Գիտական սխալը ճակատագրական եղավ


2009¬ին իտալական Լ\'Ակուիլում տեղի ունեցած երկրաշարժը կանխագուշակել չկարողանալու համար գիտնականները կարող են դատական պատասխանատվության ենթարկվել` քաղաքացիների չկանխամտածված սպանության մեղադրանքով: 6,3 մագնիտուդով այդ երկրաշարժից ավելի քան 300 մարդ է զոհվել: Նախօրյակին, երբ աղետը կանխագուշակված էր, բնակչության կյանքի համար դրա վտանգի չափը հետազոտող կառավարական հանձնաժողովի 7 անդամները ժողովրդին հավաստիացրել են, թե անհանգստանալու առիթ չկա: Հիմա նախկին պաշտոնյա Բեռնարդ դը Բեռնարդինին և գիտնականներ Էնցո Բոսկին, Ջուլիո Սելվաջն ու Կլաուդիո Էվան դատարան կարող են կանչվել: Դատախազների գնահատմամբ` գիտնականները ոչ ճշգրիտ տեղեկատվություն են հաղորդել, ինչի պատճառով երկրաշարժի օրը բազմաթիվ քաղաքացիներ մնացել են տանը և զոհվել: Գիտական հանրությունը, իհարկե, դեմ է իշխանությունների նման որոշմանը և պաշտպանում են իրենց գործընկերներին: - Հիմնավորումները շատ թույլ են, և դրանց հիմքերը` ծայրահեղ խախուտ: Գիտությունը չի կարելի դատաքննության ենթարկել,¬ ասել է փաստաբան Ալֆրեդո Բյենդին: Թերևս, իսկապես չափազանցություն կլինի գիտնականների սխալը քրեական հանցագործություն դիտելը: Բայց այս նախադեպը գուցեև բարձրացնի նրանց պատասխանատվությունը` բոլոր երկրներում: Մանավանդ` բնական աղետներով հարուստ մեր ժամանակներում: