկան կլիներ: Չեղավ, չհասցրեց...

1964-ին ավարտեց հայրենի գյուղի դպրոցը, բայց ավանդական ոսկերչական արվեստը սովորելու չգնաց, ոչ էլ զբաղվեց նկարչությամբ կամ էլ բախեց որևէ տեխնիկական բուհի դուռ` չնայած մաթեմատիկայից, ֆիզիկայից միայն «գերազանց» գնահատականներ էր ստանում: Ճանապարհը նրան բերեց ու կանգնեցրեց Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դռների մոտ, կարդաց ստուդիայի ընդունելության հայտարարությունն ու մտավ ներս: Մտավ, որպեսզի 1969-ին նույն այդ դռներից դուրս գա որպես դերասան...

Ստուդիայում կուրսի ղեկավարը Վարդան Աճեմյանն էր, դերասանի վարպետության դասախոսը` Մհեր Մկրտչյանը: Իսկապես երջանիկ առիթ էր` նրանցից դասեր առնելու: Իսկ կուրսն էլ համալրված էր երիտասարդ ու խանդավառ մարդկանցով, որոնցից շատերը հետագայում մեր կինոյի ու թատրոնի անվանի դեմքերը դարձան. Շաքե Թուխմանյան, Արմեն Մարության, Ռազմիկ Խոսրոև, Ռազմիկ Արոյան, ուրիշներ...

Ուսանողական տարիներին մասնակցեց Սունդուկյանի անվան թատրոնի մի շարք ներկայացումների, խաղաց դրվագային դերեր: Ստուդիան ավարտելուց հետո ծառայեց բանակում: Երբ վերադարձավ` դիմեց Մշակույթի նախարարություն, խնդրեց իրեն աշխատանքի նշանակել որևէ թատրոնում: Վարդան Աճեմյանի մոտ չգնաց, չնայած, եթե գնար, Աճեմյանն անպայմանորեն նրան կվերցներ Սունդուկյանի անվան թատրոն, որովհետև հավանում էր: Նախարարությունից առաջարկեցին գնալ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոն: Տասներեք տարի աշխատեց այս թատրոնում Պողոս Սուքիասյանը: Աշխատեց նվիրված, ապրեց ստեղծագործական հագեցումի բազում պահեր: Հարուստ էր այստեղ նրա դերացանկը: Միքայել (Ալ. Շիրվանզադե. «Քաոս»), Պեպո (Գ. Սունդուկյան. «Պեպո»), Թափառնիկոս (Հ. Պարոնյան. «Ատամնաբույժն արևելյան»), Քավոր Պետրոս (Րաֆֆի. «Խաչագողի հիշատակարանը»), Եզոպոս (Ֆիգերեյդո. «Եզոպոս»), Միտրոֆան (Ֆոնվիզին. «Տհասը»), Պոդկոլյոսին (Ն. Գոգոլ. «Ամուսնություն»)... Շատ դերասաններ կերազեին նման դերեր խաղալ, շատերը կհպարտանային նման դերացանկով:

1985-ին Պողոս Սուքիասյանը տեղափոխվեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոն: Եկավ իր ուսուցչի անունը կրող թատրոն: Եկավ, որպեսզի այստեղ արդեն նորից հանդիպի Խորեն Աբրահամյանին, ում Օթելլոյի կողքին կանգնել էր որպես զինվոր, ում սիրում ու աստվածացնում էր:

Գյումրու թատրոնում Պողոս Սուքիասյանը խաղաց քսանից ավելի դեր, ունեցավ անօրինակ հաջողություններ: Արդեն 1990-ականներին վստահաբար դարձավ Աճեմյանի անվան թատրոնի լավագույն ավանդույթների կրողներից մեկը, այն անհատականությունը, ով իր ստեղծագործությամբ կենտրոնացնում-ամբողջացնում էր թատրոնի դերասանական առանձնահատկությունների շարունակականությունը:

Մեծագույն երջանկություն էր Պողոս Սուքիասյանի համար խաղալ Ֆերնանդո` Վարդուհի Վարդերեսյանի ընկերակցությամբ, «Ծառերը կանգնած են մահանում» պիեսի բեմադրության մեջ: Խստապահանջ հայ բեմի թագուհին առանձնակի գորովանքով էր վերաբերվում Պողոս Սուքիասյանին, գնահատում նրա անսահման համեստությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը, որը նա ժառանգել էր Սունդուկյանի անվան թատրոնի մեծերից` Գուրգեն Ջանիբեկյան, Ավետ Ավետիսյան, Բաբկեն Ներսիսյան, Մետաքսյա Սիմոնյան, Արուս Ասրյան, Վարդուհի Վարդերեսյան, Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան...

Ճանաչված դերասանի, ասմունքողի «կարապի երգը» Գրիգոր աղան էր` Վրթանես Փափազյանի «Ժայռ» պիեսի բեմադրության մեջ: Կյանքում չափազանց բարի էր, փափուկ, անգամ` անսահման համեստ: Երևի այս համեստությունն էր պատճառը, որ երբեք չպայքարեց ինքն իր համար, կռիվներ չսարքեց, մինչդեռ մերձթատրոնական մարդիկ խաբեցին նրան, թաքցրեցին Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման ներկայացնելու գեղարվեստական խորհրդի որոշումը: Նա ժամանակ առաջ արժանացել էր Մովսես Խորենացի մեդալի` առաջինը ողջ Շիրակի մարզում, առաջինը` մայրաքաղաքից դուրս գտնվող թատրոնների դերասանների մեջ:

...Երևի մի նախախնամ ուժ միշտ հառնում էր նրա ճանապարհին, ամեն ինչ խառնշտում: Կորցրեց որդուն, սակայն որդու հուղարկավորությունից մեկ օր անց բեմ բարձրացավ, արցունքներն աչքերի ու կոկորդի մեջ պահած` խաղաց Քրմապետ: Դա իսկական հերոսություն էր, խիզախում... Տարիներ շարունակ ցավը հոգու պատերին կպած պահեց ու մի օր հեռացավ` երկնքում փնտրելու որդուն... Դա թռիչք չէր դեպի երկինք, այլ դաժան տապալում... Մահացավ Զորավար Անդրանիկի ծննդյան օրը: Երևի սա միակ սփոփանքն է...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ