Գրավեցին, տիրացան, հաստատվում են


Արմատական իսլամիստական «Բոկո հարամ» խմբավորումն օրերս հայտարարեց «իսլամական պետության» ստեղծման մասին` իր գրոհայինների կողմից վերահսկվող` Նիգերիայի հյուսիս-արևելյան տարածքներում:

Գվոզա քաղաքը զավթելու առնչությամբ տեսահոլովակով դիմելով իրենց զինակիցներին, խմբավորման առաջնորդ Աբուբակար Շեքաուն հայտարարել է, որ այնտեղ հիմնվելու է խալիֆայություն: Սակայն դեռևս անհայտ է, թե այս նորագոյացությունն ի՞նչ հարաբերություններ է ունենալու Իրաքի և Սիրիայի տարածքներում «Իսլամական պետություն» խմբավորման հայտարարած խալիֆայությունների հետ:

«Բոկո հարամի» գրոհայինները ռազմական ակտիվ գործողություններ են ծավալել 2009 թվականից` Նիգերիայի տարածքում, իսլամական խալիֆայություն ստեղծելու նպատակով: Խմբավորման անվանումը բառացի թարգմանությամբ նշանակում է «արևմտյան կրթությունն արգելված է»: Այս ընթացքում երկրի հյուսիս-արևելքում նրանց մղած մարտերի ընթացքում հազարավոր մարդիկ են զոհվել: Նրանք հարձակումներ են կազմակերպել նույնիսկ ոստիկանության տեղամասերի, ՄԱԿ-ի շտաբ-բնակարանի վրա: Ընդհանուր առմամբ նրանց բախումներից տուժել է 3 միլիոն մարդ:

Գվոզա քաղաքում, որի բնակչությունը 265 հազար է, նրանք քաղաքի ղեկավար Էմիրի պալատի վրա բարձրացրել են իրենց դրոշը:

Անցյալ շաբաթ «Բոկո հարամի» գրոհայինները հարձակվել էին Լիման Կարայում գտնվող ոստիկանության ակադեմիայի վրա, որի 35 կադետներ առ այսօր համարվում են անհետ կորած:

Անցյալ տարի Նիգերիան արտակարգ դրություն էր մտցրել հյուսիս-արևելյան 3 շրջաններում, իսկ Միացյալ Նահանգները խմբավորումը հայտարարել էր ահաբեկչա կան: Սակայն արևմտյան արժեքների դեմ պայքարող այս իսլամիստները նպատակասլացորեն հետամուտ են իրենց ծրագրերի իրագործմանը: