ՋՈՒՂԱՅԻ ԴԱՐԱՎՈՐ հառաչանքների արձագանքները


Պատմամշակութային ժառանգության պահպանությամբ մտահոգվածությունս չի հասցնում խաղաղվել£ Սկիզբ առնելով հանրության իրազեկությունը բարձրացնելու նպատակով Գառնու հեթանոսական տաճարի մատույցներում, Գյումրու պատմական միջուկում տեղեկատվական վահանակների տեղադրմամբ` շարունակություն է գտնում պատմական Սյունիքից ժառանգված Նորավանքի վանական համալիրում£ ՀՀ ներկա տարածքում պատմական Սյունիքից փոքրիկ մի հատված է սոսկ մնացել, բայց նրանում առկա ճարտարապետական ու անձեռակերտ կիսավեր կոթողների բազմաքանակությունը անհնար է նույնիսկ տեսնել մեն¬մի այցելությամբ£ Ուր մնաց` դրանց արժեքի, վիճակի ու պահպանության մասին հստակ պատկերացում կազմել ու հանրությանը լիարժեք տեղեկացնել` ներարկելով բացօթյա մեր թանգարանի հազվագյուտ ցուցանմուշների պատշաճ խնամքի, այդ առումով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ժառանգական պարտքի գիտակցության անհրաժեշտությունը£ Հետաքրքրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) XVI Գլխավոր ասամբլեայի բովանդակությամբ` շտապում եմ Ճարտարապետական թանգարան, հայկական պատվիրակության հաշվետու հանդիպմանը£ Չնայած ուշանալուս, չեմ կարողանում անտարբեր անցնել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 100-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված ցուցահանդեսի սրահներով£ Հայաստանի քարակոփ կառույցների տեկտոնիկան ազգայինի սկզբունքների ստեղծագործաբար կիրառությամբ նորովի իմաստավորած, 150¬ից ավելի բնակելի, հասարակական, արտադրական, մշակութային իրականացված կառույցների ու համալիրների նախագծերի հեղինակի հանրածանոթ գեղաճաշակ աշխատանք ների պատկերագրերը կլանում են ուշադրությունս, երախտագիտության զգացում արթնացնում կրկին այս վառ անհատականության հանդեպ` թողած հարուստ ժառանգության համապատկերի ներգործությամբ£ Խորհրդակցությունների փոքրիկ սրահից ինձ են հասնում ԻԿՕՄՕՍ/Հայաստանի հիմնադիր նախագահ Գագիկ Գյուրջյանի խոսքերը. «Բազմամշակույթ աշխարհի նյութական և ոչ նյութական ժառանգությունը պահպանող ու հետազոտող, 9500 պրոֆեսիոնալներից ու ջատագովներից կազմված միջազգային ամենախոշոր համաժողովում Հայաստանը հնարավորություն ունեցավ ամենայն խորությամբ բարձրացնելու Ջուղայի հայկական վտանգված ժառանգության, մասնավորապես երբևիցե տասնյակ հազարավոր մեծարժեք խաչքար¬հուշարձաններից բաղկացած պատմական գերեզմանոցի վանդալիստական ոչնչացման կասեցման հարցը…»£ Անմիջապես սթափվում եմ, միանում սրահում հավաքված շահագրգիռ մտավորականներին և համակ ուշադրությամբ հետևում մտքերի փոխանակության ընթացքին£ Եվ կրկին ակամա հայտնվում Մեծ Հայքի Սյունիք նահանգի պատմական տարածքում£ Այս անգամ մտովի, միայն դեգերելով Երջնակ գավառում, Երախսի ձախ ափին երբևէ սփռված Ջուղա քաղաքի հուշարժեք ձեռք բերող, Նախիջևանի ինքնավար հանրապետությունում ադրբեջանական իշխանությունների կողմից նենգամիտ հետևողականությամբ ամայացվող քարակերտ գանձարանի միջակայքում£ Առաջին անգամ Մարաստանի արքա Աժդահակի ժառանգներին Հայաստան գերեվարելու ավանդապատումի կապակցությամբ Պատմահոր հիշատակած հնամենի Ջուղան, որի հայ բնակիչները իրենց ծննդավայրը շենացնելու, ավերակների մոխիրներից քանիցս վեր բարձրացնելու կորովալից կամքով հայապահպանության, ճշմարիտ հայրենասիրության բացառիկ օրինակ, պատմական կենսունակության կենդանի դասագիրք են XXI դարի հայաստանցիներիս ու աշխարհասփյուռ վտարանդի հայերիս համար£ Նոր Ջուղային ու Ջուլֆային ծնունդ տված Ջուղան` հայտնի ոչ միայն աշխարհի մեծահարուստների հետ ոտք մեկնող հայ վաճառականներով (խոջաներով), այլև զարգացած արհեստների մշակութային բարձրարժեք արգասիքներով£ Միջնադարյալ հայ մշակույթի ու գրչարվեստի խոշորագույն կենտրոն Ջուղան, որի բարեբեր հողում ստեղծված ճարտարապետական բազմահարուստ հիմնովին ավերված կամ կիսակործան կոթողներից ամենաուշագրավների զգայացունց տպավորությունը իսպառ չի ջնջվել մարդկության պատմական հիշողութ յունից£ Արաքսի վրա կառուցված հնգաթռիչք կամուրջի, Ամենափրկիչ վանքի, քաղաքային բաղնիքի ու գլխավոր իջևանատան, Դարվազրի բերդի, Հովվի ու Աստվածածին եկեղեցների… Դեռևս XVII դարում շուրջ 10 հազար լավ պահպանված անզուգական խաչքարերով ու անթիվ անհամար յուրաոճ տապանաքարերով աշխարհին հայտնի գերեզմանատան£ Իրենց կազմությամբ ու հարդարանքով, վիմագրչությամբ ու պատկերաքանդակներով հայկական քանքարի խոսուն վկայագրերով£ Իններորդ դարից ի վեր£ Գուցե թե Ջուղայի առեղծվածային կենսունակության հրաշքով է, որ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող այդ հրաշակերտի քարե հիշատակները, տասնամյակներով բարբարոսաբար ոչնչացվելով, համառորեն չեն ենթարկվում հիմնավերության դաժան մոլուցքին£ Չընդգրկվելով նույնիսկ Ադրբեջանի պատմամշակութային ժառանգության հաշվառման պաշտոնացանկում£ Ջուղայի պատմական գերեզմանատան հետագա ավերածությունները կասեցնելու տեսակետից վճռորոշ նշանակություն կարող է ստանալ 2008¬ի հոկտեմբերին Քվեբեկում (Կանադա) գումարված ԻԿՕՄՕՍ¬ի XVI Գլխավոր ասամբլեայի ընդունած 32 որոշումներից հինգերորդը, որով մշակութային ժառանգության պահպանության միջազգային հեղինակավոր փորձագիտական հանձնախումբը իր խիստ մտահոգությունն է հղում Մշակութային և բնության ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի կողմ¬պետութ յանը` Ադրբեջանին, դյուրացնելու փորձագետների պատվիրակության մուտքը հնավայր` նախապես կանխարգելելով հետագա վայրագությունները£ Այս առաջին գրավոր միջազգային փաստաթուղթը, չունենալով քաղաքական լուծում տալու իրավասություն, ՅՈՒՆԵՍԿՕ¬ի հետ սերտ համագործակցությամբ, այդուհանդերձ, բեկումնայինի միտում է դրսևորում մշակութային ժառանգության Ջուղայում վտանգված արժեքների փշրանքները գեթ փրկելու առումով£ ԻԿՕՄՕՍ¬ի XVI Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցած մեր պատվիրակների` Գ. Գյուրջյանի, Հ. Ազիզյանի (ԻԿՕՄՕՍ/Հայաստանի գլխավոր քարտուղար) և Մ. Բրամբիլայի (արտասահմանյան անդամ, ԱՄՆ) մանրակրկիտ տպավորությունները` կանադական համաժողովից ու համընթաց միջազգային գիտաժողովից «Որտեղ է թաքնված վայրերի ոգին. մտորումներ նյութականի և ոչ նյութականի միջև» խորագրով, հույս են ներշնչում: «Խոսքի կրակը պետք է մշտավառ պահել,¬ հավաքվածների կասկածոտ հետաքրքրասիրության տասնամյակներով ամրապնդված հոռետեսությանն ընդդիմանում է ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահը£¬ Մեր անլուծելի մնացած կնճռոտ խնդիրները հանգուցալուծելու ցանկացած հնարավորություն նպատակասլաց օգտագործել£ Տարիների փորձը ցույց է տալիս, որ ԻԿՕՄՕՍ¬յան եռամյա համաժողովները գործնական լծակներ են ընձեռում£ 3 պատվիրակներս 18 վճռորոշ ձայնի իրավունք ունեինք, փորձագետների 12 հոգանոց հանձնախումբը միաձայն հաստատեց մեր ներկայացրած որոշման նախագիծը£ «Վայրերի ոգու պահպանության մասին» Քվեբեկի հռչակագիրը նոր վճռական քայլեր նախաձեռնելու հավատընծա խանդավառություն, արիակամություն է ներշնչում»£ ՀՀ քաղաքաշինության համակարգում պատկառազդու է անձնական ներդրումը մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար Գագիկ Գյուրջյանի , ով աշխատանքային կենսագրությունը որպես ճարտարապետ 1972¬ին սկսելով «Հայպետնախագիծ» ինստիտուտում, Պոլիտեխնիկն ավարտելուն պես, ավելի քան 15 տարի պատվով ստանձնել է Աշտարակ քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը` զուգահեռ հեղինակելով ողջ շրջանի պատմամշակութային ժառանգության պահպանությանն ուղղված մի շարք նախագծեր£ Մասնագիտական հմտությունները, կազմակերպչական ունակությունների դրսևորումները այնուհետև խորացել ու հավելյալ փորձառությամբ են հարստացել տարբեր պատասխանատու պաշտոններում£ 1998¬ից գործունեության ոլորտը, որպես ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների վարչության պետ, մեր պատմամշակութային ժառանգությունն է£ Տնտեսական առկա դժվարությունների ու սեփականաշնորհման գործընթացների մարտահրավերներին դիմագրավելու հրամայականով` դժվարանցանելի խութերով լեցուն£ Օրենսդրական դաշտի ամրապնդման առաջնայնության գիտակցությամբ աշխատաոճը պահպանելով 2004¬ից մինչ օրս ՀՀ մշակույթի փոխնախարարի պաշտոնում ևս` Գյուրջյանն իր բանիմացությունն ու եռանդը շարունակում է ծառայեցնել պատմամշակութային ժառանգության բնագավառի համակարգմանը£ Համակողմանի մոտեցումներով£ Նրա կարևոր դերակատարությունը գնահատվում է նաև միջազգային համապատասխան կառույցների գործընկերների կողմից£ Հեռավոր Քվեբեկում նրա 60-ամյա հոբելյանի անակնկալ նշանավորումը ասվածի վերջին պարզ վկայություններից է£ Բնագավառին առնչվող մինչ օրս նախաձեռնած ու մոտ ապագայում ծրագրած բազում միջոցառումների նպատակասլաց կազմակերպվածությունը միանգամայն վստահեցնում է, որ Գագիկ Գյուրջյանը հետևողականորեն կնպաստի Քվեբեկյան հռչակագրի շուտափույթ կենսագործմանը` ոչ միայն Հայաստանի սահմաններից դուրս գտնվող մեր պատմամշակութային ժառանգությունը, մասնավորապես` Ջուղայի գերեզմանատունը, այլև քաղաքամայր Երևանի ազգային խաթարվող դիմագիծը հետագա ձախավերություններից ապահովագրելու սկզբունքային վճռականությամբ£ Ականաջալուր Ջուղայից տարածվող քարե հառաչանքներին…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ