Իրանը հերթական անգամ օգնության հասավ


2013թ., երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել էր Երևան, հայտարարեց, որ նպատակահարմար չէ կառուցել Հայաստան-Իրան երկաթգիծը և այդքանով փակեց թեման: Մինչդեռ Հայաստանի համար այդ երկաթգծի շահավետության մասին մեզանում շատ երկար ժամանակ էին խոսում: Միանշանակ էր, որ Հայաստանը Իրանի հետ կապող երկաթգիծը վերջ կդներ մեր երկրի շրջափակմանը` նպաստելով նրա զարգացմանը: Սակայն դա չէր բխում մեր ռազմավարական գործընկերոջ շահերից, որոնք ինչպես միշտ հակասության մեջ են եղել մեր ազգային-պետական շահերի հետ:

Ըստ էության, Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան էլ առաջին հերթին ապահովում է Իրանից Հայաստանի մեկուսացումը: Եվ ահա, վերջերս Հայաստանի կառավարությունն իր մեջ ուժ գտնելով` հակառակ Մոսկվայի սպասելիքներին, որպես լիարժեք անկախ երկրի կառավարություն, հաստատել է Հայաստան-Իրան երկաթգծի նախագիծը: Դա նշանակում է, որ կարծես գտնվել է նաև շինարարության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հայթայթելու ճանապարհը: Երկաթուղին Հայաստանի տարածքում կազմելու է մոտ 360 կմ` Մեղրիից մինչև Սևանի մոտ գտնվող Գագարին քաղաք: Ֆինանսավորման 60 տոկոսը կապահովի Չինաստանը:

Կարևոր է նշել, որ այդ երկաթուղին ապահովելու է Իրանից Հայաստանով Վրաստան և Եվրոպա իրանական նավթի մատակարարումը: Հենց սկզբից էլ նախատեսվում էր Հայաստանով իրանական նավթի տրանզիտը, ինչը Ռուսաստանի նախագահը աննպատակահարմար էր համարել: Սակայն տեսնելով, որ Իրանը պնդում է Հայաստանը իրանական էներգատարների համար տրանզիտի տարբերակը, ու հավանաբար դրա դեմն առնելու հնարավորություն չունենալու պատճառով ստիպված էր համաձայնել: Բնականաբար` «շատ լուրջ» մի պայմանով, որ իրանական նավթից նաև ինքը կարողանա օգտվել: Մոսկվայում կազմված ռուս-իրանական համաձայնագրով Իրանը Ռուսաստանին պետք է վաճառեր տարեկան 25 մլն տոննա նավթ, սակայն Իրանը Իրան չէր լինի, եթե այդ համաձայնությունը չփոխվեր: Այժմ այդ 25 մլնը 10 անգամ պակասել է: Ընդհանրապես Թեհրանը մտադիր չէ Մոսկվային միակողմանի զիջումներ անել և Ռուսաստանին բաժին կհանի իր էներգակիրներից միայն այն դեպքում, եթե վերջինս համաձայնի Հայաստանի տարածքը որպես տրանզիտ օգտագործել իրանական էներգակիրները Եվրոպա հասցնելու համար: Ինչպես երևում է, ճիշտ է այն ասույթը, թե ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում, և հարկավոր է պարզապես լավատես լինել ու մի փոքր համբերել: Այսօր կարծես նոր հորիզոններ են բացվում մեր երկրի համար` մեր անմիջական հարևանի շնորհիվ մեր շրջափակումը մոտենում է իր ավարտին, բացվում են աշխարհի հետ կապող ճանապարհները: Այսպիսի զարգացումների պարագայում վաղը-մյուս օրն էլ Ռուսաստանը հավանաբար կզգա Հայաստանում իր գոյության անիմաստ լինելը: Կամ Հայաստանին կվերաբերվի որպես իրավահավասար գործընկերոջ:

Ա. Դ.