Երևանի սիրուն աղջիկը


 

«Երևան-Սիթի» սուպերմարկետում Գարուշը մի ծանոթ կնոջ դիմագիծ նկատեց: Քիչ հետախուզելուց հետո ինքն իրեն հավատացրեց` սա հո Ալմաստն է: Զգուշավոր Գարուշը հարմար գտավ Ալմաստին մոտենալ գնումները կատարելուց հետո` գուցե զրույցը երկար տևի: Նա մտորումները շարունակեց` «20 տարի անհետացածը, ինչպես հայտնվել է, այդպես էլ կարող է նորից անհետանալ, մոտենամ` երկաթը տաք-տաք ծեծեմ»: Ու գնաց «ծեծելու...»:

- Որ ասեք ես տիկին Ալմաստը չեմ, ոչ ոք չի հավատա, մեր հին գործընկեր...

- Գործընկե՞ր, ե՞րբ, որտե՞ղ:

- «Տաքտեղ» թերթի խմբագրությունում... Դուք մեր հիմնարկի զարդն էիք, ձեր անվան իսկական տերը: Ընդունվելու առաջին իսկ շաբաթում ձեզ ընտրեցինք արհմիության նախագահ:

- Այ տղա, անշնորհք Գարուշ, էդ դո՞ւ ես: Ինձ հետ դու-ով խոսիր, մի շնորհք էլ չունե՞ս` մի բարև, պաչպռոշտի, գրկախառնում չկա՞...

Ու Ալմաստը` «լավ է ուշ, քան երբեք»-ի սկզբունքով համարյա հարձակվեց, գիրկն առավ փոքրամարմին Գարուշին` էլ եվրոպական, էլ ասիական, հատկապես ամերիկյան ոճերով սկսեց պաչպչել... Գարուշը Սուրենովնայի գրկի մեջ զգում էր, թե ինչպես է թոշնել, ընկել եռանդից: Դեմքը գունատ էր, ծնոտը ներս ընկած, միայն մազերն էին առաջվա պես սև:

- Դե, պատմիր, Գարուշ, էն ժամանակ հարսնացու ունեիր, ամուսնացա՞ր: Մտածում էինք` էռնեկ քո առնողին ըլի. դու շատ բարոյական, ընկերասեր, կնամեծար, հավատարիմ, պարտաճանաչ երիտասարդ էիր, էդ ո՞ւմ բախտավորեցրիր...

- Երեխաներ էլ ունեմ, թոռներ էլ... Բայց մինչև հիմա ապրում ենք կնոջս ստացած մեկսենյականոց բնակարանում, որը միշտ երեսովս է տալիս:

- Իյա˜, ա´յ անճար, չկարողացա՞ր քո աճող ընտանիքին մի բարելավում, մի բան հաջողացնել, ըտենց ո՞նց ես ապրել...

- Ախր հենց դու էիր մեր արհմիության նախագահը, քեզանից շատ բան էր կախված, կնոջս դրդմամբ ինչքա˜ն գրավոր, իմ կողմից ինչքա˜ն բանավոր բողոք-խնդրանքով եմ դիմել: Բայց դու և տնօրենը չուզեցիք օրենքով շարժվել:

- Այ միամիտ, երբ քեզ հասնող բնակարանը տվեցինք ուրիշի, դու շատ քաղաքավարի, լուռ ու մունջ տարար: Միայն ես էի քո կողմից. տեսա քո խեղճությունը, ասի` ինչո՞ւ եմ կոլեկտիվում վատամարդ դառնում, երբ որ միշտ լավամարդ եմ եղել, չէ՞, Գարուշ ջան: Մենք քո մասին էինք մտածում` մարդը անթերի, ջանասիրաբար աշխատում է, տան հարցերով գլխացավանքի մեջ չգցենք. կողմնակի հոգսերը կխանգարեն: Քո նման մարդկանց աչք-ունքը որ բացեինք ու պահանջները չբավարարեինք, կդիմեիք դատարաններ, Կենտկոմ, Մոսկվա, մինչև անգամ ՄԱԿ: Խի, էդ ո՞վ անցավ գլուխը կդնի ցավի տակ: Էդ հաշվով էլ քեզ ավտոմեքենա չտվեցինք. դու քշել չգիտեիր, իմանայիր էլ` վթարներ կտայիր: Որ քո ընտանիքի ու քո կյանքը փրկել ենք բանտերից` թեկուզ հիմա ասա` շնորհակալություն, Ալմաստ ջան:

- Ամբողջ ընտանիքով երազել ենք գոնե մի փոքր հողամաս ունենանք, տուն շինենք...

- Է, Գարուշ, տուն շինելը որ հեշտ լինե˜ր... Ասում են, չէ՞, տուն շինելը տնաքանդություն է, ա´յ տնաքանդ: Պիտի ընկնեիր հողը փորելով, ջուր քաշելով, տանմեջ առնելով... Հետևանքը` քրտնեիր, մրսեիր, պառկեիր. բա հիմնարկում մեր գործն ո՞վ պիտի աներ: Կարծում ես քո նման հարիֆ էի՞նք: Ախր մենք զգում էինք, որ դու խելք չես հավաքում, մենք էինք քո տեղը հավաքում: Մինչև հիմա գլխի չես` ինչո՞ւ քեզ չզրկեցինք քո սիրելի գործով զբաղվելու հաճույքից: Հողամասի հարցը մոռացիր, ոնց որ մենք ենք մոռացել, ես քեզ օրինակ` չենք էլ հիշում, թե ո՞ւմ ծախեցինք, ինչքանո՞վ, ոնց գնացինք Ամերիկա:

- Այ աչքածակներ, արաբական կահույք էլ ստացաք, բայց ինձ մի իշաոտնուկ էլ չտվեցիք:

- Բա եղա՞վ, Գարուշ ջան, նախ դու արաբերեն չգիտես, հետո էլ, երդվում եմ` կահույքի մեջ վաբշե, գոնե մի հատ իշաոտնուկ չկար: Արաբերենի փոխարեն մենք տիրապետում էինք բարդ հայերենին, այն աստիճան, որ մեզ լսողներն էլ չէին հասկանում, թե մենք ինչպես, առանց խոսելու, միայն աչք-ունքի, ձեռք ու ոտքի, դիմախաղի շարժումներով հասկանում էինք` ո՞ւմ, ի՞նչ, ինչքա՞ն է բաժին հասնում:

- Հիմնարկում աճապարարություն-ֆոկուս էիք անո՞ւմ:

- Թեկուզև, բայց հո ամեն մարդ էդ շնորհքը չունի: Հա, հիմնարկի աշխատանքի զգալի ծանրությունը քո վտիտ ուսերին էր ընկած: Խմբագրության անունով ստացված պատվոգրերը, խրախուսանքները, սանատորիաների ուղեգրերը, 13-րդ աշխատավարձը, պարգևատրումները, փոխանցիկ դրոշը և այլն, բոլորը քո և քո նման լծկան քաշող եզների շնորհիվ էինք ստանում:

- Բայց չեմ հիշում, որ ինձ պարգևատրած լինեք:

- Դե սուս, հիմի ասել էի, հա˜, ուտող-ուրացող, մի անգամ դա եղել է: Էդքան որ գովում էինք` հարյուր պարգևատրում չարժե՞ր: Հիմա որ 41 տարի աշխատում ես, ո՞ւր է արդյունքը: Ասում եմ` սխալներդ շտկիր, գոնե մինչև կյանքիդ վերջը մի բանի հասիր:

- Էլ էս տարիքիս ինչի՞ կհասնեմ:

- Ոչինչ, մտածիր թոռներիդ ապագայի մասին, նրանց հասունացրու:

- Կմտածեմ, Ալմաստ... Հիմա ի՞նչ առիթով ես Երևանում, ինչքան ես մնալու, հեռախոս, բան...

- Առաջինը` թոռանս բարձր պաշտոն են տվել, եկել եմ շնորհավորելու: Երկրորդը` կարոտել էի իմ ապրած տուն ու տեղին: Երրորդը` միայն քեզ եմ ասում. «Երևանի սիրուն աղջիկ, էլ ի՞նչ դարդ ունես» երգը իմ մասին է գրված: Հիշո՞ւմ ես, Գարուշ, ջահել վախտս ինչքան սիրուն էի, անդարդ, կավալերներով շրջապատված: Հենց էդ ժամանակն էր, որ սկսեցին երգել իմ երգը: Եկել եմ լսեմ, կարոտս առնեմ, մարդ ենք` էսօր կանք, էգուց չկանք...

Գարուշը գիտեր, որ ժողովրդական այդ երգը մշակել է Առնո Բաբաջանյանը, բայց հարմար չգտավ ճշմարտությունն ասելու, որ Ալմաստ Սուրենովնան հայրենիքից վիրավոր ված չգնար...

Գուրգեն ԼՈՌԵՑԻ

Հրանտ ՀՈՐԻԶՈՆ