Որդուն էլ Վլադիմիր կկոչեն


 

Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի կապը ոչ մեկի չէր զարմացնում, բայց չգիտես ինչու` նրանց ամուսնությունը մեծ անակնկալ էր շատերի համար: Ամանորի նախաշեմին նրանց հարսանեկան հանդիսությունը, հետո ԶԱԳՍ-ում գրանցվելն առավել արտառոց դիտվեց` չնայած մինչ այդ զույգն արդեն նշել էր «վարդագույն հարսանիքը»: Հիմա էլ ոմանք փորձում են պարզել, թե ի՞նչն էր նրանց «շտապողականության» պատճառը: Հումորիստ Վլ. Վինոկուրն էլ իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե Մաքսիմն ու Ալլան շուտով նաև ծնողներ կդառնան:

Զավեշտաբանը, իհարկե, կարող էր նաև կատակել: Բայց մարդիկ սկսել էին ինչ-որ փաստեր համադրելով` միանգամայն հնարավոր համարել պրիմադոնայի մայրանալը: Դեռևս Ֆիլիպի հետ ամուսնանալիս` Ալլան մեկ ամիս կլինիկայում բուժումներ է ստացել` երեխա ունենալու ցանկությամբ: Հետո՞ ինչ, որ այն ժամանակ այդ փորձերն անօգուտ եղան:

- Սպասենք մինչև մարտ,- ասել է Վինոկուրը:- Հանկարծ նրանց բախտը կարող է բերել, և կհայտարարեն, թե ինչպես են անվանելու իրենց երեխային: Դուք մի կասկածեք, թե այս ընտանիքն անզավակ է մնալու, որովհետև Ալլան ընդամենը 62 տարեկան է: Նրանք ոչ մեկին չեն որդեգրի. իրենք կծնեն: Ֆիլիպը հավանաբար ասել է նրանց, թե դա ինչպես է արվում: