ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի «ԲԱՐԴՈՒՅԹԸ»


Հայ Ազգային Կոնգրեսի կշռին ու դերակատարությանը «մատների արանքով» նայողներն անցնող ամիսներին հավանաբար ինչ-ինչ քաղաքական նկատառումներով են առաջնորդվել: Չթերագնահատելով Նախագահի ընտրություններում երկրորդ տեղն զբաղեցրած և հանրության ավելի քան քսան տոկոսի համակրանքին արժանացած թիմի վարկն ու հեղինակությունը` արձանագրենք, որ, այնուամենայնիվ, հոկտեմբերի 17-ի` շրջադարձային համարվելու արժանի հանրահավաքը կարող է նաև ընդհուպ մինչև ներքաղաքական կյանքի ժամանակավոր լճացման հանգեցնել: Դժվար չէր կանխատեսել, որ շարժման գործունեության սառեցման մասին հայտարարությունը Կոնգրեսում ընդգրկված կուսակցություններից ոչ բոլորն էին սիրով ընդունելու: Դեռ այն ժամանակ, երբ հանրահավաքները դասախոսությունների վերափոխվեցին, որքան էլ հմտորեն թաքցվեր, այնուամենայնիվ ակնհայտ էր, որ արդեն իրար կրկնել սկսած միտինգաշարերն այնքան էլ լավ չեն ընդունվում կոնգրեսականների «վճռական գործողությունների կողմնակից» թևում… Իսկ այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 17-ին կամ միգուցե սկսած հոկտեմբերի 17-ից` մեծ անակնկալ խոստացավ, Կոնգրեսի առավել ակտիվ թևի հույսերն ու ծրագրերը եռման ամենաբարձր աստիճանին հասան: Հետո միայն պետք է պարզվեր, որ այս անգամ հեղափոխականների լավատեսությունը զրոյացվելու է հարթակից ժայթքած սառը ցնցուղով Վերջիններիս հիասթափեցնող ավելի «մեծ անակնկալ» դժվար էր նախապատրաստել, սակայն հարկ է արձանագրել, որ առաջին Նախագահը, լավ գիտակցելով շարժումը սառեցնող հայտարարության սառը հետևանքներն ու արձագանքները, ճարահատյալ, ակամայից կամ էլ միամտաբար (՞) չգնաց այդ քայլին: Եվ մինչ հրապարակավ մատուցված «սյուրպրիզի» հետևանքով առաջացած շոկից հեղափոխականների այս թևն ուշքի կգա, այլևս ժամանակն է անդրադառնալու ուրվագծվող մի շարք գործընթացների, որոնք ըստ ամենայնի առաջիկայում կսկսեն զարգանալ Կոնգրեսում ու նրա շուրջ: Նախ ամենակարևորի մասին. «պատմական» դարձած հանրահավաքում ընթերցված տեքստի, իսկ ավելի կոնկրետ հանրահավաքադադարի որոշման մասին հավանաբար միայն առաջին Նախագահն է իմացել: Ասել է թե, Լ. Տեր-Պետրոսյանը նշված որոշումը ոչ միայն միայնակ է կայացրել, այլ նույնիսկ Կոնգրեսում ընդգրկված քաղաքական ուժերի հետ այս հարցը քննարկելը նպատակահարմար չի գտել: Համենայն դեպս ԵԱՀԿ-ի ղեկավար կազմի նախահանրահավաքային բոլոր ասուլիսներում ու հարցազրույցներում ուղիղ հակառակ տրամադրություններն էին գերիշխում, ու մեծ էր լավատեսությունը, թե սկսած վերջին ուրբաթահավաքից գլխավոր բանախոսի դասախոսությունները բոլորովին այլ ընթացք ու բովանդակություն են ունենալու: Իսկ հիմա, երբ այսկերպ տրամադրվածների ծրագրերը լիովին հօդս են ցնդել, այլևս հասունացած կարելի է համարել նաև Կոնգրեսից հեռանալու պատեհ առիթը: Հեղափոխական ֆուրորը վերջնականապես անցյալում է, ու հիմա ավելի պարզորոշ է դառնում, որ անցնող ամիսները ոչ այնքան նախահեղափոխական իրավիճակի հասունաց ման, որքան դրա գոյության չհաջողված հիմնավորումներ գտնելու նպատակին են ավելի շատ ծառայել: Գրեթե աքսիոմատիկ այն հակափաստարկը, թե կուսակցությունների և ոչ մի միավորում չի կարող հավերժել, իհարկե, անհերքելի է, բայց այստեղ խոսքը ոչ թե հավերժության, այլ ավելի շատ ընդամենը մի քանի ամսվա` այդպես էլ վերջնական տեսքի չբերված գործակցության փորձի մասին է: Փորձ, որը Կոնգրեսի հեղափոխական թևի համար աստիճանաբար սկսեց փորձանքի վերափոխվել: Եվ մինչ հիմնավորվող, խորացող կասկածները գործնական արտահայտություն կստանան, հընթացս մեծանում է նաև նույն «բազայի» վրա մի նոր Կոնգրեսի կամ, որ պակաս հավանական չէ, նման պատեհ առիթի սպասող ընդդիմության ծնունդի հավանականությունը: Սակայն այդ գործընթացներին առաջիկայում որքան էլ փորձ արվի առանձնակի լրջություն հաղորդել, միևնույն է, դրանք շատ արագ կայացման զրոյական ցուցանիշներ են արձանագրելու: Որքան էլ սրանում տագնապալի ոչինչ էլ չլինի, այնուամենայնիվ, իշխանությանը համարժեք այլընտրանքի տեսքով ասպարեզում հայտնվելու առանձին շրջանակների ճիգերն ի սկզբանե անհաջողության են դատապարտված` թեկուզ հենց հասարակական աջակցության լիակատար բացակայության հետևանքով: Հենց այստեղ էր Լ. Տեր-Պետրոսյանի առավելությունը… Ով կարողանում էր և° հանրահավաքները մարդաշատ դարձնել, և° ընտրություններում պատկառելի թվով տոկոսներ հավաքել: Այլապես, մարդիկ, ովքեր դեռևս վաղնջական 90-ականներից իրենք իրենց քաղաքականության մեջ են տեսնում և հաջորդող տասնամյակներին երկրի ինչ-որ գավառական բնակավայրում գոնե ավագանու կուսակցական անդամ չեն կարողացել ունենալ, նույնիսկ «երկրորդ շնչառությամբ» ասպարեզ գալու դեպքում, կրկնելու են նախորդ տարիների անհաջողությունները: Տարբերությունը միայն այն է լինելու, որ այս անգամ պարտությունը շռնդալից, ընդգրկուն և վերջնական է դառնալու` միաժամանակ ամփոփելով վերջիններիս ձախողումների երկար տարեգրությունը: Այս շրջանակներում արդեն նկատվող խլրտոցը հաստատ իշխանության սրտով չի կարող լինել, և ձախողյալների նեղլիկ թիկունքում իշխանության «ականջները» որոնելն անիմաստ է: Ի վերջո, ոչ մի իշխանություն չի ցանկանա իր կադրային բանկը վարկաբեկված անհաջողակներով համալրել: Ինչ վերաբերում է Լ. Տեր-Պետրոսյանի թայմ-աութին իշխանության մասնակցությանը, ապա այստեղ էլ է անիմաստ որոշակի շահագրգռվածություն որոնել: Ի վերջո, հաճելի ու ցանկալի չէր համարժեք այլընտրանքից զրկվելը, մանավանդ որ այդ այլընտրանքն ինչ-որ իմաստով հետաքրքիր էր դարձել: Ընդ որում, դեռ այն պահից, երբ Լ. Տեր-Պետրոսյանի թիմը գիտակցեց, որ իր այդօրինակ պայքարով Բաղրամյան պողոտայում հիմնավորվել չի կարող: