Ո՞վ է վախենում փաստահավաք խմբի աշխատանքից


Անցյալ ուրբաթ հրապարակվեց 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների և դրանց պատճառների բացահայտման նպատակով «Փորձագետների փաստահավաք խումբ ստեղծելու և նրա գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությունը: Ինչու՞ է երկրի ղեկավարը նման կարգադրություն ստորագրել: Պատասխանը կա հենց նույն փաստաթղթում` «Խմբի աշխատանքները նպատակ ունեն օժանդակել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2008 թվականի հունիսի 16-ի թիվ 086-4 որոշմամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի կողմից իր առջև դրված խնդիրների իրագործմանը»: Իսկ Ազգային ժողովի հիշյալ հանձնաժողովը, որը ժողովրդի մեջ առավել հայտնի է «Սամվել Նիկոյանի հանձնաժողով» անվամբ, այդպիսի օժանդակության կարիք ունի՞: Այո°, ունի: Նույն Սամվել Նիկոյանն ինքն էր դիմել Ազգային Ժողովին` իր ղեկավարած հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս չորս ամսով երկարաձգելու խնդրանքով: Նման խնդրանքի պատճառներից մեկն էլ հենց այն է, որ Հանձնաժողովի առջև փաստահավաք աշխատանք կատարելու անհրաժեշտություն է ծառացել: Եվ մեկ անգամ չէ, որ հրապարակավ դիմել է հանրությանը, այդ թվում արմատական ընդդիմությանը` խնդրելով տրամադրել ունեցած բոլոր փաստերը, տեսագրությունները, իրեղեն և այլ ապացույցները: Որևէ դրական արձագանք գործնականում չի եղել: Ոչ միայն արմատական, այլև խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է հանձնաժողովի աշխատանքը, հրաժարվել է դրան մասնակցել` պատճառաբանելով, թե «նրանում ընդդիմությունը հավասար ներկայություն չունի»: Նախագահի խնդրո առարկա կարգադրության մեջ այդ պատրվակը, վերջապես, վերացված է: Սահմանված է, որ 5 հոգուց բաղկացած փաստահավաք խմբում ապահովվելու է կառավարող կոալիցիայի և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հավասար ներկայություն: Խմբի ստեղծման գաղափարը մինչ այս դրական էին գնահատել նաև միջազգային կառույցների ներկայացուցիչները, մասնավորապես Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը: Եվ, օգտագործելով այս փաստը, որոշ թռուցիկ հրապարակումներում փորձ է արվում Նախագահի հիշյալ կարգադրությունը մեր հասարակական լսարանին ներկայացնել որպես դրսի, տվյալ դեպքում Համարբերգի ճնշման արտահայտություն: Սակայն կարևորն այդ չէ, այլ այն, որ փաստահավաք խմբի լիազորությունները բավական ընդարձակ են: Ավելին` բոլոր ատյաններին պարտադրվել է կատարել փաստահավաք խմբի պահանջները` «ողջամիտ ժամկետներում»: Ակնհայտ է, որ այս կարգադրությունն անելուց առաջ նախագահը չի շոշափել մանավանդ արմատական ընդդիմության տրամադրությունները, չի պարզել, թե նրանք մտադի՞ր են մասնակցել այդպիսի մի աշխատանքի: Որովհետև կարգադրության մեջ նախատեսվում է խումբը կայացած համարել, եթե հավաքվի 5 հոգուց առնվազն 3-ը: Դա նշանակում է, որ Նախագահը չի բացառել խմբի աշխատանքին մասնակցելուց ընդդիմության հրաժարվելը: Որ դա այդպես է, երևում է նաև ընդդիմության… լռությունից: Համենայն դեպս, մինչև այս երկուշաբթի ընդդիմությունը հայտարարություն չէր արել իր վերաբերմունքի մասին: Դատելով առանձին գործիչների նախնական մեկնաբանություններից, ընդդիմադիր ճամբարում ավելի շատ հակված են մերժել, քան օգտվել փաստահավաք խմբին մասնակցելու` իրենց ընձեռված հնարավորությունից: Այլապես մատի փաթաթան չէին դարձնի Նախագահի կարգադրության մեջ հատուկ ընդգծված այն վերապահումը, որ փաստահավաք խմբի աշխատանքները ենթակա չեն լուսաբանման, որ նրա նիստերը պետք է լինեն դռնփակ: Սա հասարակական լսարանին է հրամցվում իբրև մարտի 1-2-ի դեպքերը «բաց ու թափանցիկ հետաքննությամբ անցկացնելու եվրոպական պահանջների ոտնահարում»: Այդպիսի «մեկնաբանությունն» ընդամենը էժանագին մտավարժանք է, փաստահավաք խմբի աշխատանքին մասնակցելուց իրենց հնարավոր հրաժարումն արդարացնե լուն միտված ձեռնածություն: Փաստահավաք խումբը ոչ հետաքննություն, ոչ դատաքննություն չի իրականացնելու: Դա նրա խնդիրը չէ: Խումբն ընդամենն օգնելու է Ազգային Ժողովի հանձնաժողովին` ձեռք բերել օբյեկտիվորեն ստուգված և որևէ տարակույսի տեղ չթողնող փաստեր ու միմիայն փաստեր, որոնց հավաստիությունը իրավունք ունի ստուգել` անգամ միջազգային փորձագետներ հրավիրելու միջոցով: Հետևաբար, փաստահավաք խմբի աշխատանքի գաղտնիությունն ապահովելը միանգամայն արդարացված է: Դա խմբին հնարավորություն կտա աշխատել առանց կաշկանդումների, առանց իր աշխատանքի շուրջ բարձրացվելիք հնարավոր հասարակական աղմուկի: Երբ ամեն կողմից աղմուկ է բարձրացվում, երբ այս կամ այն փաստի շուրջ շահագրգիռ կողմերից որևէ մեկը իրեն ձեռնտու լույսի տակ կանխատրամադրված մեկնաբանություններ է ներկայացնում հանրությանը, դա շատ ավելի խանգարում, քան թե օգնում է ճշմարտության բացահայտմանը: Հասարակական աղմուկը ամենաանբարենպաստ ազդեցությունն է գործում բոլոր նրանց վրա, ովքեր տեղյակ են այս կամ այն փաստից և ուղղակի վախենում են… ճշմարտությունն ասել: Ընդսմին, նկատի ունեմ երկու կողմերի` թե իշխանության, թե ընդդիմության տեսակետները կիսող վկաներին: Անգամ` փորձագետներին: Միամիտ չլինենք: Ոչ միայն իշխանությունները կարող են հալածել իրենց անցանկալի վկաներին, այնպես էլ արմատական ընդդիմությունը կարող է լռեցնել, ահաբեկել, կաշառել և նույնիսկ ֆիզիկապես վերացնել իրեն անցանկալի վկաներին: Նաև` փորձագետներին: Եվ երբ դատարանում այս կամ այն վկան հրաժարվում է իր նախնական ցուցմունքներից` դա հենց այդ խայտառակ ճնշումների բացահայտ դրսևորումն է: Պարզապես բարոյական չէ, երբ նույնիսկ դատարանի դահլիճում վկաների վրա ահռելի բարոյական ճնշում գործադրողները վայնասուն են բարձրացնում, թե նրանց նախնական ցուցմունքները «կորզված կամ սարքված են»: Պետությունը պարտավոր է ապահովել անխտիր բոլոր վկաների, փորձագետների, գործին առնչվող այլ անձանց գաղտնիությունը, երաշխավորել նրանց կյանքի, ընտանիքների անդամների և հարազատների անվտանգությունը: Հենց դրան են միտված Նախագահի խնդրո առարկա կարգադրության համապատասխան կետերը, և պարզապես փարիսեցիություն է ձևացնել, թե խմբի աշխատանքը գաղտնի պահելու պահանջն, իբր, «անհասկանալի է», «հակասում է Եվրոպայի պահանջներին»: Վերջին հաշվով, մենք իրավունք չունենք մոռանալու, որ մարտի 1-2-ի իրադարձությունները կարող էին հանգեցնել իշխանության բռնազավթման, պետական հեղաշրջման, անգամ քաղաքացիական լայնամասշտաբ բախումների, որոնց հետևանքները շատ և շատ ավելի ծանր կլինեին: Մեզ համար, անշուշտ, մեծ ցավ է, որ այդ օրերին մենք 10 զոհ տվեցինք: Բայց ինչու՞ ենք բացառում, որ զոհերի թիվը կարող էր անհամեմատ ավելի մեծ լինել, հարյուրներով, եթե չասեմ հազարներով հաշվվել: Եվ մենք իրավունք ունենք իմանալու, թե գործող իշխանությունները իրականում մեզ փրկե՞լ են այդ զարհուրելի հետևանքներից, թե՞ իրենք են սադրել մեր ապրած ողբերգությունը: Մեղավորը կամ մեղավորները, ովքեր էլ լինեն, պետք է բացահայտվեն և արժանի պատիժ կրեն: Եվ եթե Նախագահի կարգադրությամբ ստեղծված փաստահավաք խումբը օգնի այդ խնդրի լուծմանը, ապա նրա աշխատանքը արժանի կլինի հասարակության երախտագիտությանը:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ