Գալիքը` նոր կանոններով Խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունները


Առաջիկա խորհրդարանական ընտրությունները քաղաքական, գաղափարական, կադրային ու կազմակերպական ստուգատես են լինելու ներքաղաքական դաշտի անխտիր բոլոր ուժերի համար: Հանրապետականի քաղաքական հավակնություններն ու գերակա հնարավորությունները նկատի առնելու դեպքում պարզ է դառնում, որ ընտրական մրցակցությունը առավել լարված, սուր ու անզիջում է լինելու ընդդիմադիր դաշտում: «Ուժեղների բախումից կարող են շահել թույլերը» մտայնությամբ այս կամ այն կերպ ընտրապայքարի մեջ են մտնելու քիչ թե շատ հավակնոտ բոլոր քաղաքական ուժերը: ԲՀԿ-ում և ՕԵԿ-ում առաջացող հարաբերություններն ու տեղի ունեցող ներկուսակցական զարգացումները միանգամայն լուրջ քաղաքական հետևանքներ կարող են ունենալ: Հանրապետա կանի կոալիցիոն դաշնակիցները, ամենայն հավանականությամբ, իշխող կուսակցությանը նախընտրական փուլում անցանկալի անակնկալներ են պատրաստվում մատուցել: Հետևաբար, ՀՀԿ-ն պետք է կարողանա հաշվարկել բոլոր տարբերակները և գտնել հնարավոր լավագուն լուծումները, եթե իհարկե, չի ցանկանում զիջել իշխանությունը: Վերջին եռամյա շրջանը հետադարձ հայացքով արժևորելու պարագայում կարելի է եզրակացնել, որ 2007-ի խորհրդարանական ու 2008-ի նախագահական ընտրություններից հետո իշխանական կոալիցիա ձևավորվեց միայն քաղաքական ու հասարակական համաձայնության հզոր դաշտ ապահովելու նպատակով: Սա նաև իրավիճակի պահանջն էր, քանի որ անհրաժեշտություն էր առաջացել հստակ զանազանել, թե քաղաքական որ ուժը ներքաղաքական դաշտի որ ճամբարում է: Ստեղծված ներքաղաքական իրարանցումն ու մետամորֆոզները արտառոց հետևանքներ ունեցան, և ծայր առած շահարկումներից ծնվեց ցանկացած այլ քաղաքական դաշտի համար անհարիր` «ո՞վ է իրական ընդդիմությունը» արհեստական ու անիմաստ հարցադրումը: Արդյունքում յոթ տասնյակ կուսակցություններից շատ-շատերը, թեև կոալիցիայում չէին, սակայն ընդդիմություն էլ չդարձան: Հասարակական երկխոսությունն ու համաձայնությունն, ըստ էության կայացավ քաղաքական մակարդակում: Խորհրդարանական ընդդիմությունը, որ ներկայացնում էր «Ժառանգությունը», այն ժամանակ էլ անթույլատրելիորեն թույլ էր, իսկ հիմա ուղղակի սպառում է իր չնչին ներուժը: Արտախորհրդարանական դաշտում արագորեն պարպվում է բացառապես բողոքական ալիքի շնորհիվ հզորացած ու իրեն արմատական ընդդիմություն հայտարարած ՀԱԿ-ը: Հետևաբար հզոր կամ որևէ այլ կարգի կոալիցիայի անհրաժեշտությունն արդեն իսկ վերացել է, ներկոալիցիոն կապերը ևս համապատասխանաբար թուլացել են, ուստի առաջիկայում քաղաքական կոալիցիաի առկայությունը ոչ մի իմաստ ու նպատակ չի կարող ունենալ: Իշխանական կոալիցիայից ՀԿ Դաշնակցության դուրս գալն ու ընդդիմադիր դաշտ տեղափոխվելը թեև առաջին հայացքից պակասեցրեց կոալիցիայի ներուժը, բայց նաև իշխանական ուժերը համախմբելու խթան դարձավ: Հիմա ակնհայտ է, որ առաջիկա համապետական ընտրություններից հետո հզոր իշխանություն ունենալու երաշխիքը հզոր ընդդիմությունն է լինելու: Իսկ սա նշանակում է, որ քվեների մեծամասնությունը ստանալու առավելագույն շանսեր ունեցող Հանրապետականը կոալիցիա չի կազմի: Ուրեմն արդեն այսօր ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը փորձում են ընկալել իրենց գլխի գալիքը և հետևություններ անել: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ երկու կուսակցություններն էլ կազմակերպական գործունակ կառույցներ չունեն: Հայտնի է նաև, որ տասնյակ հազարավոր բհկականներ ու օեկականներ սովորաբար չեն քվեարկում իրենց կուսակցական պատկանելիության համաձայն: Այսինքն, քվեարկության արդյունքներն անհամեմատ զիջում են այդ կուսակցությունների ղեկավարների հրապարակած` կուսակցության անդամների թվին£ Ուստի, առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ ակնկալվող անզիջում մրցակցության պայմաններում կատարվելիք քվեարկության արդյունքում երկու կուսակցություններն էլ, ամենայն հավանականությամբ, դժվար թե հաղթահարեն 5%-ի արգելանքը: Այս արգելանքը հաղթահարելու դեպքում ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կհայտնվեն ընդդիմադիր դաշտում: Նման անհաջողության դեպքում ԲՀԿ-ն, գոնե այսօրվա տեսքով ու հնարավորություններով, կդադարի գոյություն ունենալ, քանի որ էությամբ ու բովանդակությամբ իշխանական կուսակցություն է և չի կարող գործել ընդդիմադիր դաշտում: ՕԵԿ-ը կկազմալուծվի ու կվերածվի պոպուլիստական մղումներով լուսանցքային, ակումբային ուժի: Այս հեռանկարից խուսափելու համար երկու կուսակցություններն էլ հակված կլինեն ընտրության գնալ Հանրապետականի հետ նախընտրական դաշինքով, եթե իհարկե` նման առաջարկ ստանան: Հակառակ դեպքում նրանք ստիպված են լինելու ինքնապահպանման բնազդով նախընտրական այլընտրանքային ծրագրեր մշակել: Հենց այն հանգամանքի գիտակցումը, որ ապագայի Հանրապետական միատարր իշխանությանը հզոր ընդդիմություն է անհրաժեշտ լինելու ու իշխող կուսակցությունն ինքն է խթանելու կառուցողական ընդդիմության հզորացումը, խանդավառել է իշխանությունից անմասն ու միաժամանակ ընդդիմադիր դաշտից հեռու խաղացող կուսակցություններին: Սրանք Հանրապետականի ընձեռած քարտ-բլանշի շնորհիվ ոչ միայն քաղաքականություն վերադառնալու, այլ նույնիսկ անակնկալ երջանկանալու` խորհրդարանական ուժ դառնալու հույսեր կարող են փայփայել: Առաջիկա խորհրդարանական ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ այն կարող է լինել, որ իշխանությանն ընդդիմանալը դիվիդենտներ է խոստանալու: Գոնե ինչ-որ բան ձեռք գցելու և իրենց մասին հիշեցնելու ակնկալիքից արդեն այսօր ակտիվանալու նշաններ են ցույց տալիս ոչ միայն քաղաքական լուսանցքում երեք տարի նիրհած «Ազգային միաբանությունը» կամ «Ժողովրդական» կուսակցությունը, այլ նույնիսկ մարդ-կուսակցությունները: Իսկ սա լավագույն նախանշանն է, որ նոր կանոններով քաղաքական գործընթացը մեկնարկել է:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ