Հա՞ որ...


ՎԵՐՋԻՆ տարիների բոլոր բյուջեները մի շատ խորհրդանշական ընդհանրություն ունեն` չափազանց լավատեսական են: Այս զուգահեռն է առաջանում ակամայից, երբ հետևում ենք նախորդ շաբաթվանից Ազգային ժողովում սկսված 2009-ի բյուջեի նախագծի քննարկումներին: Մինչ այդ, սակայն, վերհիշենք, որ ընթացիկ տարվա բյուջեն բավական տպավորիչ` հավակնոտ անունն ուներ… Իսկ հիմա, երբ տարին ավարտվում է, թերևս ժամանակն է նաև ամփոփելու, թե ում հավակնություններն ինչքանով բավարարվեցին: Այս հարցի պատասխանը հստակ է դառնում թեկուզ այն դիտարկումից, որ տարվա ընթացքում հանրությունը երկու անգամ հնարավորություն ունեցավ իր վերաբերմունքն արտահայտել իշխանության հանդեպ… Ու եթե հաշվի առնենք, որ թե° Նախագահի, թե° տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում այդ վերաբերմունքը դրական է եղել, ուրեմն կարող են նաև ենթադրել, որ ժողովուրդն ընդհանուր առմամբ կամ գոնե հայոց աշխարհի բնակիչների կեսից ավելին գործող իշխանությունից առանձնապես դժգոհ չէ: Անշուշտ, սա չի նշանակում, թե ամենամյա երկնիշ տնտեսական աճերի արդյունքում մենք սկսել են աննկարագրելիորեն լավ ապրել, ու գործադիրում էլ այնքան միամիտ են, որ իրականությանը միայն կառավարության շենքի պատուհաններից են նայում… Բնավ: Ու հենց միամիտ չերևալու մտահոգությունն էլ բյուջեի նախագիծը ներկայացնելիս առաջ բերեց այս տարվա ոչ պակաս հնչեղ` «աղքատամետ բյուջե» ձևակերպումը: ԻՆՉՊԵՍ և ինչով ենք ապրելու: Առաջիկա շաբաթներին խորհրդարանում ծավալվելիք թեժ քննարկումներում հավանաբար այս հարցի պատասխանը կփորձեն գտնել օրենսդիրն ու գործադիրը: Սակայն մինչ այդ արդեն հայտնի նորահայտ ձևակերպումն անգամ բացահայտում է, որ հավակնոտ բյուջետային տարում ևս աղքատության, իսկ ավելի ճիշտ` այս արատավոր երևույթի նահանջին նպաստելու գործում մեծ առաջխաղացում դարձյալ չի գրանցվել: Ճիշտ է, հենց այս տարեսկիզբը աշխատավարձերի ու կենսաթոշակների շոշափելի բարձրացմամբ նշանավորվեց, բայց կառավարության սույն ժողովրդահաճո քայլը մեր կյանքում այդպես էլ շոշափելի տեղաշարժեր չարձանագրեց, քանի որ անզուսպ գնաճը` հատկապես ապրանքների ու ծառայությունների արժեքների շարունակական բարձրացումը, այդպես էլ հնարավորություն չտվեց` օգտվելու հավելյալ «եկամուտները» այլ, դարձյալ խիստ կենսական նպատակներով ծախսելու բերկրանքից: ԱՅՍ պատմությունն ամենայն հավանականությամբ կրկնվելու է նաև 2009 թվականին: Արդեն իսկ թվեր են հրապարակվում հունվարի 1-ից վճարվելիք աշխատավարձերի բարձր չափերի մասին, մինչդեռ այս ամենին առաջվա պես շարունակում է վազանցել կյանքի թանկացման հեռանկարը: Այսպես, միայն այն փաստը, որ եթե ոչ տարեսկզբից, ապա ապրիլի 1-ից գազի սակագինը ամբողջ 40 տոկոսով բարձրացվելու է, արդեն իսկ տխուր մտորումների առիթ է տալիս: Ու նաև արդարացի տարակույսներ առաջացնում. երբ մի քանի շաբաթ առաջ Իրան-Հայաստան վաղուց պատրաստ գազատարը գործարկելու մասին լուրեր տարածվեցին, աղոտ հույսեր արթնացան, թե քառասուն տոկոսանոց թանկացման սպառնալիքը ի չիք կդառնա: Բայց, չգիտես ինչու, խողովակաշարը շարունակում է դատարկ մնալ, և ոլորտի պատասխանատուները ամենայն պատրաստակամութ յամբ հյուսիսից եկող հրահանգներով են միայն առաջնորդվում: Անշուշտ, հայոց աշխարհի ցանկացած բնակիչ կարող է կանխատեսել այս թանկացման բոլոր հնարավոր ու անհնարին հետևանքները: Իսկ այդ հետևանքները ամենաբացասական դրսևորումներն են ունենալու, քանի որ թանկացումը դարձյալ շոշափելի է լինելու, և խոսքը տվյալ դեպքում մի ամբողջ 40 տոկոսի մասին է: ԹԵ ում հրահանգով են առաջնորդվում «Բիլայնի» պատասխանատուները, դժվար է ասել: Պարզ է սակայն, որ այդ հրահանգներում բաժանորդների շահերը հաստատ ներառված չեն: Այսպես, «Արմենթելի» այս ապրանքանիշը հիմա էլ շարունակաբար գովազդում է «Հարմարավետ» խոստումնալից անունը կրող բջջային կապի մի նոր փաթեթ, որն անհասկանալիորեն գործող սակագներից ավելի թանկ «հարմարավետություն» է առաջարկում: Գլուխ ցավեցնել չարժե, որովհետև այդչափ բարձր սակագինն, ինքնին անհարմարավետ է` եթե չենք ուզում օգտագործել «կեղեքում», «աճպարարություն» հոմանիշները: Ուստիև մնում է զարմանալ, թե ինչ են մտածում մարդիկ այդ և համանման այլ պարագաներում այսչափ անհեթեթ առաջարկներ անելուց առաջ…