1 հարց` խորհրդարանական ճեպազրույցից դուրս


Ի՞նչ ծրագրեր ունեն խորհրդարանական քաղաքական ուժերը` հատկապես արտախորհրդարանական ընդդիմության հետ համագործակցելու և նրան հանրահավաքային հարթակից գործնական ասպարեզ տեղափոխելու ուղղությամբ: ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ. ՀՀԿ խմբակցության քարտուղար - Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցելու շրջանակներում որոշակի գործունեության հարթակ է հանդիսանում «Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող» հանձնաժողովը: Մենք գիտենք միտինգների ստեղծագործ և ավերիչ ազդեցությունը: Միտինգների արդյունքում են փակվել «Նաիրիտ»-ը, Ատոմակայանը: Արգելվել է գազի պահեստարանի կառուցումը: Ինքներս մեր ձեռքերով ավերել ենք մեր երկիրը: Իհարկե, միտինգները ունեն նաև դրական, կառուցողական ազդեցություն: Այսօր, շնորհիվ այդ միտինգների, իշխանություններն ականատես են լինում ընդդիմության նոր աշխատաոճին և զգում են նրա շունչը: ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ. «Ժառանգություն» խմբակցության քարտուղար - Թե° խորհրդարանական և թե° արտախորհրդարանական ընդդիմության հիմնական առաքելությունը և գործառույթը հասարակությանը և ինչո՞ւ ոչ` իշխանությանը, այլընտրանքային ծրագրեր ներկայացնելն է: Հակակշիռ հանդիսանալ իշխանություններին և ընտրությունների ժամանակ` օրինականության շրջանակներում, իշխանափոխության օրինական հայտ ներկայացնել: Մենք «դատապարտված» ենք արտախորհրդարանական ընդդիմության հետ ավելի արդյունավետ աշխատելու, քանզի նա մեր բնական դաշնակիցն է և անկախ գաղափարախոսությունից ու սկզբունքներից ունենք մի մեծ ընդհանրություն. չենք կիսում երկրի համար վարվող ներքին և արտաքին քաղաքականությունը և ցանկանում ենք հասնել այդ քաղաքականության փոփոխությանը: Հետևաբար, մեր գործողություններում պարտավոր ենք որոշակիորեն համակարգել և դիտարկել միմյանց` իբրև բնական դաշնակիցներ: ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԲՀԿ խմբակցության անդամ - Ես միշտ կարևորել եմ ընդդիմության հետ երկխոսությունը: Նախագահի հրամանով ստեղծված փաստահավաք խումբը հրաշալի հարթակ կարող է հանդիսանալ երկխոսության համար: Ի վերջո, խմբի ստեղծումը միանշանակ կբավարարի այն պահանջները, որոնք նախանշում է ընդդիմությունը: Կարծում եմ` այդ խմբում համատեղ աշխատանքը կարող է դառնալ երկխոսության այն հիմքը, որը այսօր պետք է հանրապետությունում երկփեղկվածությունը կարգավորելու համար: ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ. ՕԵԿ խմբակցության ղեկավար - Ես անկեղծորեն կողջունեի ընդդիմությանը, եթե նա միտինգայինից անցներ գործնական հարթակ: Կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է պարտադիր մասնակցի փաստահավաք խմբի աշխատանքներին: Այդ առնչությամբ եղել է առաջարկություն, և հնարավորություն է ընձեռվել ընդդիմությանը` գործնական քայլերով աջակցելու: Հարկ էր, որ ընդդիմությունը մասնակցեր նաև «Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող» հանձնաժողովի աշխատանքներին և սեփական փաստարկներով իր ձայնը բարձրաձայներ: Չէ՞ որ միայն միտինգներով չէ, որ կարելի է բողոք հնչեցնել: Ի վերջո, անազատության մեջ են իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչները, իրենց համախոհները և գործնական քայլերով միայն ընդդիմությունը կարող է հասնել արդյունքի: ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆ. ՀՅԴ խմբակցության անդամ - Յուրաքանչյուր երկրում ընդդիմության հիմնական խնդիրը` իշխանություններին քննադատելով, նրան ավելի լավ աշխատելու մղելն է: Կարծում եմ, հենց ընդդիմությունը պետք է լինի հասարակության քննադատական կարծիքի ներկայացնողը թե° Ազգային ժողովում, թե° քաղաքական դաշտում: Այդուհանդերձ, պետք է գնալ ոչ թե մերժողական ճանապարհով, այլ մնալ կառուցողական դաշտում: Համոզված եմ, որ այդ դեպքում իշխանությունն ինքը կձգտի դրական և ժողովրդի համար բարենպաստ քայլեր իրականացնել: Մինչդեռ մեր իրականությունում քաղաքական մրցակցություն է, ոչ թե որոշակի ծրագրեր իրականացնելու, այլ սոսկ իշխանափոխության խնդիրներ առաջ քաշելու մարմաջով: Կարծում եմ, ժամանակն է, որ մեր ընդդիմությունը ևս գնա կառուցողական ճանապարհով, և իշխանություններն էլ զգան, որ հանձին ընդդիմության` առկա է իր թերությունները մատնանշող քաղաքական ուժ:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ