ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆԸ


Հայտնի փաստ է` արվեստի այս տեսակի` երաժշտության հիմքում ընկած են ձայնը և լռությունը, ինչը յուրահատուկ ազդեցություն ունի մարդու հոգեբանության վրա: Հաղորդելով հոգևոր, հաճելի զգացողություն, այն ուղղորդում է քեզ հեռո˜ւ-հեռուներ, որտեղ իսպառ անհետանում են ժամանակն ու տարածությունը: Եվ այդ անհունության մեջ հաճելի մեղեդին լույս ու սեր է հաղորդում, թափանցում հոգուդ խորքը` անմնացորդ տիրելով էությանդ, հյուսելով խորհրդավոր, անհավանական մի պատմության սկիզբ ու շարունակություն, որը երբեք ավարտ չի ունենալու:

Ի˜նչ հզոր կարողություն ունի նաև մարդկային մեր այս փոքրիկ ուղեղը. որքան էլ ցանկանաս նույնիսկ քեզնից թաքցնել քո երազները, ինչ միջոց էլ ձեռնարկես, որ շրջանցես, միևնույն է, դրանք պարբերաբար այցելում են հիշողությանդ և մտապատկերումդ գծում ձգտումներիդ իրական պատկերը: Եվ այդ բոլորը` մի ակնթարթում, ընդամենը մի հրաշալի մեղեդու ելևէջներում: Ու քո ներսում նիրհող ամենախորին պահոցից դուրս է ժայթքում մի անհասկանալի զգացում, որ ողջ կյանքիդ ճանապարհին պահել, թաքցրել ես բոլորից: Սիրո, երջանկության ճառագայթները, որոնք անտեսանելի են մարդկության համար, հանկարծ դու շոշափում ես, ողողվում ես այդ լույսով, իսկ նա…

Կլանում ու… անէացնում է քեզ…

Նման զգացողությունների մասին է պատմում Երևանի Ամերիկյան համալսարանի ուսանողուհի, երգչուհի Սոնա ԳՈՒԼԽԱՍՅԱՆԸ: Զգացողություններ, որոնք համակել էին իրեն, երբ Արտերկրում, «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթում գրավելով երկրորդ մրցանակային տեղը` կատարել էր «Կարոտ» երգը:

- «Կարոտ» երգի պատմությունը շատ հետաքրքիր է: Արտերկիր, ոչ ոք չգիտեր հայերեն` բացի մեր պատվիրակության անդամներից: Երաժշտությունն, ընդհանրապես, այնքան հետաքրքիր բան է, որ ունենում է ենթատեքստային թեմա` անկախ նրանից բառեր ունի, թե` ոչ: Նույնիսկ, եթե բառերը քեզ անծանոթ լեզվով է, դու կարող ես հասկանալ` եթե ճիշտ է մատուցվում երաժշտությունը: Օրինակ, դասական երաժշտության մեջ խոսք չկա, սակայն կա ուղղակի մեղեդային գիծ, որը բառերով չի արտահայտ վում: Համերգի ժամանակ «Կարոտ» երգը բավականին ջերմ ընդունելություն գտավ: Նախ` բոլորը շատ հավանեցին երգը, ես էլ շատ եմ սիրում այդ երգը: Ժյուրիի անդամները հուզված ինձ էին նայում: Մի մասի աչքերում արցունքներ երևացին: Ժյուրիի մի քանի անդամներ մոտեցան ինձ և ասացին, որ առանց երգի բառերը հասկանալու, պատկերացրել են, թե ինչ է նա փոխանցում, որովհետև ինձ հաջողվել էր այդ երգը ճիշտ մատուցել, որովհետև ես էլ բեմում նույն զգացումներն էի ապրում, որովհետև երգը շատ հոգեհարազատ էր ինձ` թե´ մեղեդիով և թե` բառերով:

Երաժշտությունը ոչ միայն ժամանցի, կամ զվարճանալու համար է, այլ լուրջ ազդեցություն է թողնում մարդու հոգեկան, հուզական աշխարհի և մարմնի վրա:

Երաժշտությունը բացառիկ երևույթ է. այն ոգևորում է, նպաստում է տրամադրության, հոգեվիճակի փոփոխությանը: Ունի թերապևտիկ մեծ դեր, որն էլ կիրառվում է հոգեբանության մեջ:

Գիտնականները մի շարք ուսումնասիրություններ են կատարել և եկել են այն համոզման, որ որոշ մեղեդիներ, իրոք, պարունակում են ուժեղ թերապևտիկ ու վերականգնողական էֆեկտներ: Այն հիվանդները, ովքեր վիրահատությունից հետո լսել են դասական երաժշտություն, ավելի արագ են ապաքինվել, քան մյուսները: Շատ ատամնաբուժարաններում միացված է դասական երաժշտություն` ցավը թեթևացնելու համար, որովհետև այն հավասարազոր է դեղամիջոցների ազդեցությանը: Մեղեդին բավական դրական է ազդում նաև հղի կանանց վրա` հատկապես պտղի զարգացման շրջանում: Դասական երաժշտությունն ազդեցություն ունի ընդհանրապես կենդանական ողջ աշխարհի վրա ու արագացնում է նաև բույսերի աճը:

Մասնագետները գտնում են, որ երաժշտական կրթություն ստացած երեխաներն ավելի զարգացած բանականություն ունեն: Դեռևս շատ վաղուց մարդիկ գիտակցել են երաժշտության ազդեցության հնարավորությունները: Դրանով է պայմանավորված երաժշտության կիրառումը դասընթացների ժամանակ: Հոգևոր, կրոնական երաժշտութ յունը վերականգնում է մարդու հոգևոր ներդաշնակությունը, տալիս է հանգստություն: Ուրախ երգերը նպաստում են երկարակեցությանը: Երաժշտական հոգեթերապիայի օգտակարության մասին հիմնավոր է Երևանի «Գոյ» հոգեբանական կենտրոնի հոգեբան-խորհրդատու Վարդուհի ՄԱՐԳԱՐՅԱՆԻ խոսքը:

- Երաժշտաթերապիայի մեջ հիմնականում կիրառում են դասական երաժշտությունը: Շատ են ուսումնասիրված Մոցարտի, Չայկովսկու ստեղծագործությունները, սակայն, ցավոք, հաճախ անտեսված է մնում հայկական դասական երաժշտությունը: Մենք ուսումնասիրել ենք Կոմիտասի երաժշտությունը և դրա ազդեցությունը մարդու հոգեբանության վրա: Կոմիտասն ինքը խոսել է այդ մասին: Խոսել է երաժշտության բուժիչ հատկության մասին: Բացի բուժական ազդեցությունից` Կոմիտասի երաժշտությունը նաև կանխորոշիչ ազդեցություն ունի: Լսելով հատկապես «Պատարագը»` մենք կարողանում ենք հասկանալ, թե մարդն ինչ խնդիր ունի:

Կոմիտասը երաժշտական գործիքների ազդեցության մասին ևս խոսել է. քնարի, դաշնամուրի ազդեցության մասին և համեմատել է հողի, ջրի, օդի ու կրակի տարերքների հետ: Նա ասում է, որ եթե մարդու մոտ պակասում է այն նոտան, որը տանում է հողի տարերքին, պետք է նրա մեջ սերմանես այդ նոտան, եթե պակասում է ջրինը, ջրի` նոտան և այլն: Այսինքն, Կոմիտասի երաժշտությունը թե´ բուժիչ և թե´ կանխորոշող հատկություն ունի, որը, ցավոք, հիմա հաճախ չի կիրառվում: Իսկ Ճապոնիայի դպրոցներում կիրառվում է Կոմիտասի երաժշտությունը, որովհետև այն համարվում է տիեզերական, ինչպես Մոցարտինը:

Երաժշտաթերապիա հասկացողությունը գոյություն ունի վաղուց: Երաժշտության միջոցով բուժման մասին է խոսքը, որը մշակել են հոգեբանները: Ինչո՞վ են տարբերվում ուղղակի երաժշտություն լսելը և երաժշտաթերապիան: Ուղղակի երաժշտություն լսելով` մարդը կարող է լսել իր սիրած երաժշտությունը, ունենալ համապատասխան հուզական ապրումներ, ինչը կարտահայտվի որոշակի հոգեվիճակով: Մինչդեռ երաժշտաթերապիան ուղղորդվում է մասնագետի կողմից: Դա տեղի է ունենում 4 փուլերով: Եթե մարդը գտնվում է դեպրեսիայի մեջ, նրան չի թույլատրվում միանգամից ուրախ երաժշություն մատուցել, որովհետև հակառակ պրոցեսը կարող է տեղի ունենալ: Մասնագետը գիտի արդեն, թե որ դեպքում ինչ երաժշտություն պետք է տրվի: Օրինակ` 4-րդ փուլում միայն ավելի ակտիվ երաժշտություն կարելի է մատուցել:

Երաժշտությունն ամրացնում է մարդու իմունային համակարգը, իջեցնում է հիվանդանալու հավանականությունը, նպաստում է վերականգնողական պրոցեսների ակտիվությանը: Շատ մեծ ազդեցություն է թողնում մարդու վրա Մոցարտի երաժշտությունը, որը երաժշտական ֆենոմեն է համարվում: Այն օգնում է սրտի հիվանդությունների ժամանակ: Կլարնետի հնչյունները լավացնում են արյան շրջանառությունը, ֆլեյտան ազդում է թոքերի գործունեության վրա, փողային գործիքները դրական են ռադիկուլիտով հիվանդների համար:

Երաժշտությունը որոշակի էներգիայի, զգացմունքների ու մտքերի կրողն է և կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ:

Ուրեմն լսենք այնպիսի երաժշտություն, որը դրական ազդեցություն կգործի: Կամ դիմենք հոգեբանի օգնությանը, որպեսզի ճիշտ ուղղորդի մեզ:

Ջուլիետա ՄԽԻԿՅԱՆ