«Արտահերթ» գաղափարներ


Հայաստանի անկախացումից հետո, ամբողջ 20 տարի պարբերաբար շրջանառվում են երկրի անցնելիք ճանապարհը հստակեցնելուն ուղղված երկու խիստ կարևոր` ազգային գաղափարախոսության հայեցակարգի մշակման և արտաքին քաղաքական դիրքորոշման ճշգրտման խնդիրները: Այս ուղղություններով առաջ են քաշվել բազմաթիվ, հաճախ իրար հակասող գաղափարներ և գաղափարախոսություններ, որոնց շուրջ վիճաբանությունները շարունակվում են առ այսօր, և հաստատ կարելի է ասել, որ դրանք օրակարգում մնալու են երկար տարիներ: ՎԵՐՀԻՇԵՆՔ անկախության առաջին տարիները: Կարճ և կտրուկ վիճաբանությունից հետո մենք պարզեցինք ազգային գաղափարախոսության դրոշը, որը պետք է դառնար միակ, այլընտրանք չունեցող ուղեգիծ ու խորհրդանիշ: Հիշենք նաև, որ ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր¬Պետրոսյանը, իրեն հատուկ` առարկություն չընդունող շեշտադրմամբ ազգային գաղափարախոսությունը անվանեց կեղծ քաղաքական կատեգորիա: Առնվազն տարօրինակ է, որ ժամանակին այդքան առաջնահերթ, «արտահերթ» հարցը ժողովրդի համար մնում է կոնկրետությունից զուրկ, խիստ վերացական հասկացություն: Կոմունիստները և նրանց հակված ավագ սերնդի ներկայացուցիչների մեծ մասը ազգային գաղափարախոսության մեխը տեսնում են Ռուսաստանի հետ համադաշնություն կազմելու, դաշնակցականները` պահանջատիրության, հանրապետականները` նժդեհական ցեղակրոնության, մյուսները` ազգային ինքնության պահպանման մեջ և այլն: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական դիրքորոշման խնդրին` սա իր «երկարակեցությամբ» չի զիջում ազգային գաղափարախոսությանը: Թեև ի տարբերություն վերջինիս` այս հարցում գոնե կա քիչ թե շատ հստակ պետական հայեցակարգ, որը մինչև վերջերս կոչվում էր մեկ չարչրկված բառով` կոմպլեմենտարիզմ: Մենք դեռ չգիտենք` Վարդան Օսկանյանի հեռացումից հետո վերջինիս անփոփոխ և մշտապես թմբկահարվող փոխլրացման քաղաքականությունը հանվե՞լ է Հայաստանի արտաքին հարաբերությունների օրակարգից, թե՞ ոչ: Տրամաբանական է թվում, որ գործող արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը պետք է նախորդից գոնե փոքր-ինչ տարբերվող մոտեցումներ որդեգրեր և մարտավարական բնույթի սրբագրումներ իրագործած լիներ արդեն իր պիտանելիության ժամկետը սպառած կոմպլեմենտարիզմի մեջ: Ակնհայտ է սակայն, ինչպես ազգային գաղափարախոսության, այնպես էլ արտաքին քաղաքական կոմնորոշման շուրջ թե´ քաղաքական, թե´ հասարակական շրջանակներում միակարծություն չկա և չի էլ եղել: Ունենք ռուսամետներ, ամերիկամետներ և եվրոպամետներ: Սա կարելի էր լիովին բնական և օրինաչափ համարել, եթե վերոնշյալ ուղղությունների լիդերները չընկնեին ծայրահեղությունների մեջ: Քաղգործիչներից շատերը` որոշ չափով արդարացի, հաճախ էլ հանիրավի փոխլրացման քաղաքականությունը համարում են «ճողված» վիճակ և կոչ են անում հստակ կողմնորոշվել, թե ում գիրկն ենք վերջնականապես և անմնացորդ նետվելու` Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի: Զարմանալին այն է, որ իրենց լուրջ քաղաքական ուժ համարող որոշ շրջանակներ ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, որ արտաքին քաղաքականությունը, մասնավորապես դիվանագիտությունը այնպիսի նուրբ արհեստ է, իսկ ավելի ճիշտ` արվեստ, որին պետք է մոտենալ բացառապես «ոսկերչական» գործիքներով և ոչ թե հյուսնի կացնով: Այդ «կացնի զորությունը» դարասկզբին զգացել ենք մեր մաշկի վրա դրանից բխած բոլոր ողբերգական հետևանքներով: Խոսենք ամենաթարմ օրինակներով: Արևմուտքին «սիրահարված» ՀԱԿ¬ը շտապեց ողջունել ապստամբների հաղթանակը Լիբիայում` ճանաչելով այս երկրի անցումային կառավարությունը օրինական: Կոնգրեսը մեր իշխանություններին կոչ արեց նույնպես պաշտոնապես ճանաչել Լիբիայի նոր իշխանություններին: Ռուսաստանը ողջամտորեն լռություն է պահպանում: Փառք Աստծո, մեր իշխանություններն էլ անտարբեր են ՀԱԿ¬ի կոչերին: Եվ դա հեռատես կեցվածք է: Չէ՞ որ կարող է ապագայում իրադարձությունների ընթացքը կտրուկ փոխվել: Եվ Հայաստանը, որը մեծ Սփյուռք ունի արաբական աշխարհում ու վայելում է նրանց համակրանքը, անխոհեմ քայլով կարող է վերածվել արաբների թշնամու: Նույնքան անընդունելի է ռուսամոլների ծայրահեղ դիրքորոշումը. նրանց տարփողած «Դարավոր բարեկամությունը» ընդամենը ռոմանտիզմ է, որն անհարիր է դիվանագիտությանը, ուր առաջնորդվում են միայն շահերով: Մենք ունենք ավելի դարավոր բարեկամ, օրինակ, Վրաստանը, որն այսօր, իր շահերից ելնելով, ավելի ջերմությամբ սեղմում է Թուրքիայի` քան մեր ձեռքը: Մի քանի ամիս առաջ էլ մեր ոխերիմ թշնամի Ադրբեջանին առաջարկել է համադաշնություն կազմել: Այլ հարց է, և այստեղ ռուսամետների հետ չհամաձայնել չի կարելի. Հայաստանի և Ռուսաստանի շահերը տարածաշրջանում համընկնում են: Սրա վրա պետք է հենվել և ոչ թե` «դարավոր բարեկամության»: Եթե վաղը Աստված մի արասցե, այդ շահերը փոխվեն, ինչպես եղավ 1918-20 թթ., ապա ոչ մի «բարեկամություն» մեզ չի փրկի: Այնուամենայնիվ, ռուսամետների և արևմտամետների մեծ մասամբ արհեստական, դիլետանտական մակարդակի վեճը շարունակվում է: Ինչո՞ւ արհեստական: Որովհետև այս երկու կողմնորոշումներն էլ հաճախ պայմանավորված են լինում ոչ թե հայրենիքի, այլ սեփական կուսակցական շահերով: Ամփոփելով` ընդգծենք. թե´ ազգային գաղափարախոսությունը, թե´ արտաքին քաղաքականությունը դոգմատիկ կաղապարների մեջ դնելը ճիշտ չէ: Քանի դեռ այս պարզ ճշմարտությունը չի ընկալվել, վեճերը և տարակարծությունները կառուցողական հենք չեն ունենա:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ