Միայն ժողովուրդն է կարող իրավիճակ փոխել


- Ես ամեն օր աղոթում եմ Աստծուն, որ Տերը Հայաստանը չավիրի Սոդոմ ու Գոմորի պես,- ասում է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս ԳԻՄԻՇՅԱՆԸ: Ստորև նրա հետ հարցազրույցն է` Հայաստանում նախապատրաստվող սահմանադրական բարեփոխումների մասին:

Ձեր կարծիքով մեզանում նախապատրաստվող սահմանադրական բարեփոխումներին ինչո՞ւ չի նկատվում ժողովրդական լայն շրջանակների ակտիվություն, ինչպես առաջին երկու սահմանադրությունների ընդունման ժամանակ էր: Արդյո՞ք դրա հասարակական պատվերն է բացակայում:

- Սահմանադրությունը մասնագետների, ակտիվ խմբերի, Հասարակական, քաղաքական կառույցների քննարկման խնդիր է: Ես չեմ գտնում, որ Սահմանադրությունը պետք է ժողովրդի հետ քննարկել: Մեզանում չի ձևավորվել այնպիսի ավանդույթ, որ Սահմանադրությունը ինչ-որ լուծումներ տա լուրջ խնդիրների, ու ժողովուրդը դրա շնորհիվ շահեկան իրավիճակում հայտնվի: Այդ իսկ պատճառով չկա այդպիսի հասարակական պատվեր և չի էլ կարող լինել:

Լավ, բայց կրկնեմ` առաջին Սահմանադրությունների ընդունման դեպքում այնուամենայնիվ ինչ-որ հետաքրքրություն նկատվում էր, մարդիկ քննարկում էին:

Առաջինի դպքում` այո, հետաքրքրություն կար, որովհետև առաջին անգամ էինք ընդունում: Երկրորդի դեպքում էլ ինչ-որ աշխուժություն նկատվեց: Բայց երկրորդի փոփոխություններն այնպես անցկացրեցին, որ ժողովուրդը հիասթափվեց. հասարակության 95 տոկոսը ակնհայտ դեմ էր փոփոխություններին: Դրանից հետո ժողովրդի վերաբերմունքն էլ Սահմանադրությանը դարձավ ակնհայտ վատ, բացասական ու թերահավատ: Կյանքը ցույց տվեց, որ Սահմանադրությունը երբեք ժողովրդի շահերը չի պաշտպանում. ով ինչպես ուզում է, այնպես էլ մեկնաբանում է. այստեղից է բխում վերաբերմունքը Սահմանադրության նկատմամբ:

Այսօր այնուամենայնիվ ինչ-որ բանավեճ կարծես նկատվում է: Ընդդիմադիր համարվող քաղաքական ուժերը պնդում են, որ սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, որ այդպիսով մեր քաղաքացու կյանքում որևէ դրական փոփոխություն չի լինի: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

- Ճիշտ են ասում: Որքան հասկանում եմ` խոսքն այսպես ասած, քառյակի մասին է, որը ոչ իշխանական է ինքն իրեն կոչում: Իսկապես այսօր քաղաքական օրակարգում դրա կարիքը չկա, որովհետև նախ եթե գոնե այս կեղծված Սահմանադրության շրջանակում գործի իշխանությունը, բազմաթիվ հարցեր կլուծվեն:

Այսօր իշխանությունը չի հերքում, որ մեզանում առկա է և´ կոռուպցիան, և´ կաշառակերությունը, և´ տնտեսության մեջ կործանարար ստվերը, անարդարությունը, բայց այդ ամենի դեմ արդյունավետ պայքարի համար մեզ նոր, բարեփոխված Սահմանադրություն է անհրաժեշտ:

- Սահմանադրությունը փաստաթուղթ է, որտեղ գրվածները կյանքի են կոչում մարդիկ, պաշտոնյաները: Եթե իրենք չեն ուզում դրանք կյանքի կոչել, ինչ ուզում ես գրի, ո՞վ պետք է նրանց ձեռքը բռնի, դատարա՞նը, որ իրենց ձեռքի խաղալիքն է, Վերահսկիչ պալա՞տը, թե՞ ոստիկանությունն ու դատախազությունը...

- Գուցե վերամբարձ հնչի, բայց նման դեպքերում ասում են` ժողովուրդը:

- Ժողովո՞ւրդը: Այո, ժողովուրդը կարող է, եթե համախմբվի և եթե խելացի, բարոյական առաջնորդներ ունենա: Այսինքն, եթե քաղաքական վերնախավը բարոյական լինի և ժողովրդի հետ մինչև վերջ պայքարի, ոչ թե ինչ-որ խաղեր տա` ելնելով իր անձնական շահերից:

Դա մեր ազգային հիվանդության մասին եք ակնարկում. արդեն առավել քան 20 տարի է` մենք առաջնորդ ու փրկիչ ենք փնտրում:

Չէ, փրկիչ չի կարող լինել, փրկիչը ժողովուրդն է` միասնաբար: Միայն ժողովուրդն է կարող երկրում իրավիճակ փոխել:

Մեր զրույցից հասկանում եմ, որ ողջ խնդիրը քաղաքական կամք կոչվածն է: Օրինակ Իսրայելն ու Անգլիան Սահմանադրություն չունեն, բայց երկու երկրներն էլ զարգացվածության առումով համեմատության եզր իսկ չունեն Հայաստանի հետ. այնտեղ քաղաքական կամք կա` ճիշտ ապրելու համար:

- Սահմանադրությունը կայունություն է բերում, բայց կան երկրներ, որոնք օրենքը հարգում են, և այն ճշմարտությունները, որոնք ակնհայտ են, շաբաթը մեկ փոփոխությունների չեն ենթարկվում: Սահմանադրական այն փոփոխությունները, որ առաջարկվում են, ընդհանրապես պետք չեն հասարակությանը: Իսկ ընդհանրապես` Սահմանադրությունը բարեփոխման կարիք ունի: Առաջարկվող փոփոխությունները մանրամասն նայել եմ. այնտեղ միայն մեկ դրական բան կա: Այն է, որ ժողովուրդն իրավունք ունենա սեփական նախաձեռնությամբ հանրաքվե անցկացնել: Այդ դրույթը ընդունել, նշանակում է` իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Բայց չեմ հավատում, որ դա այդպես կմնա. վաղը կարող են ձևակերպել, թե ժողովուրդը դրա իրավունքն ունի, եթե հարցը վերաբերում է բանանին կամ դրա նման մի բանի, բայց ոչ պառլամենտը լուծարելուն, ոչ էլ նախագահին հետ կանչելուն...

Մեր զրույցը ինձ հիշեցրեց աստվածաշնչյան մի պատմություն, երբ Աստված տեսնելով, որ այլևս ճար չկա, ստիպված կործանում, աշխարհի երեսից անհետ ջնջում է մեղքերի մեջ թաղված Սոդոմ և Գոմոր քաղաքները :

- Միշտ հիշելով Աստվածաշնչի այդ հատվածը, ես աղոթում եմ` Տեր Աստված, ուժ տուր հայ ժողովրդին, և մեր երկրում թող միշտ լինեն այն հինգ ընտանիքը, որոնք ճիշտ են ապրում, որ երբեք Հայաստանը Սոդոմ-Գոմորի չվերածես:

- Այստեղ ասում են` Ամեն: Շնորհակալ եմ զրույցի համար:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ