Մամլո հաղորդագրություն


2011թ. հուլիսի 26-ին, ժամը 03:50-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ ՊԲ N զորամասի կողմից պահպանվող մարտական դիրքում ստացած հրազենային վնասվածք ներից մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Աբրահամյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վալերիի Դերձյանը, խախտելով զինծառայող ների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, հայհոյանքներ է տվել Ա.Աբրահամյանի հասցեին, բռնություն գործադրել և հարվածներ հասցրել նրան: Այնուհետև, Վ.Դերձյանը, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, կրակոցներ է արձակել Ա.Աբրահամյանի ուղղությամբ և մահացու հրազենային վնասվածքներ հասցրել նրան: Վահե Վալերիի Դերձյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 1-ին, 359 հոդվածի 1-ին, 3-րդ, 104 հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: