ՏԿԱՐԱՑԱՐ, ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ


Որքան էլ տարածուն դառնա քաղաքակրթությունը, միևնույն է` մարդիկ շարունակում են ընդօրինակել միմյանց` նախապատվությունը տալով մերժելի սովորույթներին: Եվ դրա պատճառը միայն այն չէ, որ վատը, փնովելին հեշտորեն են յուրացվում: Ոչ էլ այն, որ տարատեսակ «ոչ ավանդականությունը» աղմկարարությամբ մեծ ինքնագովազդ է ապահովում: Գլխավոր պատճառը ու եթե կուզեք` ամենամերժելին մտավորականության կրավորական կեցվածքն է: Ու ոչ միայն մեր երկրում:

Թեև մեզանում ևս դա արդարանալի չէ, սակայն ինչ-որ կիսաբերան պատճառաբանություններ արտաբերվում են, որոնք ընդհանուր ձևակերպմամբ «թարգմանվում» է, թե սոցիալական ծանր պայմանները մտավորականին ստիպում են կախված մնալ ունևորների բարեհաճությունից: Ասել կուզի` հաճոյանալ նրանց ու ինչ-որ «հոնորարներ» ակնկալել: Մի դեպքում` քննադատական խոսք չասելու, մեկ այլ դեպքում` օլիգարխաց գովքը երգելու, նրանց պատվերները կատարելու համար: Ասում են` գնալով ավելի դժվար է դառնում վճարովի նման «պատվերներ» կորզելը, և դժվար է ասել` հաճկատարների բանա՞կն է մեծացել, թե փողի դեզերն են շա˜տ բարձրացել ու դրանց վրա կանգնածներն այլևս ներքևում ոչ մեկի չեն նկատում: Ու ոչ մեկը չի բարձրաձայնում. իսկ ճշմարիտ մտավորականն ինչո՞ւ է այս վիճակում: Դրա պատճառներն էլ դժվար չէ թվարկել. արդար ճանապարհով միլիոններ-միլիարդներ չես դիզի, իսկ մտավորականը ո´չ բռունցքներով կարող է ուրիշի բերանից հաց խլել, ոչ էլ արմունկներով ձեռնամարտի մեջ մտնել: Դե, իսկ արժանապատվության մասին չխոսենք. մեր ժամանակներում դա ամենավատ խորհրդատուն է, ամենաանհուսալի ուղեկիցը, որից ավա˜ղ չես կարող հրաժարվել, զի այն քեզ տրվում է գենետիկորեն:

Հաճախ ենք ասում ու նույնքան հաճախ էլ լսում ենք ուրիշներից, որ մեր ժողովուրդը համախմբվել չի´ սիրում, միասնական լինել չի´ կարողանում: Արդյո՞ք դրա մեղավորը մեր մտավորականները չեն. այդ նրա´նք չեն կարողանում միասնական լինել և առաջնորդել ժողովրդին:

Ադրբեջանական վերջին ստահակությունները հակառակն ապացուցեցին. Հայոց բանակն ու ժողովուրդը մեկեն միակամվեց, մեկեն արթնացավ խիզախության ոգին: Հայ զինվորներն ու սպաները` Բանակի ղեկավարության հետ ելուզակներին նորից հիշեցրին մեր անպարտելիության մասին:

Եվ նրանց համախմբողն այս անգամ Բանակն էր. օրհնվի նրա գոյությունը:

Իսկ երբ լռեցին դիպուկահարներն ու տանկերի հռնդյունը, մինչ այդ իրենց գոյությունը մոռացրած որոշ այրեր դեպի սահմաններ շտապեցին: Հա˜, զինվորական համազգեստներո˜վ. խաղաղված մարտադաշտում լուսանկարվելով տարիներ հետո հեքիաթասաց քեռիները ի˜նչ սխրանքներ կվերագրեն իրենց:

Այո, արտաքին վտանգի պահին ժողովուրդը կարողանում է միաբանվել, իսկ ներքին վայրիվերումների դեմ ո՞վ պետք է առաջնորդի հանրությանը: Ո՞վ, եթե ոչ` մտավորականությունը: Թող ներվի հռետորական հարցասիրությունս` իսկ ունե՞նք մենք այնպիսի մտավորականներ, ովքեր կհանդգնեն հենց իրենց այսքան խեղճացրածների դեմ ընդվզել: Ընդվզել, պայքարել ասվածների ընկալումն էլ է փոխվել` նույնացվելով հայհոյախոսության հետ: Իսկ իշխանություններին փնովելն այսօր համարձակության չափանիշ է: Մինչդեռ իր երկրի ճակատագրով մտահոգ մտավորականությունը կհուշեր, որ դժգոհությունն ու չարախոսությունը պահանջատիրություն չէ: Մեր պարագայում դա պահանջասիրություն է, թերևս:

Ի դեպ, հանրություն բառը գրելիս հիշեցի, որ նույնանուն մի կառույց ունենք` Հանրային խորհուրդ: Հասկանալի է, այն իշխանական լծակներ չունի, խորհրդատվական մարմին է: Բայց ամրագրվել է, թե ՀԽ-ի «հիմնական նպատակն է հնարավորություն տալ հասարակությանը` ազդել իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա, իսկ իշխանությանը` իր գործողություններն ուղղորդել հասարակության պահանջներին համընթաց»: Քանի՞ մատ կարող ենք ծալել` այս ձևակերպմանը համահունչ քայլեր թվարկելու համար: Ավելին, ավելի հոգեցունց տող էլ կա` «Այն ստեղծվեց ի նպաստ երկրի ներքաղաքական համերաշխության և քաղաքացիական հասարակության ձևավորմանը...»:

Կա Հանրային խորհուրդ չկա Հանրային խորհուրդ: Այս նախադասության մեջ կետադրական նշանների տեղը ոչ մի կերպ չհաջողվեց գտնել: Դիցուք` շեշտը կամ հարցական նշանը «կա» բառի վրա՞ պետք է դրվեր, թե՞ «չկա»-ի: Այս պարագայում քերականական գիտելիքները չօգնեցին:

Ի դեպ, այդ Խորհրդում մտավորականներ են հավաքված. քիչ թե շատ ճանաչում ունեցողներ: Հանրությունն էլ վերջին տարիներին տարբեր հարցերով փորձեց իր կարծիքն ու ցանկությունները լսելի դարձնել իշխանություններին: Լսելի դարձրեց, քաղաքացիական հասարակություն էլ ձևավորվեց, բայց ՀԽ-ի գոյության իմաստը այդպես էլ անմեկնելի մնաց:

Ո՞ւր եք, մտավորականներ, ինչո՞ւ ժողովրդի կողքին չեք ու ժողովրդից այնքան եք բացակայել, որ մոռացրել եք ձեր գոյությունը: Հասարակությունն իշխանությունների ու մանավանդ պետության թշնամին չէ, ոչ էլ` իշխանությունները ժողովրդի: Բայց երբեմն իշխանություն-ժողովուրդ երկխոսության չկայանալու մեղավորը հենց այն անհատները չե՞ն, ովքեր հեղինակություն կարող էին ունենալ, ովքեր հանրության ձայնը կարող էին դառնալ: Այդ դեպքում իր ձայնը լսելի դարձնել ցանկացող բազմությունը որպես ամբոխ չէր դիտվի: 1988-ին սկիզբ առած մեր ազգային զարթոնքը վկա. մեկտեղվել էինք ազգովի, հոծ զանգվածները ընդվզում ու պահանջում էին օրնիբուն, բայց անձնական վիրավորանքները, հայհոյախոսությունը վտարված էին բոլոր հարթակներից: Իսկ մտավորականներն իրենք էին գնում բարձրաստիճան պաշտոնյաների մոտ` որպես ձայն բազմացի խոսափող: Ու ոչ ոք չէր կասկածում, որ նրանք կարող են ասելիք խեղաթյուրել կամ առիթն օգտագործել` այդ պաշտոնյաներին անձնական հարցեր առաջադրելու:

Այո´, մտավորականությունը դավաճանեց նախ իր կոչմանը, ապա` ժողովրդին: Դավաճանեց` իր բարգավաճումը նախընտրելով, քաղաքականության պղտոր ալիքներին անձնատուր լինելով, իրեն խորթ ալիքների հոսանքներին տրվելով: Կարթնանա՞ն ի վերջո: Ո՞վ գիտե: Ո՞վ գիտե, թե ինչ թմբիր է նրանց պատել...

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Մտավորական ասելով նկատի չունենք սոսկ դիպլոմավորներին և ոչ էլ նույնիսկ լավագույն կրթություն ստացած մասնագետներին: Փառք Աստծո, խելացի ու գրագետ անհատների պակաս երբեք չի եղել մեզանում: Այսօր էլ շիտակությունը կենսակերպ դարձրած շատ մտավորականներ կան, ում ձայնը սակայն լսելի չէ լայն զանգվածներին: Խոսքը այն անհատների մասին է, ովքեր որոշակի ճանաչում ունեն, վաստակ են ունեցել և հարգանք վայելել: Նրանց խոսքը լսելի կլիներ թե´ «վերևիններին» ու թե´ «ներքևիններին»: Բայց կապող կամուրջ դառնալու փոխարեն նախընտրեցին իրենց ճանաչումն ու վաստակը ծառայեցնել միայն սեփական կենցաղային բարեկեցությանը: Ավա˜ղ, և ափսո´ս: