ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ


Հայաստանի տնտեսության ամենամսյա ցուցանիշները հրապարակելու առումով Ազգային վիճակագրական ծառայությունն առաջիկայում հնարավոր է դժվարին երկընտրանքի առաջ հայտնվի£ Տվյալների ամփոփումները, բնականաբար, կարելի է շարունակել` բայց հանրության սեփականությունն այդպես էլ չդարձնելով£ Հրապարակվող որոշ տվյալներ այնպիսի անհավանական հակասություններով են առանձնանում, որ ուշադիր ընթերցողի տարակուսանքն են հարուցում` խոցելի դարձնելով հավաստիությունը£ Արդյունքում այնպես է ստացվում, որ ԱՎԾ¬ն վաղուց այլևս Պապից էլ կաթոլիկ է դարձել ու լավատեսությամբ երբեմն նույնիսկ անգերազանցելի է թվում£ Դիցուք, այստեղ օգոստոս ամիսն էլ է ամփոփվելով պատմության գիրկն ուղարկվել` զարմանահրաշ եզրակացությամբ, թե, ասենք գործազուրկների թիվը նախորդ ամիսների համեմատ նվազել է£ Ամեն ինչ, իհարկե, երանելի կլիներ, եթե այսչափ անհավանական չթվար£ Բայց խնդիրը միայն հավանականի ու անհնարինի շրջանակներում չէ£ Միգուցե ամռան երրորդ ամսին սեզոնային համարվող մի քանի ուղղություններով աշխատանք գտածների թիվը փոքր¬ինչ ավելացել է, ու սրա հետևանքն է նման եզրակացության հանգելը: Սակայն մեր վիճակագիրների մաթեմատիկան իսկապե՞ս դրական տեղաշարժ է արձանագրել… Չի° բացառվում£ Թեև թվերին հավատալու դեպքում անգամ գործազրկության նվազման մասին համոզված խոսելը դարձյալ անլուրջ է£ Անհիշելի ժամանակներից պաշտոնական տվյալները հանրապետությունում շուրջ 80 հազար անաշխատանք քաղաքացի են հաշվում, ինչը երբեք էլ իրականությունը չի արտահայտել£ Եվ փաստորեն վիճակագիրները նշված թիվն են աչքի առաջ ունենում` խնդրի վերաբերյալ սեփական թվաբանությունը կատարելիս£ Իսկ այն անփոփոխ է մնացել անգամ ֆինանսատնտեսական ճգնաժամի շրջանում, երբ աշխատատեղերը զանգվածաբար էին կրճատվում. սակայն ստացվում է, որ դրանց քանակը չի նվազել կամ չի աճել նաև այս տարի, երբ ճգնաժամն իսկապես և բոլոր առումներով հաղթահարվել է£ Կարճ ասած` 80 հազարը բոլոր ժամանակների համար անջնջելիորեն ամրագրված թիվ է, ու անկախ այն բանից, թե ինչ տրտմությամբ են հայրենի պաշտոնյաներն աշխատատեղերի կրճատման ու ինչ երանությամբ` նորերի ստեղծման կարևորության մասին խոսում, ԱՎԾ¬ն անդրդվելի է… Այստեղ նույն կերպ են վարվում նաև գնաճն ուսումնասիրելիս. թանկացումների շարունակականությունը անհնար է լրիվ հերքել, և տարեսկզբից պայմանական ինչ¬որ թվի ամսական 1%-ից էլ փոքր մասնաբաժին հավելելով` հնարավորն արվում է` տարին շուրջ 10 տոկոսի գնաճային ցուցանիշով ամփոփելու ուղղությամբ£ Օգոստոսի տվյալներն ամբողջացնելով` այստեղ 7,7 %-ն են առայժմ ներկայանալի թիվ համարել, ու եթե նախաամանորյա ավանդական շեշտակի թանկացումների անխուսափելիությունը չլիներ, ապա նույնիսկ հնարավոր կլիներ վերևում նշված գեղեցիկ տոկոսով էլ ամփոփել տարին£ Ի վերջո, այս անգամ աննխադեպ գներով ամենքիս պատուհասած մրգի ու բանջարեղենի սեզոնի փակումը շուտով բավական կհեշտացնի համեստ թվեր ներկայացնելու վիճակագիրների առաքելությունը. իսկ ցուցանիշները «սվաղելու» գործում նրանք երբեք չեն դժվարացել£ Ահավասիկ, ողջ տարվա ընթացքում շինարարության վերաբերյալ լավատեսական բառ անգամ չէր հնչում… Բայց ինչպե՞ս կարելի է երբևէ կարևոր համարված այս ոլորտի մասին մի ամբողջ սեզոն ու տարի ամփոփել` ամեն ինչ այդպես էլ լռության մատնելով£ Եվ ահա օգոստոսն առանձնացել է բացառիկությամբ, ու շարունակական անկումից հետո հուլիսի նկատմամբ շինարարությունում 4,7 տոկոս աճ է արձանագրվել£ Թե ինչն էր խանգարում, որպեսզի նման փաստ հուլիսին, հունիսին կամ էլ մինչև այդ արձանագրվեր` դժվար է հասկանալ£ Սակայն աճն արձանագրվել է ու վերջ£ Որևէ դարակազմիկ կառույցի շինարարություն այդ ամսին չի ձեռնարկվել, բայց այդուամենայնիվ, շարունակաբար անմխիթար ցուցանիշեր գրանցող ոլորտը հենց օգոստոսից որոշել է աճի ու վերելքի ուղին բռնել£ Վիճակագրությունն է այդպես ասում. իսկ մենք ի՞նչ կարող ենք անել բացի այդ առիթով մեր ուրախությունը հայտնելուց ու համանման լավատեսական թվեր էլի փնտրելուց… Եվ ահա պարզվում է, որ մեր երկրում ամենահիմնավոր առաջընթացը, ըստ ԱՎԾ¬ի, հոսանքի սպառման ուղղությամբ է գրանցվել, և ամիս առ ամիս մեր հասարակությունն ու տնտեսությունն ավելի ու ավելի շատ էլեկտրաէներգիա է սպառել` նպաստելով ոլորտի գրանցած ռեկորդային ցուցանիշերի աճին£ Բայցև դժվար չէ վերհիշել, որ վերջին թանկացումից հետո այս ոլորտի պատասխանատուները բողոքում էին, թե ամեն ինչ առաջվանը չէ, ու լավ կլիներ, որ գոնե հարևան երկրները մի քիչ էլեկտրաէներգիա գնեին` թեթևացնելով իրենց ծանրացած հոգսը£ Իսկ մինչ այդ ԱՎԾ¬ն այս մի խնդիրն էլ է ինքնըստինքյան լուծել£ Ու այստեղ շարունակական աճ է գրանցվել հատկապես այն ամիսներին, երբ, ինչպես հայտնի է, էլեկտրաէներգիայի սպառումը շեշտակիորեն է պակասում£ Բայց, ինչպես տեսնում ենք, կարևորը ցանկալին իրականություն ներկայացնելու մղումն ու կարողությունն է£ Միգուցե մարդիկ գազի թանկացման լուրն առնելուց հետո հենց այնպես սկսել են հոսա՞նք շռայլել… Բայց անհեթեթ լուրն այդ սեպտեմբերին եկավ և այն օգոստոսին կամ նախորդ ամիսներին սպառած էլեկտրաէներգիայի ծավալների վրա որևէ կերպ անկարող էր անդրադառնել£ Այնպես որ, երևի թե ճիշտ կլինի ԱՎԾ ամփոփումներն այլևս չքննարկել. միևնույն է, այստեղ տրամաբանության կամ իրականության հատիկներ փնտրելն անիմաստ է£ Իսկ վիճակագիրներն էլ ճիշտ կանեն` իրենց ամփոփումները չհրապարակեն£ Չարժի մարդկանց անլուծելի հանելուկներ առաջադրել£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ