ՌՈՒՍԱԿԱՆ ՇԱՆՏԱԺ


Ռուսաստանում լույս տեսնող և իշխանությունների հանձնարարությունները կատարող «Նեզավիսիմայա գազետան» հրապարակել է «Լիբիական օդանավը ուղղութ յուն էր վերցրել դեպի Հայաստան» վերտառությամբ հոդվածը, որում խոսվում է Լիբիա զենքի մատակարարման մասին: Ըստ էության, իբր մտահոգություն հայտնելով պատերազմող երկիր զենք մատակարարելու մասին, ռուսական թերթը սևեռվել է Հայաստանի վրա` մեղադրանքներ ներկայացնելով, դիմելով շանտաժի ամենատարածված ձևերին ու մեթոդներին: Այս հրապարակման ենթատեքստում Ռուսաստանի խանդն է Հայաստանի հանդեպ այն առիթով, որ մեր երկիրը երբեմն զենք է ձեռք բերում այլ պետություններից` այսպես մեծացնելով իր ռազմական հզորությունը: Նման եզրակացության հանգում ենք` համադրելով ժամանակ առաջ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում տպագրված հոդվածին, որի նյութը Կիրգիզիայից Հայաստանի ձեռք բերած փամփուշտներն էին: Բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանը սերտացնում է իր կապերն այլ երկրների հետ և ձգտում աշխարհաքաղաքական նոր իրողությունների ձևավորմանը, Ռուսաստանը «խանդի տեսարաններ» է սարքում և սկսում յուրատեսակ հարձակումներ: Նաև ակնհայտ կողմնակալության հանդեսներ է սարքում` թեքվելով դեպի Ադրբեջանը: Հերթական խանդի տեսարանի պատճառը Հայաստանի մերձեցումն է Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային: Հայաստանի իշխանությունները, վարելով խոհեմ արտաքին քաղաքականություն, վերջին շրջանում ընդլայնում են համագործակցությունը հիշյալ պետությունների հետ` այսպիսով հաղթահարելով այն ինքնահատուկ մեկուսացումը, որի մեջ մեր երկիրը հայտնվել էր մինչև 2009 թվականը` յուրովի վերածվելով Կրեմլի պատանդի: Որքան էլ Հայաստանը Հավաքական անվտանգության կոմիտեի անդամ է և հավատարիմ է նրա սկզբունքներին, այնուհանդերձ երկրի շահերը պահանջում են գործակցության նոր հորիզոններ: Ուստի պաշտոնական Երևանի վարած նոր արտաքին քաղաքականությունը համահունչ է արդիական այն մարտահրավերներին և միտումներին, որոնք կանգնած են Հայաստանի առջև: Հենց սա էլ ջղաձգություններ է առաջացնում Ռուսաստանում, նրա իշխանությունների շրջանում: Այն իշխանությունների, որոնք հաճախ են ցույց տվել իրենց ոչ հայանպաստ գործողություններն ու դիրքորոշումները: Ինչպես վկայում են որոշ ռուսական աղբյուրներ` իբր Կրեմլում ռուսաստանյան հետախուզական կազմակերպութ յուններից տեղեկություններ են ստացվել այն մասին, թե Հայաստանը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ մտել է պարտավորություններ պարունակող որոշակի հարաբերութ յունների մեջ: Այս տեղեկատվությունը դարձել է ռուսական իշխանությունների վերաբերմունքի նոր շարժիչ ուժը: Սակայն միայն այս տեղեկատվությունը չէ պատճառը. Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը բացահայտորեն թշնամաբար է տրամադրված Հայաստանի հանդեպ, քանի որ Կազանում չհամաձայնելով Մեդվեդևի և Ալիևի պահանջներին` Սերժ Սարգսյանն, ըստ էության, ձախողել է Մոսկվայի` Ադրբեջանի հետ մերձեցման քաղաքականությունը: Մեդվեդևն ակնկալում էր Կազանի հանդիպումից «դիվիդենտներ» շահել և պարտավորեցնել պաշտոնական Բաքվին` ամբողջապես շրջվել դեպի Ռուսաստան: Սա կմեծացներ Մեդվեդևի հեղինակությունը, հնարավորություն կտար նրան Ադրբեջանում հիմնավորել Ռուսաստանի ներկայությունը և Թուրքիայի հետ համատեղ` կիսել Ադրբեջանի «խնամակալի» գործառույթները: Սակայն Հայաստանի նախագահն ի դերև հանեց Մեդվեդևի բոլոր հույսերը և նրան ձեռնունայն թողեց: Սա դիվանագիտական չափազանց լուրջ և կշռադատված քայլ էր, որը ժամանակին չարժևորվեց մեզանում: Հիմա Դմիտրի Մեդվեդևը, ում պաշտոնավարմանը շատ քիչ ժամանակ է մնացել, ամեն կերպ կամենում է շանտաժի ենթարկել Հայաստանին և համաշխարհային հանրության մոտ այն տպավորությունը ստեղծել, թե Հայաստանը զենք է մատակարարում Լիբիային: Իսկ սա կարող է չափազանց լուրջ փաստարկ դիտարկվել և Հայաստանին զրկել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ բարեկամությունից: Պաշտոնական Վաշինգտոնն ու Փարիզը չեն արձագանքել թերթի հրապարակմանը, ավելին` ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանը բարձր ընդունելության է արժանացել, իսկ Թուրքիայի խորհրդարանն էլ, ԱՄՆ-ի պարտադրանքով, նորից իր օրակարգում է ընդգրկել Հայ-թուրքական արձանագրությունները: Այս ամենը վկայությունն են, որ ռուսական շանտաժն այս անգամ ազդեցություն չի ունեցել, չնայած չի բացառվում, որ առաջիկայում Կրեմլը կարող է նորանոր սադրանքներ մոգոնել: Սադրանքների ռուսական զինանոցը երբեք չի աղքատանում…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ