«Սա սկիզբն է նոր վերելքի»


Հատկապես մարզաշխարհում ճանաչումն ու համընդհանուր հարգանքը զերծ են ամեն տեսակի պայմանականություններից: Առավել ևս աննկատ թվացող մարզչական աշխատանքը իր հստակ չափորոշիչներն ունի` մարզական նվաճումներ կոչվող վերջնարդյունքով: Առաջին հայացքից` հաղթողի պատվանդանին մարզիկն է, որի հայացքը, սակայն վերելքի պահին հենց նրան է որոնում` իր մարզչին, ում շնորհիվ է ինքը հաղթահարել հերթական բարձունքը: Խորհմիության և Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՀՀ սպորտի և ֆիզկուլտուրայի վաստակավոր գործիչ, ՀՀ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆիկ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ իսկապես ճանաչված է մարզաշխարհում: Ու թերևս ավելի մեծ ճանաչում ունի միջազգային ասպարեզում: 9 օլիմպիական խաղերի է մասնակցել` իր սաների հետ, ովքեր գրեթե երբեք ձեռնունայն չեն վերադարձել: 5 օլիմպիադաների մասնակցել է որպես Խորհրդային Միության սիրողական բռնցքամարտի հավաքականի 2-րդ մարզիչ, 3-ին` Հայաստանի հավաքականի և 1-ին` որպես Հունաստանի թիմի գլխավոր մարզիչ: Ասել է թե` 36 տարի անընդմեջ նա օլիմպիականների կամքն է կոփել և հաղթելու արվեստը սովորեցրել երիտասարդներին: Եվ նրա սաների մրցելույթներն աննկատ չէին կարող մնալ: Մարզիչի բարի համբավը լավագույն գնահատականն է` իբրև արձանագրված հաջողությունների շարունակություն: Այսօր էլ տարբեր երկրներից նա հրավերներ է ստանում. օտարազգի գործընկերները մասնագիտական հարցերում հաճախ խորհրդակցում են Ռ. Մեհրաբյանի հետ` վստահելով նրա փորձին ու անկողմնակալությանը: Ռ. Մեհրաբյանի համար, սակայն, իր իսկ խոսքերով` - Հոգեբանորեն դժվար է ուրիշ երկրում աշխատելը և օտարազգի մարզիկների հաջողություններով ուրախանալը: Այստեղ, իհարկե, դժվարություններ կան, սակայն ինձ վարձատրված եմ զգում, երբ մեծ ռինգում հաղթողը իմ հայրենակիցն է: Այստեղ ես իմ երկրին եմ ծառայում, իմ երկիրն են ներկայացնում միջազգային մրցասպարեզում, և դա հոգեկան մեծ բավարարվածություն է պարգևում: Մանավանդ Աթենքի օլիմպիադայից հետո վերստին համոզվեցի, որ դեռ շատ անելիքներ ունեմ և կարող եմ նպաստել հայրենական սպորտի զարգացմանը: Իսկ Հրաչիկ Ջավախյանի պեկինյան հաղթանակը լավագույն վկայությունն է, որ հայկական սպորտը, մասնավորապես` բռնցքամարտը, նոր վերելքի հույսեր է ներշնչում. հայտնի փաստ է, որ օլիմպիական մեդալն այս անգամ Հայաստան վերադարձավ 32 տարվա ընդմիջումից հետո: *** Նոյեմբերի 3-ին հայ բռնցքամարտիկները մեկնելու են Անգլիա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Եվ սիրողական բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռ. Մեհրաբյանը գրեթե համոզված է, որ ձեռնունայն չեն վերադառնա: Ու որպես իր խոսքը հարգող անհատ, նա նաև հիմնավորում է այդ համոզմունքը. - Մեկնում ենք 9 բռնցքամարտիկներից բաղկացած նորացված թիմով: Մեր երիտասարդ մարզիկներից շատերն արդեն մեծ ռինգի փորձ ունեն. Հովհ. Դանիելյանը (Եվրոպայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր), Ա. Հովհաննիսյանը (Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող), Ս. Մաթևոսյանը (աշխարհի առաջնությունների կրկնակի մրցանակակիր)… - Օլիմպիական հաջողությունն, անշուշտ, ոգևորել է ու նաև լուրջ եզրահանգումների առիթ դարձել: Առավել ևս` մեր Ազգային օլիմպիական կոմիտեն կարծեք թե հետևողականորեն վերլուծում է բոլոր արդյունքների պատճառա-հետևանքային մանրամասները: Ավելին, ժողովուրդը նորից հավատ է ընծայում մեր մարզիկներին: Այս ամենը պետք է որ պարտավորեցնեն` բազմապատկել նվաճումները, ինչպես ասում են` ավելի ազնվացնել մեդալների որակը: - Ի դեպ` օլիմպիական խաղերը չի կարելի համեմատել մարզական մյուս մրցումների հետ: Մարզասերներից քչերը գիտեն, երևի, որ օլիմպիադայում, օրինակ, հաղթում է այն մարզիկը, ով լավագույն պատրաստվածության հետ մեկտեղ նաև ամուր նյարդեր ունի, ոչ մի պահի չի կորցնում հավասարակշռությունն ու ինքնատիրապետումը: - Այսինքն` մարզումների ընթացքում նաև հոգեբանորեն եք նախապատրաստում: - Անպայման: Սակայն այդ հատկանիշներն ամրապնդվում են տարբեր մրցաշարերին մասնակցելու ընթացքում: Պեկինյան նվաճումները ես համարում եմ մեր նոր հաջողությունների սկիզբը: Չպետք է մոռանալ, թե ինչ վիճակում էին մեր մարզադպրոցներն ու դահլիճները` պատերազմի, անցումային փուլի դժվարությունների պատճառով: Վերջին երկու տարում, պետական հոգածության արդյունքում, վերանորոգվեցին մարզաբազաները` մեզ հնարավորություն ընձեռելով լիարժեքորեն պատրաստվել: Մինչդեռ չորս տարին է ընդունելի այն ժամանակահատվածը, որի ընթացքում նախապատրաստվում են ուժերի այդ մեծ ստուգատեսին: Ինչ վերաբերում է ԱՕԿ-ում կատարվող բարեփոխումներին, ապա, իսկապես, մանրակրկիտ վերլուծություններ են կատարվում. յուրաքանչյուր մարզիչ իր հաշվետվությունն ու գնահատական-կարծիքն է ներկայացրել: Սա նաև հաջորդ օլիմպիադային նախապատրաստվելու սկիզբը կարելի է համարել: Բարեփոխումների անհրաժեշտություն իսկապես կար. և հիրավի վաստակ ունեցող, աշխատանքի արդյունքով իրենց արդարացրած կադրերով համակարգը համալրելու պարագայում միայն հնարավոր է ավելի մեծ նվաճումների հույսեր փայփայել: Այո, սպորտի հանդեպ փոխվել է վերաբերմունքը` պետական մակարդակով, և առաջընթացն անուրանալի է: Այն ընդունելությունը, որին մենք արժանացանք Պեկինից վերադառնալով, լավագույն ապացույցն էր, որ սպորտը այլևս սոսկ ժամանց կամ առողջությունը կոփելու միջոց չի դիտվում: Անկեղծ լինենք. այդ ո՞ր ժամանակում են պետական այրերը, Հանրապետության նախագահի առաջնորդությամբ, այսքան պարգևներով ու նման մեծարանքով ընդունել օլիմպիականներին: Օդանավակայանում դիմավորելը, Հանրապետության հրապարակում Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի ջերմ վերաբերմունքը, մեր հայրենակիցների անկեղծ շնորհավորանքները… Այսպիսի գնահատանքը ինքնահարգանք է ներշնչում և անչափ պարտավորեցնում է: Այն հպարտությունը, որ մենք ապրեցինք այդ օրերին, նոր նվաճումների լավագույն խթան է: Վերջին հաշվով, մեր մարզիկներն արդեն համոզվեցին, որ բարձր արդյունքները նաև իրենց նյութական ապահովվածությունն են երաշխավորում… Այնպես որ կադրային անսխալ քաղաքականության, միայն արհեստավարժ մարզիչների ու ներուժ ունեցող մարզիկների ճիշտ ընտրության և, իհարկե, միջազգային չափանիշներով մարզաբազաների առկայության ու հետևողական պահանջկոտության արդյունքում հայկական սպորտը կվերագտնի իր նախկին դեմքը, կվերածնվեն բարի ավանդույթները: Ի վերջո, նաև սպորտն է ճանաչում բերում երկրին: Իսկ այն ամենօրյա ջանքեր է պահանջում` ինչպես գլխավոր, այնպես էլ մյուս մարզիչներից: Այս առումով պետք է անպայման նշեմ, որ մեր հավաքականում հիմնականում առաջատար մարզիկների մարզիչներն են ընդգրկված. 2-րդ մարզիչ Կարեն Աղամալյանը, Գևորգ Միսակյանը, Հուսիկ Արիստակեսյանը, Արմեն Հակոբյանը, ովքեր եռանդ չեն խնայում` բռնցքամարտիկների վարպետությունը կատարելության հասցնելու: Բոլորին ընդգրկել, իհարկե, հնարավոր չէ, թեև ունենք խոստումնալից այլ մարզիչներ նույնպես: *** Մարզական հաջողությունները կրկին վերադառնում են Հայաստան: Բարեբախտաբա°ր: Եվ ժամանակակից պահանջներով վերանորոգված ու նորակառույց մարզակրթա րանները, մարզասրահներն ու դահլիճները հաճելիորեն դեպի իրենց են ձգում մանուկներին ու պատանիներին` վերածնելով հին ճշմարտությունը` սպորտը ուժ է, կամք, հաղթելու ձգտում…

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ