ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ
Թատերաբեմից և հեռուստասերիալներից հանրությանը հայտնի դերասանուհին` չնայած երիտասարդ տարիքին` արդեն վայելում է հանդիսատեսի համակրանքը: Անահիտը մեծ հպարտությամբ է խոսում Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հարազատ բեմում մարմնավորած իր կերպարների մասին: (Վարդիթեր` «Սոս և Վարդիթեր», Լուիզա` «Արտիստը», Արփեն` «Ինչպես կինը փախավ տնից» և այլն): Նորերս բեմադրված և ջերմ ընդունելության արժանացած Մ. Մեյոյի և Մ. Էնեկենի «Երջանիկ ավարտ» ներկայացման մեջ նա մարմնավորում էր մանկատան վարիչ միսիս Փետինկտոնի կերպարը: Նեկայացումը խորհրդանշական էր դերասանուհու համար` որպես առաջինը` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Ա. Մութաֆյանն «Արտիստ» և այլ մրցանակների դափնեկիր է, և դեռ խոստումնալից ճանապարհ ունի անցնելու: Իմ մանկության հեքիաթը ծնողներս էին… - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ես երևի երջանիկ մարդ եմ: Կյանքում չեմ հանդիպել շատ մեծ դժվարությունների: Ունեմ շատ լավ ծնողներ ու նրանց շնորհիվ հեռու եմ մնացել ամեն տեսակի դժվարություններից: Ամենադժվարը, թերևս, թատերագետ հայրիկիս համոզելն էր, որ դառնամ դերասանուհի: Մանկությանս ամենամեծ երազանքն էր: Եվ դա պայմանավորված էր նաև նրանով, որ մեծացել եմ թատերական մթնոլորտում: Մորական պապս ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Լևոն Աբրահամյանն էր, մորեղբայրս` Կարեն Աբրահամյանը` ռեժիսոր, հայրս` Լևոն Մութաֆյանը` թատերագետ: Ահա այս մթնոլորտում մեծանալով` իմ առջև այնպիսի հարց դրվեց, որ պետք է լրագրող դառնամ, ոչ թե դերասանուհի: Հայրս, մորեղբայրս դեմ էին: Երևի գիտեին, թե ինչ բարդ ճանապարհ է սպասվում: Բայց կարողացա համոզել, թեև մեծ դժվարությամբ: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: Հայի տեսակը` ըստ Ձեզ: - Կնախընտրեի` չլինել, եթե հայ չպիտի ծնվեի: Հպարտ եմ, որ հայ եմ: Ամեն տեղ մեծ հպարտությամբ եմ դա ասում: Երևի կրկին պիտի խոսեմ ընտանիքիս մասին: Ինձ դաստիարակել են որպես ճիշտ հայ, քաղաքացի: Իմ դաստիարակության մեջ շատ մեծ տեղ ունի նաև իմ վարպետը` Նիկոլայ Ծատուրյանը: Հանրապետության 20-ամյակի զորահանդեսից հետո ավելի մեծ հպարտությամբ եմ կրկնում, որ հայ եմ և ուրիշ ազգի ներկայացուցիչ չէի ցանկանա լինել: Հայն արդեն տեսակ է: Իսկ այդ տեսակի մասին խոսելիս` պիտի ասեմ միայն ամենալավն ու դրականը: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Առհասարակ, չեմ սիրում գաղտնիքներս բացահայտել: Շատ գաղտնապահ մարդ եմ: Բայց կուզենայի ասել այն, ինչ չեմ ասե` ուշացած խոստովանության նման: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել և մեծ սերս խոստովանել իմ բոլոր դասախոսներին, դաստիարակներին, ծնողներիս: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Ինձ համար ոչ թե դեռևս, այլ միշտ` կյանքը կմնա ամենամեծ առեղծվածը, որը յուրաքանչյուրս յուրովի փորձում ենք բացահայտել, բայց ոչինչ չի ստացվում: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: - Բացի թատրոններից, նկարահանվում եմ «Շանթ» հեռուստաընկերության «Անուրջներ» հեռուստասերիալում: Օրերս նստած էի Օպերայի տարածքում գտնվող սրճարաններց մեկում: Մի երիտասարդ մոտեցավ: Ներկայացավ որպես հեռուստասերիալի ռեժիսոր, ապա տեղեկացրեց, որ իմ արտաքինը համապատասխանում է իրենց նոր կերպարին և հրավիրեց այդ կերպարը մարմնավորելու: Ես դեռ չէի հասցրել ասել, որ արդեն նկարահանվում եմ, նա ներկայացավ. «Անուրջներ» սերիալի ռեժիսորն էր: Մի պահ զայրացա, բայց զավեշտալի էր: Թող բոլորը զգուշանան այդպիսի ռեժիսորներից: Հատկապես իմ սերնդակից աղջիկներին եմ խոսքս ուղղում: Այդպիսի դեպքերը հաճախակի են լինում, եթե հասարակության թեկուզ մի հատվածը ճանաչում է: Եվ քանի որ խոսեցի սերիալի մասին, կցանկանայի ընդգծել` շատ ուրախ եմ, որ հատկապես «Շանթի» հետ եմ աշխատում: Միևնույն ժամանակ ցավում եմ, որ մեր ազգը թատրոն չի հաճախում: Նախկինում թատրոնով էին ճանաչում դերասանին: Հիմա սերիալով: Չնայած սերիալը վատ բան չէ, բայց կցանկանայի, որ թատրոն հաճախեն: Թող այս խոսքս որպես կոչ հնչի: Մենք թատերասեր ազգ ենք եղել, կցանկանայի, որ այդ ավանդույթը վերահաստատվեր: Ուզում եմ խոսել իմ ամենասիրելի` Գյումրու հանդիսատեսի մասին: Հիանալի հանդիսատես ունենք` այնքան խիստ, անկեղծ: Ներկայացումը չսիրելու դեպքում կարող են այն դեռ չավարտված` հեռանալ: Այնքան մեծ է պատասխանատվության զգացումը, որ ջանքեր չենք խնայում գոհացնելու մեր հանդիսատեսին: - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ: - Շատ ծանր, ցավալի, բայց նաև հաճելի հուշեր ունեմ մանկությանս հետ կապված: 5 տարեկանում թրատվեց մանկությունս: 1988 թվական, ավերիչ երկրաշարժ ու մինչ օրս ուղեկցող դառը հիշողություններ: Մանկապարտեզում էինք` դահլիճում, պատրաստվում էինք Նոր տարվա հանդեսին: Մեզ դուրս տարան մանկապարտեզից: Աչքերիս առաջ փլվեց դիմացի շենքը: Հորեղբայրս եկավ, որ ինձ տանի: Հիշում եմ` երբ անցնում էինք իմ սիրելի «Մանկական աշխարհ» խանութի մոտով, տեսանք երկրաշարժի զոհերի մարմինները: Ես, իհարկե հետո եմ հասկացել: Հորեղբայրս ասաց, որ նրանք քնած են, ես էլ հանգիստ անցնում էի նրանց մոտով… : Հիմա քաղաքը վերակառուցվել է, գեղեցկացել: Բայց երբ անցնում եմ այդ ճանապարհով, հիշում եմ այն սարսափելի օրը: Ծնողներս ամեն ինչ արեցին, որ մանկության հեքիաթը չփշրվի իմ մեջ: Հետո սկսվեց պատերազմը: Իմ մանկության հեքիաթը ծնողներս էին, ես ուրիշ հեքիաթ չեմ հիշում: Հիշում եմ` ամբողջ օրը մեր տան ռադիոյի ձայնը ցածրացրած էր, քանի որ պատերազմի մասին լուրեր էին հաղորդուն: Ժամը 6-ին հաղորդում կար եզդիների համար: Ես մեծ հրճվանքով պարում էի այդ երգերի ներքո: Պատերազմի, համատարած մթության մեջ մայրս ու հայրս, երգարանը բացած, երգում էին ինձ համար: Ուզում եմ պատմել մի գեղեցիկ հուշ, որ միշտ ապրում է: Երկրաշարժից առաջ տոնածառի խաղալիքների փայտե արկղ ունեինք: Դա իմ բեմն էր: Պապիկի պահարանը թաքուն բացում, հանում էի մեդալները, ամրացնում հագուստիս և բեմի վրա կանգնելով` ելույթ ունենում: