«Մեր առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն է»


Գեներալ- լեյտենանտ Նորատ ՏԵՐ¬ԳԻԳՈՐՅԱՆՑԻ անունն անխզելիորեն միահյուսված է հայկական Զինված ուժերի կազմավորման հետ: Նա Խորհրդային բանակի բովով անցած, փորձով ու հմտություններով իմաստնացած այն զինվորականներից է, ովքեր ծնվել ու կայացել էին օտար ափերում, բայց եկան հայրենիք և ձեռնամուխ եղան բանակաշինության գործին: Ճակատագրի բերումով պատմական հայրենիքից գաղթած ու Ռուսաստանում հաստատված ընտանիքում է ծնվել Ն. Տեր- Գրիգորյանցը: Խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել է Ուլյանովսկի բանակային գվարդիական ուսումնարանը: Զինվորական գիտելիքների ամրապնդման հետագա դարբնոցները դարձան ԽՍՀՄ զրահատանկային զորքերի, ապա ԶՈւ Գլխավոր Շտաբի ակադեմիաները. վերջինն ավարտելուց հետո ստանձնեց Խորհրդային Միության ԶՈւ ցամաքային զորքերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Երբ օրակարգային էր դարձել հայկական բանակի ստեղծումը, գեներալ- լեյտենանտը հրավիրվեց Հայաստան: Նշանակվեց ՀՀ Զու Գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ` ակտիվ մասնակիցը դառնալով Զինված ուժերի կազմավորման աշխատանքների: Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի շրջանակներում Հայաստանում էր նաև անվանի գեներալ- լեյտենանտը, ով սիրով ընդունեց զրույցի մեր հրավերը: - 1991-ին երբ եկա հայրենիք, շատ բարդ խնդիր էր դրված մեր առջև: Արդեն մարտական գործողութուններ էին ընթանում: Այդպիսի իրավիճակում հայրենիքում գտնվելը, բանակաշինության գործին նպաստ բերելը չափազանց մեծ պատիվ էր ինձ համար: Հատկապես` սրված էր հայրենիքի պաշտպանության խնդիրը: Հակառակորդն ամեն կերպ փորձում էր ջլատել մեր ուժերը` սկսելով Սումգայիթի, Շահումյանի, Բաքվի դեպքերից: Դրանց հաջորդեց մեր ժողովրդի մի հատվածի բնաջնջումը նաև Արցախում: Այդ օրերին անհրաժեշտություն էր բանակի ստեղծումը: Նշանակվեցի Զինված ուժերի հրամանատար և 15 օր անց ներկայացրի մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված էին զինված ուժերի ստեղծման բոլոր դրույթները` նպատակը, փուլերը, հնարավորությունները, սպառազինության հարցերը: Ապա ձեռնամուխ եղանք աշխատանքներին: Ահա այսպիսի բարդ իրավիճակում ստեղծվեց մեր բանակը: Կարողացանք հետ մղել հակառակորդին, ազատագրել Արցախի գրեթե ողջ տարածքը` միևնույն ժամանակ` ապահովելով այդ վայրերի խաղաղ բնակչության անվտանգությունը, ստեղծելով միջանցքներ: Նույն կերպ, սակայն, չվարվեց հակառակորդը: Նրանք փաստորեն շարունակում էին 1915- ի թուրքական իշխանություների նույն քաղաքականությունը: Այնուամենայնիվ, հաղթանակը մերն է: Դժբախտաբար, չկարողացանք ազատագրել ողջ տարածքը: 20 տարիների ընթացքում մեր բանակը կատարելագործվել է, համալրվել սպառազինությամբ, դարձել ավելի կազմակերպված, մարտունակ: Դա բոլորը տեսան վերջին զորահանդեսի ժամանակ: Անդրադառնամ նաև մեր հակառակորդին: Նախ` հայ- ադրբեջանական զինադադարի փաստաթուղթն անարդյունավետ եմ համարում այն առումով, որ ոչ միայն պետք է մարտական գործողությունների դադարեցումը հաստատվեր, այլև հստակ դրվեին նաև սահմանների հաստատման և Արցախի անկախացման հարցերը: Մինչդեռ միայն մարտական գործողությունները դադարեցին: Բայց ինչքա՞ն կարող է ձգվել հրադադարը` 10 տարի, 100 տարի...Հակառակորդն էլ այս ժամանակահատվածում հզորացավ` ունենալով նաև ՆԱՏՕ-ի օժանդակությունը` Թուրքիայի հանրապետություն անվան տակ: Ալիևը` այդ ագրեսորը, ամբողջ աշխարհով մեկ բարձրաձայնում է, թե վերադարձնելու է Ղարաբաղը: Զանգեզուրի ու անգամ Երևանի մասին է խոսում: Ադրբեջանը ռազմատենչ երկիր է: Դժբախտաբար, Ալիևից ու ԶՈւ-ից զատ, նաև ժողովուրդն է պատրաստվում պատերազմի: Իսկ սա շատ վտանգավոր է: Այսօր ԵԱՀԿ շրջանակներում բանակցություններ են ընթանում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Սակայն Արցախն ընդգրկված չէ այդ բանակցություններում: Սա անհասկանալի է: Բացի այդ, ես կարծում եմ` բանակցել պետք է ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի հետ, քանի որ վերջինս է ժամանակին Արցախը հանձնել Ադրբեջանին: Հարց է ծագում. Ադրբեջանը Խորհրդային Հանրապետություն էր, երբ Ղարաբաղը մտավ նրա կազմի մեջ, իսկ երբ վերացավ ԽՍՀՄ¬ը` Արցախն էլ բնականաբար դուրս եկավ նրա կազմից: Ի՞նչ է նրանց ուզածը: Չէ՞ որ մինչ այդ Ղարաբաղը երբեք նրանց տարածքի մաս չի կազմել: - Ձեր գնահատմամբ` ինչպիսի՞ն է այսօր մեր բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը: - Մենք բոլորս զորահանդեսի ժամանակ տեսանք զինվորների հպարտ կեցվածքը, նրանց կազմակերպվածությունը: Դա խոսում է այն մասին, որ այդ տղաներն ամենայն խորությամբ են գիտակցում, թե ինչ է նշանակում լինել զինվոր` հայրենիքի պաշտպան: Ես այսօր հայկական բանակում չեմ, բայց իմ կարծիքով բարոյահոգեբանական մթնոլորտը բավարար մակարդակի վրա է: Իհարկե, կան նաև թերություններ: Զորակոչվող պատանին չունի դաստիարակության այն աստիճանը, որն անհրաժեշտ է: Այս հարցում բոլորն ունեն անելիք` ընտանիքը, դպրոցը, փողոցը, շրջապատը, զանգվածային լրատվամիջոցները: Երիտասարդը պետք է ունենա տղամարդկային արժանապատվություն, սեր` ընտանիքի ու հայրենիքի նկատմամբ, պատրաստ լինի անգամ կյանքը չխնայել հանուն հայրենիքի: Եվ սրանք միայն խոսքեր չեն: Դա անհրաժեշտություն է: - Որոշ ծնողներ ելքեր են փնտրում` իրենց զավակներին ծառայության չուղարկելու համար, և շատ հաճախ դա դրսևորվում է զորակոչային տարիքի պատանուն այլ երկիր ուղարկելով: Ի՞նչ կասեիք ծառայությունից խուսափող երիտասարդներին: - Այո, ցավալի է, կան այնպիսի տղաներ, ովքեր զուրկ են այն որակներից, որոնց մասին խոսեցինք: Բացակայում է ոգին: Կան նաև ծնողներ, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի իրենց զավակը չգնա բանակ: Սա բացասական երևույթ է: Բայց պետք է ասեմ, որ բնորոշ է բոլոր երկրներին: Ռուսաստանում էլ հազարավոր նման ընտանիքներ կան: Խորհրդային Միության տարիներին չեմ հիշում այնպիսի դեպք, որ հայ պատանին խուսափեր, փախչեր ծառայությունից: Իսկ աղջիկները չէին ամուսնանում չծառայած տղաների հետ` մտածելով, որ նա վատառողջ է կամ բարոյապես կայացած մարդ չէ: Հիմա փոխվել է ամեն ինչ: Փոխվել է տրամաբանությունը: Ծնողների այն տրամաբանությունը` թող ուրիշները ծառայեն, իմ տղան պահ մտնի` մերժելի է: Յուրաքանչյուր ծնող պետք է պատրաստի իր զավակին: Չէ՞ որ մեր առաքելությունը, նախևառաջ, հայրենիքի պաշտպանությունն է: Բայց եթե ոչ իմ տղան, ոչ մյուսի եղբայրը` ո՞վ պետք է պաշտպանի հայրենիքը: Յուրաքանչյուր հայ տղա պարտավոր է ծառայել, մասնակցել հայրենիքի պաշտպանության գործին, իսկ աղջիկները պիտի ընտանիք կազմեն միայն ծառայած տղաների հետ, քանի որ նրանք ավելի հասուն են, տղամարդկային, նվիրված, պատրաստ պաշտպանելու ընտանիքն ու հայրենիքը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ