«ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԵՄ, ԲԱՅՑ ՈՉ` ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴ»


ՀՀ ժողովրդական արտիստուհի, Մովսես Խորենացու մեդալակիր, ԱՐՏԻՍՏ մրցանակի դափնեկիր Ռոզա ՄԽԻԹԱՐՅԱՆԸ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի ավագագույն դերասանուհին է: Այս տարի իր հարազատ թատրոնի 80-ամյակի հետ ինքն էլ իր 80-ամյակն է նշում` տարիների բեռից իմաստնացած, իսկապես համաժողովր դական սիրո արժանացած: Մի առիթով ասաց. «Ես երջանիկ արվեստագետ եմ, բայց ոչ` երջանիկ մարդ»: Երջանիկ եղել է, սակայն կորցրել է երկու երիտասարդ որդիներին, վերջերս էլ ամուսնուն կորցրեց, ում հետ ապրել էր շուրջ վաթսուն տարի: Բայց իր մեջ ուժ է գտել ու բեմում մնացել: - Տիկին Ռոզա, դուք ծնունդով Շամշադինի Արծվաբերդ գյուղից եք: Հեռավոր այն տարիներին ինչո՞ւ հանկարծ որոշեցիք դերասանուհի դառնալ, երբ հավանաբար թատրոնի մասին էլ գրեթե պատկերացում չունեիք: - Հայրս, ով շատ լավ վարպետ էր, մի պատեֆոն էր գնել, որը դարձել էր գյուղացիների ուշադրության առարկան: Երեկոները հայրս պատեֆոնը դնում էր պատշգամբում ու ձայնապնակներով զբաղեցնում մեր պատշգամբի մոտ «համերգի եկած» համագյուղացիներին: Ես, որ իմ կյանքում միայն մեկ անգամ էի ներկայացում դիտել, դեռ շատ փոքր` ընկերակցում էի պատեֆոնին, խաղում բոլորի համար ինձ ծանոթ գրական ստեղծագործություններից հատվածներ: «Մարկոսի աղջկա թատրոնը»` այսպես էին գյուղում ասում ու ամեն երեկո գալիս մեր բակ... Երբ հայրս պատերազմ մեկնեց` ապսպրեց մորս, որ ամեն ինչ անի, որպեսզի ես դերասանուհի դառնամ: Ինչ-որ առեղծվածային բան կար, որ հեռու լինելով թատերական կյանքից` ես որոշել էի դերասանուհի դառնալ: Երբ հետո մեկնեցի Բաքու` հորեղբորս տանն ապրելու և այնտեղ ավարտելու միջնակարգ դպրոցը, արդեն սկսեցի հաճախել իսկական թատրոն, իսկական ներկայացումներ դիտել: Ու հետո արդեն ընդունվեցի Երևանի թատերական ինստիտուտ` ականավոր դերասան և մանկավարժ Վաղարշ Վաղարշյանի դասարան: Վաղարշյանը շատ էր ուզում, որ ես մնամ Երևանում, աշխատեմ Պարոնյանի անվան թատրոնում, որտեղից արդեն հրավեր ունեի: Սակայն կյանքն այնպես դասավորվեց, որ բուհն ավարտելուց հետո ամուսնուս հետ մեկնեցի Ռուսաստան, ուր մի քանի տարի մնացի, ապա բնակություն հաստատեցինք Վանաձորում, որն իմ ամենաիսկական ծննդավայրը դարձավ: - Գիտեմ, որ Մհեր Մկրտչյանի հետ նույն կուրսում եք սովորել: - Այո, Մհերը եկավ մեզ հետ սովորելու, երբ արդեն իր ծննդավայր Լենինականում անվանի դերասանի համարում ուներ: Նա և´ սովորում էր, և´ աշխատում Սունդուկյանի անվան թատրոնում: Բոլորիս համար ծանր ու դժվար օրեր էին, կիսաքաղց օրեր: Հանրակացարանում Մհերի հետ կիսում էինք մեր ուտելիքը, տնից ստացած լոբին խաշում էինք, ջուրն առանձին օգտագործում, հատիկներն` առանձին: Մհերը շատ նիհար էր, նրան լավ սնունդ էր հարկավոր, իսկ մեր ունեցածը լոբին էր միայն… Տասնամյակներ անց, երբ նա արդեն նշանավոր դերասան էր, եկավ Վանաձոր, միասին խաղացինք «Պաղտասար աղբար»-ում, ուր ես Սողոմեի դերակատարն էի: Ինձ թվում էր, թե տարիները հետ են գնացել, ու բեմում երկու ուսանողներն էինք: - Բեմ եք բարձրացել հայ թատրոնի այնպիսի նշանավոր վարպետների հետ, ինչպիսիք էին Գուրգեն Ջանիբեկյանը, Բաբկեն Ներսիսյանը, Խորեն Աբրահամյանը: Հե՞շտ էր նրանց խաղընկերը լինելը: - Գուրգեն Ջանիբեկյանի փառահեղ Մարգարի կողքին Նուբար եմ խաղացել` «Աշխարհն, այո, շուռ է եկել» ներկայացման մեջ: Սկզբում փոքր-ինչ քաշվում էի, ամաչում, բայց Ջանիբեկյանն ինձ ուժ տվեց: Առաջին ներկայացումն ավարտվելուց հետո` գրկեց, շնորհավորեց, ասաց, որ շատ լավն է իմ Նուբարը: Բաբկեն Ներսիսյանի և Խորեն Աբրահամյանի Պեպոների կողքին Շուշան եմ եղել: Ամենաբարձր գնահատականներն են տվել իմ կատարմանը, որոնց համար շատ շնորհակալ եմ: Այո, նրանց հետ հեշտ էր խաղալը, որովհետև զարմանալի ռիթմ էին հաղորդում, ստեղծում հրաշալի խաղընկերակցություն: Նրանք իսկապես մեծ արվեստագետներ էին, բացառիկ դերասաններ, նաև` հրաշալի մարդիկ: Արվեստագետի համար մարդ լինելն առաջին պայմանն է: Չար ու չկայացած մարդը չի կարող արվեստագետ լինել, իսկ ինձ պատահած մեր բեմի շատ մեծեր առաջին հերթին մարդ էին` իրենց մեծ հմայքով, մարդկային բարձր առաքինություններով: - Ձեր ողջ ստեղծագործական կյանքն անցել է Վանաձորում: Արդյո՞ք չեք տրտնջացել, որ մայրաքաղաքում չեք, ուշադրության կենտրոնում չեք: - Ուշադրության պակասից դժգոհելու առիթ չեմ ունեցել և չունեմ: Մեր թատրոնը միշտ էլ համարվել է հանրապետության լավագույն թատրոններից մեկը, իսկ 1990-ական թվականներին մեր թատրոնն էր աշխարհում ներկայացնում հայ ժամանակակից բեմարվեստը: Ժամանակի բոլոր նշանավոր թատերագետները` Ռուբեն Զարյանը, Լևոն Հախվերդյանը, Լուիզա Սամվելյանը, Բաբկեն Հարությունյանը, Սուրեն Հարությունյանը, մյուսները միշտ գալիս էին Վանաձոր, դիտում մեր ներկայացումները, գրում դրանց մասին: Ռուբեն Զարյանն ինստիտուտում իմ ուսուցիչն էր եղել, առանձնակի ուշադրությամբ էր հետևում իմ ստեղծագործությանը: Հիմա է, որ մենք սահմանաբաժան ենք քաշել մարզերի և մայրաքաղաքի միջև, անգամ ինչ-որ արհամարհանք կա մարզերում ապրողների նկատմամբ, մինչդեռ նախկինում ոչ ոք խտրական վերաբերմունք չուներ: Կարծում եմ, որ մարզերի հանդեպ պետք է հոգատար լինել, որովհետև մարզերն են սնում մայրաքաղաքը, մարզերում է պահպանվում ազգային կոլորիտը: Թատերական արվեստում մարզերը կարող են շատ մեծ ու օգտակար բան անել, միայն թե անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն: Ես սիրում եմ Վանաձորը, գիտեմ, որ Վանաձորում էլ ինձ են սիրում, ու միշտ մնացել եմ այստեղ, միշտ համոզված եմ եղել, որ այստեղ էլ կարժանանամ ուշադրության: Եվ արժանացել եմ: - Գիտեմ, որ Վանաձորը շատ լավ հանդիսատես ունի, ճաշակով: Հե՞շտ է, արդյոք, նրան բավարարելն ու նրա համակրանքին արժանանալը: - Իհարկե, հեշտ չէ: Խստապահանջ է վանաձորցին, որովհետև բարձր արվեստի դրսևորումներ շատ է տեսել: Մեր թատրոնն է հանդիսատեսին դարձրել խստապահանջ: Սոկրատ Աքմաքչյանի և Վահե Շահվերդյանի բեմադրությունները ձևավորեցին հանդիսատեսի ճաշակը, նրան հարկադրեցին հեռու մնալ ցածրաճաշակ իրողություններից: Առհասարակ, վանաձորցին վարժվել է, որ միշտ շփվի արվեստի ու գրականության լավագույն նմուշների հետ: Քաղաքն իսկապես արվեստի կենտրոն է դարձել, այն հրաշալի նկարիչներ ունի: Մեր ժամանակի լավագույն բանաստեղծներից մեկը` Հրաչյա Սարուխանը, Վանաձորում է ապրում, Վանաձորում է ապրում ժամանակակից հայ թատերգության ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկը` Սամվել Խալաթյանը: Մեր թատրոնը շատ լավ դերասանակազմ ունի, մեր շատ դերասանների ճանաչում են հանրապետությու նում: Վանաձորցին հպարտանում է, իսկ հպարտությունից էլ սերն է ծնվում: - Չեմ ուզում աննրբանկատ լինել ու նշել Ձեր տարիքը, բայց ուզում եմ հարցնել. Ի՞նչ եք զգում Ձեր հոբելյանի շեմին: - Ես կոկետություն չեմ սիրել երբեք և չեմ թաքցրել տարիքս: Այո, ութսուն տարեկան եմ: Շատ լավ տարիք է, մանավանդ որ ինձ այդքան չեմ զգում: Շարունակում եմ խաղալ թատրոնում: Եվ կխաղամ այնքան, քանի դեռ ուժերս ինձ չեն դավաճանել: Եթե բեմ չբարձրանամ, կդադարեմ ապրել: Ի՞նչ եմ զգում հոբելյանի շեմին… Մտովի վերապրում եմ անցած ճանապարհս, հիշում եմ զվարճալի դեպքեր, նաև ցավ ու տառապանքս եմ հիշում… Հիշում եմ, որ երբեմն նեղացրել են ինձ, ոչ միշտ եմ խաղացել այն դերերը, որոնք արդեն անդարձորեն հեռացած են ինձ համար: Հիշում եմ ստեղծագործական երջանիկ պահերը… Մի խոսքով, և´ ի մի եմ բերում ապրած կյանքս, և´ մտովի շնորհակալությունս եմ հայտնում բեմադրիչներին, խաղընկերներիս: Առաջին հերթին` հանդիսատեսին: Ես այն համոզումին եմ, որ տարիքի մասին երբեք չպետք է մոռանալ, բայց չպետք է կքվել տարիքի ծանրության տակ: Հենց որ տարիքն սկսեց իշխել քեզ` դու արդեն արվեստում անելիք չունես: Երբեմն տեսնում եմ երիտասարդ արվեստագետների, ովքեր խաղում են ծերունիների նման, փորձերի են գալիս ծերունիների պես: Հասկանում եմ, որ նրանք արդեն հոգնել են: Ես չեմ հոգնել: Երբ բեմ եմ բարձրանում` մոռանում եմ ամեն ինչի մասին: Ներկայացումից հետո գալիս եմ տուն, ուր հաճախ մենակ եմ լինում, նստում եմ ու մտորում… Այդ ժամանակ արդեն ես դերասանուհի չեմ, կին եմ, տատիկ: Այ, այդ ժամանակ տարիքս ինձ հետ է… - Շնորհավորելով Ձեզ` ծննդյան 80-ամյակի առթիվ, ես նաև փոխանցում եմ մեր ընթերցողների բարեմաղթանքները: - Ուրախ եմ, որ առաջինն ինձ «Ավանգարդ» թերթն է շնորհավորում: Այն մեր թերթն է, մեր երկրի թերթն է, որովհետև դիմացավ բոլոր փորձություններին և շարունակեց ապրել: Ես էլ թերթին եմ բարեմաղթանքներ հղում ու հայտարարում, որ միշտ մնացել եմ նրա ընթերցողներից մեկը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ