Վշտակիր թախիծ, բայցև` կյանքի լույս


Կիրակնօրյա այդ երեկոն Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան պատերի ներսում արտասովոր զգայական մթնոլորտով էր առանձնակի£ Հանդիպումն անհայտի հետ ունկնդիրներին կախարդել էր թեմատիկ համարժեքությամբ£ Սպիտակի ավերիչ երկրաշարժի քսաներորդ տարեդարձին նվիրված համերգաշարը «Նաիրի» նվագախումբը (Ֆրանսիա) բացում էր առավելապես անծանոթ ստեղծագործությունների հնչեցմամբ£ Մեր կոնսերվատորիայի շրջանավարտ, միջազգային մրցույթների դափնեկիր ջութակահար¬դիրիժոր Հայկ Դավթյանը, ով 1991¬ից ապրում է Ֆրանսիայում, առաջին անգամ է 2005¬ին իր կազմավորած երաժշտախմբով ներկայանում հայաստանցի երաժշտասերներին£ Օտար դրոշի տակ հայ դասական ու ժամանակակից երաժշտարվեստը, համաշխարհային երաժշտադարանի գոհարներին զուգընթաց, համերգային բուռն գործունեությամբ պրոպագանդող շնորհաշատ արվեստագետը, հիմնականում առանց պարտիտուրի, ուղղորդում է այս տարվանից պետականի կարգավիճակ ստացած Հայաստանի երիտասար դական նվագախմբի (գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) 8 երաժիշտ կատարողների ներառմամբ հանդես եկող այս երաժշտախմբի համատեղ ելույթը£ Բարձր վարպետութ յամբ են առաջին անգամ Հայաստանում ներկայացվում Գրիգի «Ժողովրդական ոգով», Սիբելիուսի «Ռոմանս» և «Կանցոնիետ» քնարաշունչ ստեղծագործությունները£ Նաև` Ռեսպիգի «Մայրամուտը» և Նահապետ Քուչակի հայրենների հիման վրա Արթուր Ահարոնյանի գրած «Սիրո երգերը»` Ռոզա Հովսեփյանի (սոպրանո) հրաշալի մենակատարմամբ£ Հայկ Դավթյանի դիրիժորական արտիստիկ առաջնորդությունը` հագեցված մատուցվող երաժշտակտավների խորը վերապրումով, կատարումից կատարում ավելացնում է ոչ միայն նորահավաք նվագախմբի անբռնազբոս խանդավառությունը, այլև` ունկնդիրների զգայական ընկալման հուզառատ լարվածությունը£ Արամ Խաչատրյանի մահվան տասներորդ տարեդարձին նվիրված և երեսուներորդի կապակցությամբ հնչեցվող` Էդուարդ Միրզոյանի «Էպիտաֆիան» վշտակիր թախիծով է լցնում համերգասրահը£ Ցինցաձեի «Վրացական մանրանվագներ»-ով ունկնդիրների մտապատկերում թարմացնում են 88¬ի երկրաշարժի առաջին օրերի տագնապալի վերհուշը£ Միաժամանակ` առաջինը օգնության ձեռք պարզած վրացի հարևանների մարդասիրական դիրքորոշման կենսատու խթանի անմոռաց բալասանի արթնացրած երախտագիտության զգացումը£ Համերգի ավարտին, Ռուբեն Ալթունյանի «Քոչարի», «Ես սիրեցի» և «Բերդ պար» գործերով, գերիշխող է դառնում կյանքի լույսը£ Հավատը ապագայի հանդեպ անսպասելիորեն ամրապնդվում է անխամրելի «Վաղարշապատի պար»¬ով, որի կատարմանը որպես ակտիվ ունկնդիր հետևում է Հայկ Դավթյանը ավանսցենին մերձ անկյունից£ Այսօր երեկոյան, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, վստահ եմ, համանման տրամադրություններով կպարուրի երաժշտասերներին Հայաստանի պետական երիտասարդական և «Նաիրի» նվագախմբերի համատեղ ելույթը£ Շաբրիեի, Սեն-Սանսի, Սպենդիարյանի, Սարյանի, Միրզոյանի ու Խաչատրյանի հանրածանոթ գործերի կենդանի կախարդանքով և Շոսոնի «Պոեմ»¬ի` Հայկ Դավթյանի ջութակի մենանվագով£ Վաղը բարձրարվեստ երաժշտության նորահաստատ հմայքով կհամակվեն Գյումրիում` համերգաշարի երրորդ, ավարտական ակորդի ուժգին հնչեցմամբ£ Անկասկած, քանզի առաջնաելույթի փայլուն ընթացքը չի կարող այլ շարունակություն ունենալ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ