Բույսերը, հազիվ թե կանաչ լինեն


Հնարավո՞ր է մեր կյանքը պատկերացնել առանց կանաչ գույնի: Կանաչը քլորոֆիլի բուսական ներկանյութի գույնն է, որի շնորհիվ բույսերը կլանում են արևի ջերմությունն ու ճառագայթները` աճելով ու հասունանալով: Քչերը գիտեն երևի կամ շատերը չեն էլ մտածել, թե ինչու Երկրի վրա կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ամեն ինչ կանաչ է: Խնդիրն այն է, որ լույսի մասնիկները տարբեր էներգիաների կրողներ են: Երկրային բուսականությունն «օգտագործում» է արևի էներգիայի կապույտ և կարմիր լուսապատկերները, որովհետև կանաչը դժվարությամբ է յուրացվում. այդ պատճառով էլ այս գույնի լուսամասնիկներն անդրադարձվում են, և բույսերը մենք տեսնում ենք կանաչ գույնով: Այլ պայմաններում բուսականությունն «օգտվում» է արեգակնային էներգիայի ուրիշ լուսասինթեզներից և մեզ «ներկայանում» է ոչ միայն կանաչ գույնով: Օրինակ` 200 մետր խորությամբ ջրային գոտում, ուր քիչ է կարմիրը, բույսերը լրացուցիչ գունանյութերի օգնությամբ որսում են կանաչ գույնի էներգիան: Վերջին տասնամյակում Արեգակնային համակարգից դուրս հայտնաբերվել են մի քանի հարյուր մոլորակներ, որոնց լուսապատկերն ուսումնասիրելով` աստղաֆիզիկոսները եզրահանգել են, թե դրանց մի մասի վրա հնարավոր է հայտնաբերել ջուր: Եվ քանի որ մեր մոլորակում անսպառ աղբյուրներ են գերազանցապես ջուրն ու լույսը, ուրեմն ավելի հավանական է, որ այդ մոլորակներում նույնպես կյանք կա և դա ապահովվում է աստղերի լույսի էներգիայի փոխակերպման շնորհիվ: Բուսականության գույնը պայմանավորված է աստղային լույսի գունապատկերով: Արևից ավելի մեծ ջերմություն ունեցող աստղերից սնվող բույսերը պետք է որ յուրացնեն երկնագույն լույսը` ունենալով արդեն դեղին ու կարմիր գույն: Ավելի սառը աստղերի շուրջ պտտվող մոլորակներում (ինչպիսիք կարմիր հսկաներն են, որոնք նաև ծերացած աստղեր են կոչվում) բուսականությունը, «ստիպված» կլանելով դրանց գրեթե անտեսանելի լույսը` դառնում է սև գույնի: Astrobio.net-ը, համենայն դեպս, վստահեցնում է, որ գիտնականների կարծիքով, մյուս մոլորակների վրա էլ բուսականություն կա` անկախ մարդկային կյանքի համար դրանց կենսական հնարավորություններից: