«ՈՎ «ՍԱՂ» ՄՆԱ» ՍԿԶԲՈՒՆՔՈ՞Վ-1


Սզբում անհեթեթ, հետո աստիճանաբար օրինաչափ դարձած` դրույթը, որն այս դեպքում առաջ եկավ ծիծաղի մայրաքաղաք Գյումրիի քաղաքապետի ընտրություններից առաջ, ըստ էության ամբողջացնում է մի քանի փուլով կայացած ՏԻՄ ընտրությունների պատկերն ու տրամաբանությունը: Անկախ մրցապայքարի սրությունից` այդ քվեարկութ յունները, անխոս, խիստ միագույն էին, և ընտրազանգվածի նախասիրությունները անգամ հանրահայտ սևի ու սպիտակի միջև բաժանելու հնարավորություն չստեղծվեց: Իր հերթին կուսակցություններով հարուստ հայոց աշխարհում ընդամենը մի քանի քաղաքական ուժեր համարձակություն կամ թե չէ հավես ունեցան` ներքաշվելու տեղական «գլադիատորական» մարտերում: Սրանով հանդերձ` քաղաքական ուժերի պասիվությունը ամենևին էլ չխանգարեց մրցապայքարի թեժ ընթացքին և արդյունքում մի քանի հարյուր համայնքներից ընդամենը մի քանիսում մեկ թեկնածու առաջադրվեց` ըստ էության տվյալ համայնքի բնակչությանը զրկելով ընտրություն կատարելու հնարավորությունից: Իսկ այն, որ քվեաթերթիկները նախկինի պես և ամենուր բազմաթիվ թեկնածուների ազգանուններով ծանրաբեռնված չէին, քաղաքական ուժերի ու նրանց ներկայացուցիչ համայնքապետի թեկնածուների իրատեսության մասին է վկայում: Անշուշտ, սեփական հնարավորությունների մասին պատկերացումների ամբողջացումն ու դրա գիտակցումը միանգամայն ողջունելի երևույթ է: Արդյունքում, այս անգամ ավելի շատ առաջադրվեցին մարդիկ, ովքեր հաջողության գոնե հիսուն տոկոսանոց հույս ունեին: Հենց այս պատճառով էլ թեկնածուների ստացած տոկոսների տարբերությունը գրեթե ամենուր աննշան էր լինում: Եթե ասվածին ավելացնենք, որ խորհրդարանի և Նախագահի ընտրություններում առանձին քաղաքական ուժերի ընտրական «վաստակը» նույն արտապատկերումն ունեցավ նաև ՏԻՄ ընտրություններում, ուրեմն կարելի է եզրակացնել, որ քաղաքական ուժերի դասավորության փոփոխություններ չեն արձանագրվել: Այս համատեքստում հիշարժան են հատկապես ընդդիմության ՏԻՄ ընտրություններում դրսևորած մոտեցումները: Մասնակցել-չմասնակցելու հարցում այդպես էլ կոնկրետ որոշում չկայացնելով` արմատականները միայն առանձին համայնքներում թեկնածուներ առաջադրեցին, ու, որքան հայտնի է, նույնիսկ այդ պարագայում, ոչ մի համայնքում հօգուտ արմատական ների հաջողություն այդպես էլ չարձանագրեց: Փոխարենը առանձին բնակավայրերում սուր մրցակցություն ծավալվեց կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչների, երբեմն էլ նույն քաղաքական ուժի ներկայաց ուցիչ թեկնածուների միջև: Այս հանգամանքն էլ առնվազն երկու առումով է ուշագրավ. նախ ինքնաբերաբար հերքվեցին ներկոալիցիոն պայմանավորվածությունների մասին մինչ այդ հնչեցված պնդումները, և, որ պակաս կարևոր չէ, կոալիցիոն կուսակցությունները, ասենք ՀՀԿ-ն, առանձին համայնքներում միանգամից երկու յուրային-մրցակիցներ ունեցան: Իրողություն, ինչը փաստորեն որևէ պարտադրանքի բացակայության վկայություն էր: Արդյունքում ընտրազանգվածին հնարավորություն տրվեց սեփական նախաձեռնությամբ` իր իսկ նախասիրած արժանավորի օգտին տալ իր ձայնը: Այս երևույթն, անշուշտ, ներկուսակցական ժողովրդավարության իրական և միգուցե աննախադեպ արտահայտություն է: Համենայն դեպս նախորդ տարիների ՏԻՄ ընտրությունների մասով այսպիսի օրինակներ դժվար է մտաբերել: Ցավոք, հիշողությունը ծանրաբեռնելու խնդիր չի առաջանում ընտրական վայրիվերումների և ինչ-ինչ արյունոտ իրադարձությունների մասին խոսելիս: ՏԻՄ ընտրություն ներում Արաբկիրում տեղի ունեցած դանակահարության դեպքն անցյալ շաբաթավերջին կրկնվեց Ստեփանավանում: Ու եթե առաջին պարագայում տուժել էր թեկնածուներից մեկի վստահված անձը, ապա այս դեպքում համայնքի ղեկավարն անձամբ է հետընտրական «ռազբորկայի» անմիջական մասնակիցն ու տուժողը դարձել: Թե ինչն է եղել դանակահարության ու կրակոցների հիմնական շարժառիթը, թերևս նախաքննությունից հետո միայն հայտնի կդառնա (կամ` հայտնի կդառնա՞ արդյոք): Իրողությունն այն է, որ այս անգամ ևս ՏԻՄ ընտրությունների գլխավոր հերոսներին չհաջողվեց խուսափել ավանդական դարձած անախորժություններից: