ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է ... Երբ հանցագործն է մ


Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն` մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայտարարությունը, որ շփման գծից դիպուկահարներին հեռացնելը նշանակալիորեն կամրապնդի հակամարտող կողմերի միջև հաստատված հրադադարի ռեժիմը, ասել է, թե դա չի նպաստի հակամարտության կարգավորմանը: Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հայկական կողմը բազմիցս հանդես է եկել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու նախաձեռնությամբ` գտնելով, որ դա իսկապես կարող է թուլացնել շփման գծում առկա լարվածությունը և երկուստեք նվազեցնել կորուստները: Հիշեցնենք, որ նույն առաջարկով հանդես են եկել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Տարօրինակ է, որ մշտապես հայկական կողմին հրադադարը խախտելու, դիվերսիոն գործողություններ իրականացնելու կեղծ մեղադրանքներ ներկայացնելուն զուգահեռ, ադրբեջանական կողմը չի ցանկանում արձագանքել դիպուկահարներին շփման գծից հեռացնելու նախաձեռնությանը: Ինչ վերաբերում է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին Սաբիրօղլուի հնչեցրած հերթական ապատեղեկատվությանը, ապա կրկին շեշտում ենք, որ հայկական կողմը խստորեն հետևում է շփման գծում հրադադարի պահպանմանը, ինչը չի կարելի ասել ԱՀ զինված ուժերի մասին: Ասվածի վառ ապացույցն է վերջին ամիսներին ադրբեջանական դիվերսիոն խմբերի հայկական տարածք ներթափանցելու անհաջող փորձերը, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել: Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից ս.թ. սեպտեմբերի 17-ին զոհվել է ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանը: Այս միջադեպերի կապակցությամբ հայտարարություններով հանդես են եկել ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԵՄ ներկայացուցիչներ` նշելով, որ ուժի հետագա կիրառումը միայն բարդացնում է իրավիճակը և կարող է հանգեցնել տառապանքների, ավերածությունների և հակամարտության ու թշնամանքի շարունակության: Իրականությանը չի համապատասխանում նաև ԱՀ ՊՆ մամուլի խոսնակի պնդումը հայկական կողմից ադրբեջանական քաղաքացիական բնակչության գնդակոծության մասին: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ ՀՀ զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համարժեք գործողությունների են դիմում միմիայն ի պատասխան հակառակորդի ոտնձգությունների: